[ARM]     [RUS]     [ENG]

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ԵԿԱՄՏԱԲԵՐ Է, ՍԱԿԱՅՆ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԷԼ ՇԱՏ ԵՆ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Վերջին տարիներին գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ շատացել են, քանի որ պետությունը նրանց մեծ աջակցություն է ցուցաբերում։ Սակայն կան անհատներ, ովքեր վաղուց են գործնեություն ծավալել այդ ոլորտում և  այսօր էլ ամուր դիրքեր ունեն  ոլորտի շուկայում։  Նրանցից մեկն էլ Հադրութի շրջանի Տող գյուղի բնակիչ Դարվին Ավանեսյանն  է։ Ստորև ներկայացրած հարցազրույցում նա պատմում է, թե ինչո՞ւ սկսեց զբաղվել այդ գործով, ի՞նչ դժվարությունների է բախվում ու հաղթահարում։

-Պարոն Ավանեսյան, ինչո՞ւ որոշեցիք զբաղվել այս բավականին դժվար գործով և քանի՞ տարի է, ինչ ասպարեզում եք։

-Երբ պատերազմն ավարտվեց, և ես զորացրվեցի, վերադարձա, ինչպես ասում են՝ ի շրջանս յուր։ Խորհրդային տարիներին Տողի խորտնտեսության /սովխոզի/ գլխավոր ինժեներն էի, և հողագործության հետ կապը մեծ էր։ Տնտեսությունը տեխնիկա շատ ուներ։ Հեկտարներով հող էինք մշակում։ Այնպես որ՝ գործը ինձ լավ ծանոթ էր։ Երբ սեփականաշնորհման գործընթացը սկսվեց, արագ կոմնորոշվեցի ու որոշեցի սեփական հողերի վրա հացահատիկային կուլտուրաների աճեցմամբ զբաղվել։ Նաև բանջարա-բոստանային կուլտուրաներ էի աճեցնում։ Այդ տարիներին ահագին կարտոֆիլ, սիսեռ, ձմերուկ էի աճեցնում։ Օրինակ, մի տարի սիսեռ էի աճեցրել, հաջորդ տարի այդ նույն հողում ցորեն էի վարել և մեկ հեկտարից 40 ցենտներ բերք ստացել։ Ընդհանրապես, երբ ցանքաշրջանառությունը պահպանում ես, լավ բերք ես ստանում, եթե, իհարկե, եղանակը չի խանգարում, լուրջ վնասներ չի պատճառում։

-Այն ժամանակ հեկտարից 40ց ստանալը մե՞ծ ցուցանիշ էր։

-Հիմա էլ է մեծ ցուցանիշ։

-Բայց վերջին տարիներին հեկտարից 50, 60, անգամ 80ց ստացած բերքի մասին են խոսում։

-Հնարավոր է, եթե ջրովի դաշտեր են։ Բայց մեր հանրապետությունում ոռոգման հողեր շատ քիչ կան։ Անջրդի հողերի վրա հեկտարից 40ց ստանալը շատ լավ ցուցանիշ է։ Հիմնականում, մեկ հեկտարից 20ց են ստանում։

-Բայց ցածր բերքատվության պատճառը ո՞րն է՝ վատ մշակու՞մը թե՞ ագրոտեխնիկական նորմերը, միջոցառումները ժամանակին չկատարելը։

-Չէ, հողագործները հիմնականում լավ են մշակում և ագրոտեխնիկական բոլոր միջոցառումները ժամանակին կատարում են։ Պարզապես եղանակային պայմանների ազդեցությունն է մեծ։ Օրինակ, հարթավայրային հողերում երաշտի պատճառով է ցածր բերք ստացվում, իսկ ավելի բարձր գոտիներում՝ կարկուտի, ցրտահարության պատճառով։ Անշուշտ, ոռոգման դեպքում այդ հողերից իսկապես բարձր բերք կարելի է ստանալ, եթե, իհարկե, բոլոր ագրոտեխնիկական միջոցառումները կատարվում են, նորմերը պահպանվում, և, ամենակարևորը, ցանքաշրջանառության կանոնները պահպանվում։ Նույն հողում պետք է փոխես կուլտուրան՝ ցորեն, սիսեռ, կտվհատ, գարի։ Հիմա այդ ամենը ավելի հեշտ է իրականացնել, քանի որ պետությունն աջակցում է։ Սերմեր է տրամադրում, փոքր տոկոսով վարկեր, ցածր գներով պարարտանյութ և այլն։

-Անձամբ Դուք օգտվու՞մ եք պետական այդ ծրագրերից։

-Այո, ես էլ եմ օգտվում։

-Իսկ մինչ այդ Դու՞ք էիք հոգում բոլոր այդ խնդիրները։

-Այո, ինքս էի լուծում իմ խնդիրները։ Ասեմ, որ այդ ծրագրերն արդն երկու տարի գործում են։ Ճիշտն ասած, ես ՄՏԿ ունեմ։ 2015 թվականին պետության որոշմամբ Հադրութի գյուղատնտեսության աջակցման հիմանդրամի տեխնիկան սեփականաշնորհվեց, և տեխնիկայի ողջ քանակը կիսվեց իմ և Ուխտաձորից մի հողագործի միջև։ Ունեմ 3 կոմբայն, 4 տրակտոր՝ իր բոլոր լրացուցիչ ագրեգատներով։ Այդ տեխնիկայով ոչ միայն իմ հողերն եմ մշակում, այլև օգնում եմ մյուս հողագործներին։ Կապ չունի՝ ով քանի հեկտար հող ունի։ Նրանք դիմում են ինձ, գների վերաբերյալ պայմանավորվածություն ենք ձեռք բերում և աշխատանքի անցնում։ Կան մարդիկ, ովքեր ունեն մեկական տեխնիկա, բայց հիմնականում հոգագործների մեծ մասը տեխնիկա չունի։ Ինքս մշակում եմ մի 40 հեկտար հող՝ թե սեփական և թե վարձակալմամբ։ Համաձայն եմ, շատ չէ, բայց ես այդքան եմ կարողանում մշակել։

-Այս տարի բերքատվությունն ինչպիսի՞ն կլինի։ Կվնասեն՞ վերջին ձյան առատ տեղումները։

-Չեմ կարծում, քանի որ գիշերները խիստ ցրտեր տեղի չունեցան։ Կարծում եմ, այս տարի եղանակը բարենպաստ է հողագործության համար։ Խոնավություն կա, իսկ եթե մայիսին էլ առատ անձրևներ լինեն ու կարկուտ չլինի, լավ բերք կստանանք։

-Նոր տեխնիկա կարողանո՞ւմ եք գնել։

-Ոչ, շատ թանկ է։ Հնարավոր է ձեռքբերել միայն լիզինգով, և, թեկուզ ցածր տոկոսով, մեծ գումարներ են պետք։ Օրինակ, 2015-ին սեփականաշնորհած տեխնիկան, թեկուզ անտոկոս եմ ձեռք բերել, բայց դեռ շարունակում եմ մայր գումարը մարել։ Եվ դա էլ է մեծ դժվարությամբ ստացվում, քանի որ եղանակը հաճախ է փչացնում բերքը, և պահեստամասերի համար էլ մեծ գումարներ եմ ծախսում։

-Պարոն Ավանեսյան, այդքան դժվարություններով հանդերձ, կարելի՞ է ասել, որ հողագործությունը եկամտաբեր գործ է, ուստի՝ հորդորել մարդկանց, հատկապես՝ երիտասարդներին, հողագործությամբ զբաղվել։

-Հողագործությունը եկամտաբեր է, բայց խնդիրներն էլ են շատ։ Եթե կարևոր խնդիրները՝ ոռոգումը, նոր, ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումը լուծվեն, անշուշտ, խորհուրդ կտայի զբաղվել հողագործությամբ։ 20 տարուց ավելի է, ինչ զբաղվում եմ այդ գործով։ Անշուշտ, եկամուտ ունենում եմ, սակայն դա հազիվ է հերիքում ընտանիքիս կարիքները հոգալ, ինչ-որ խնդիրներ լուծել։

-Գյուղատնտեսության ոլորտում ո՞ր ճյուղն է ավելի եկամտաբեր է։

-Խորհուրդ կտայի անասնաբուծությամբ զբաղվել. պահելով առնվազն 20-30 գլուխ խոշոր և մի 100 գլուխ մանր եղջերավոր անասուններ։ Ճիշտ է, դա էլ է դժվար, աշխատատար։ Պետք է անասունները տարին երկու անգամ տեղափոխել, լավ գոմ ունենալ՝ ձմեռելու համար, սարերում արոտավայրեր՝ ամռան տոթին կենդանիներին այնտեղ պահելու։ Դժվար գործ է, բայց՝ ավելի եկամտաբեր՝ կարկուտից չի վախենում, երաշտից էլ, սելավներից էլ։ Պարզապես ողջ ուժերդ պետք է ներդնես ժամանակին տեղափոխելու, սրսկումներն իրականացնելու, ի վերջո, առողջ պահելու։ Երիտասարդներին խորհուրդ կտամ զբաղվել և հողագործությամբ, և անասնաբուծությամբ։ Այսինքն՝ ցորեն, այլ հացահատիկայիններ վարել, որ անասուններին ապահովեն սեփական արտադրության կերով, որի գնումն, իմիջայլոց, շատ ավելի թանկ է։ Մի խոսքով, խորհուրդ կտայի զբաղվել և հողագործությամբ, և անասնաբուծությամբ, և այգեգործությամբ։ Բոլոր այդ ոլորտներում էլ հնարավոր է եկամուտ ստանալ՝ ընտանիքի կարիքները հոգալու, և առաջընթաց ապահովելու համար։