[ARM]     [RUS]     [ENG]

Խ. Գալստյան. «Խորհուրդ եմ տալիս բոլորին շատ հող մշակել և հնարավորինս տարբեր մշակաբույսեր ցանել»

Նոր կորոնավիրուսի հետևանքով հնարավոր տնտեսական բացասական ազդեցությունների մեղմման նպատակով Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը ներկայացրել է մի շարք միջոցառումներ:

Միջոցառումների հիմնական մասը գործել են նաև նախկինում, այժմ ավելացել է տրամադրող օգնության չափը կամ ընդլայնվել են ծրագրերը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Շահումյանի շրջանի վարչակազմի աշխատակազմի գյուղատնտեսության և հողօգտագործման բաժնի վարիչ Խաչիկ Գալստյանը, քանի որ շրջանում մեծ հողատարածքներով կարտոֆիլ կամ լոբի չի մշակվում, ինչպես նաև` չկան ոռոգման կաթիլային համակարգով մշակվող տնկարաններ, Շահումյանի շրջանն առաջարկվող որոշ ծրագրերի համար հայտատուներ չունի:

Փոխարենը՝ շրջանն օգտվում է Արցախի Հանրապետության շրջանների բարձրադիր գոտում պտղատու այգիների հիմնադրման նպատակով հողօգտագործողներին  խնձորենու, տանձենու, կեռասենու, սև սալորենու, տխլենու, ընկուզենու, հոնենու և մի շարք այլ ծառատեսակների տնկիների անհատույց տրամադրման ծրագրից: Նշենք, որ ծրագիրը նախատեսված է 0.5-10 հեկտար հողատարածքների մշակման համար, և այս տարի շրջանից ծրագրին դիմել են մոտ 30 բնակիչներ` Ակնաբերդ, Դադիվանք, Նոր Էրքեջ, Քարվաճառ և այլ համայքներից.

«Այս տնկիները կստանանք աշնանը: Գարնանացանի համար ևս բնակիչներին անհատույց տրամադրվել են մի շարք մշակաբույսերի, ինչպես, օրինակ, սոյայի, եգիպտացորենի, կորնգանի, ոլոռի, արևածաղիկի սերմեր:  Հայտ ներկայացրած բնակիչների մի մասն արդեն ստացել է սերմերը, մյուսներն էլ առաջիկայում կստանան»,- նշեց Խաչիկ Գալստայնն ու հավելեց, որ գարնանացանը շրջանում ընթացքի մեջ է. եղանակային պայմանները գարնանացանի համար առայժմ նպաստավոր են: Վերջին օրերին տեղացած թեթև ձյունը չի վնասել բողբոջած ծառերը, ցանած մշակաբույսերին ևս վտանգ չի սպառնում:

Անդրադառնալով համավարակի հնարավոր տնտեսական ազդեցություններին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ հայտնի չէ, թե այս իրավիճակը որքան կշարունակվի, և հետագայում ներկրման ինչ խնդիրներ կլինեն: «Այդ պատճառով խորհուրդ եմ տալիս բոլոր բնակիչներին՝ շատ հող մշակել և հնարավորինս տարբեր մշակաբույսեր ցանել», ամփոփեց շրջանի գլխավոր գյուղատնտեսը:

 

Թամար Գրիգորյան

ք. Քարվաճառ