[ARM]     [RUS]     [ENG]

Համավարակի հետևանքները. ի՞նչ ազդեցություն է կրում փոքր բիզնեսը

Թամար Գրիգորյան

ք. Քարվաճառ

 Քարվաճառ քաղաքի բնակիչ Նարեկ Գալստյանը 2018 թվականի օգոստոս ամսից սկսել էր զբաղվել փոքր բիզնեսով` թռչնաբուծությամբ:

Բիզնես ծրագրի հիմնական նպատակը Քարվաճառում, Շահումյանի շրջանում և ամբողջ Արցախում լորի  մսի վաճառքն էր: Գործն սկսելու առաջին օրերից  հիմնական խնդիրը արտադրանքի սպառումն էր: Վերջին մեկ ամսվա ընթացքում այն այնքան է խորացել, որ գործն այս պահին դադարեցված է:

«Չնայած սրանից արդեն մեկ ամիս առաջ նվազեցրել էի արտադրությունը` ցածր պահանջարկի պատճառով, իսկ ստեղծված նոր իրավիճակում, երբ հասարակական սննդի գրեթե ոչ մի կետ չի աշխատում, և պահանջարկի ավելացման հնարավորություն չկա, դադարեցրել եմ արտադրությունը, -մեզ հետ զրույցում նշեց Նարեկ Գալստյանը:- Մոտ մեկ ամիս առաջ մոտավորապես 300 լոր էի մորթել, պահեստավորել: Միսը քիչ-քիչ վաճառել եմ»:

Նարեկ Գալստյանը, սակայն, վերջնականապես չի հրաժարվել լորի մսի արտադրության մտքից. սա համարում է ժամանակավոր դադար: 

«Սարքավորումներ կան, տարածք կա, համավարակով պայմանավորված իրավիճակի հաղթահարումից հետո նորից գործընկերներ եմ փնտրելու` պայմանագրով աշխատելու համար»: Եթե մի քանի ռեստորան ու հյուրանոց համաձայնեն պայմանագրով աշխատել, ինքը վստահ կլինի կայուն պահանջարկի հարցում, գործը կվերսկսի:

Բիզնեսի զարգացմանը մեծապես աջակցել է ԱՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղի և գյուղատնտեսության աջակցման հիմնադրամը` ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկ տրամադրելով:

Համավարակի  տարածման կանխարգելմանն ուղղված սահմանափակող քայլերի հետևանքով ծանր իրավիճակում հայտնված փոքր բիզնեսին աջակցելու` ԱՀ կառավարության կողմից իրականացվող միջոցառումներին ծանոթ չէ:

Նշենք, որ օրերս կայացած ասուլիսի ժամանակ ԱՀ պետնախարար, պարետ Գրիգորի Մարտիրոսյանը, պատասխանելով տնտեսության տուժած ոլորտներին տրամադրվող օժանդակության մասին հարցին, ընդգծել էր, որ փոքր և միջին բիզնեսին հասցված վնասը կվերլուծվի, կքննարկվի, և ըստ այդմ վնասի մեղմմանն ուղղված ծրագրեր կներկայացվեն: