[ARM]     [RUS]     [ENG]

Պարենային անվտանգություն. պատասխանատուները հանդես եկան առցանց ասուլիսով

Սրբուհի Վանյան

 Մարտի  21-ին  Արցախի Հանրապետության գյուղատնտեսության  փոխնախարարներ Վիլեն Ավետիսյանն ու Համլետ Ապրեսյանը տվել են առցանց ասուլիս՝ պարենային անվտանգության թեմայով:

Լրագրողները հնարավորություն են ունեցել իրենց հարցերն ուղարկել նախօրոք՝ Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջին կամ Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ էլեկտրոնային փոստի հասցեին:

Ասուլիսը հեռարձակվել է նաև  Արցախի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերով և Տեղեկատվական շտաբի ֆեյսբուքյան էջով:

Առաջին հարցը բուսաբուծության թեմայով էր.  մարդկանց հետաքրքրում է հացի խնդիրը՝ եթե պանդեմիան շարունակվի: Վ. Ավետիսյանը ներկայացրել է  աշնանացանի ցուցանիշները, նշելով, որ  ապրիլի 21-ի դրությամբ առկա է շուրջ 71 հազար հա աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքս, որից 33 հազար հա-ն ցորեն է, 68 հազարը՝ գարի: Այս տարի 2019-ի համեմատ աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքսերը  6000 հա-ով ավելի են:

Մոտ 10 հազար հա գարնանացան է կատարվել Արցախում,  և դա դեռ ամենը չէ՝ գարնանացանի գործընթացը շարունակվում է, և  կհասցվի 23 հազար հա-ի:

Բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի շրջանակներում հողօգտագործողների աջակցության համար մշակվել են  ճկուն մեխանիզմներ՝ երկու ուղղվածությամբ. այգեգործություն և դաշտավարություն:  Անվճար հիմունքներով տրամադրվում են 11 տեսակի գարնանացան մշակաբույսերի սերմեր, պարարտանյութ: Աջակցություն է տրամադրվում բանջարաբոստանային կուլտուրաներով և ծխախոտագորոծությամբ զբաղվող  տնտեսվարողներին: Այգեգործության ոլորտում աջակցությունը կատարվում է փուլային եղանակով: Առաջին փուլում,  գարնանը, տրամադրվում են  նռան տնկիներ։ Այսօրվա դրությամբ  104 հա-ի համար արդեն տրամադրվել է:  Երկրորդ փուլում, արդեն աշնանը,  այլ տեսակների պտղատու տնկիներ են տրամադրվելու:   Որպես հողօգտագործողների առջև դրվող պայման՝  պետք է ապահովվի  նվազագույնը 0,5 հա,  ծովի մակերևույթից 500-900մ բարձրության վրա   գտնվող տարածք, ունենա  ոռոգման ջուր: 900 մ-ից բարձրի դեպքում ոռոգման ջրի անհրաժեշտություն չկա:

Գյուղնախարարությունը,  համաճարակային իրավիճակով պայմանավորված, ևս որոշակի աջակցություն է նախատեսել հողօգտագործողներին:  Վ. Ավետիսյանի տեղեկատվությամբ՝ բուսաբուծության ոլորտում դրանք չորսն են:

 ՙԲանջարաբուծությամբ զբաղվողներին նախորդ տարի  մեկ հա-ի դիմաց տրամադրվել է 200 հազար դրամ աջակցություն, իսկ կարտոֆիլի համար առանձին՝ 150 հազար դրամ: Այս տարի այն հասցվել է 300 հազար դրամի՝ ծրագրում ներառելով նաև լոբու մշակությունը՚,- ասել է նա՝ ներկայացնելով նաև  ջեռուցվող ջերմատներին  տրամադրվող աջակցության ձևը. ՙ1 քառ.մ-ի համար տրամադրվում էր 200 դրամ կամ 1 հա-ի դիմաց՝ 2 մլն դրամ աջակցություն: Կար սահմանափակում. նվազագույնը պետք էր ունենալ 135 քառ.մ տարածք: Հիմա,  ելնելով իրավիճակից, այդ ծրագիրը նույնպես վերանայվել է, և նվազագույն չափը դարձվել է 100 քառ./մ: Ավելացվել է չջեռուցվող ջերմոցների աջակցության ծրագիրը՝ 1 քառ./մ-ի համար տրամադրելով 200 դրամ կամ 1 հա-ի դիմաց՝ 2 մլն դրամ, իսկ ջեռուցվողներինը կրկնապատկվել է՝ հասցվելով 4 մլն դրամի՚:

Ի դեպ, հողօգտագործողներն այս տարի ավելի ակտիվ են աշխատում՝ օգտագործելով պարարտանյութեր, բույսերի պաշտպանության այլ միջոցներ, ինչը մեծացնում է բարձր բերքատվության հնարավորությունները՝ եթե բնական աղետները չխոչընդոտեն:

Ակնկալել  բարձր բերք, առանց ոռոգման ոլորտում համապատասխան աշխատանքների՝ հնարավոր չէ, և   այդ գծով փոխնախարար Հ. Ապրեսյանն անդրադարձել է այդ ուղղությամբ կատարվող աշխատանքներին:  Նրա տեղեկատվությամբ՝ գերատեսչությունը շարունակում է ոռոգման համակարգերի արդիականացման գործընթացը.  ոռոգման ենթակառուցվածքների հիմնանորոգման և արդիականացման նպատակով ԱՀ պետական բյուջեից բավականին միջոցներ են հատկացվել՝ հրատապ խնդիրները լուծելու նպատակով::

ՙՎերջին տասնամյակում ԱՀ պետբյուջեի միջոցներից մի քանի միլիարդ ՀՀ դրամ է ուղղվել ոռոգման համակարգերի զարգացմանը, վերագործարկվել է 3 ջրամբար, կառուցվել են նոր ջրանցքներ և պոմպակայաններ, հորատվել կամ վերականգնվել են 70-ից ավելի խորքային հորեր: Ծրագրերը շարունակական  են,  և յուրաքանչյուր տարվա բյուջեով նախատեսվում են ռեսուրսներ ներգրավել  տարբեր ծրագրեր կյանքի կոչելու համար,-ասել է նա:- Յուրաքանչյուր վերականգնված կամ նոր հորատված հոր կահավորվում է կաթիլային կամ անձրևացման համակարգով: 2020 թ. ապրիլի 20-ի դրությամբ բավարարվել է արդեն 158 դիմում՝ 2138.14 հա համար: Հատկացված գումարը կազմում է 3,264.7 մլն: Անձրևացման համակարգի տեղադրման նպատակով բավարարվել է 5 հայտ՝ 408.58 հա տարածքի ոռոգման համար՚:

Հ. Ապրեսյանը նշել է, որ 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ, ոռոգման նպատակով շահագործվում են 82 պետական սեփականություն հանդիսացող  խորքային հորեր: Ինքնահոս եղանակով 2019 թվականին փաստացի ոռոգվել է 6350 հա հողատարածք::

Հարցեր են հնչել վերամշակող արտադրության կազմակերպման, ՀՀ հետ համագործակցության, պարենային շուկայում գների կարգավորման մեխանիզմների, առկա գյուղտեխնիկայի վերաբերյալ:

Արցախի տեղեկատվական շտաբը, ինչպես նշել են կազմակերպիչները, շարունակելու է այս ձևաչափով ասուլիսների կազմակերպումը՝ պանդեմիայի կանխարգելման շրջանակներում  պետական ծրագրերի վերաբերյալ  հանրությանը համապարփակ տեղեկատվություն տրամադրելու նկատառումներից ելնելով: