[ARM]     [RUS]     [ENG]

՛՛ՈՉ ՄԻ ԳՈՐԾԻՑ ՉԵՄ ԽՈՒՍԱՓՈՒՄ՛՛

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 Հադրութի շրջանի Տող գուղի բնակիչներ  Ալեքսանդր, Արամ, Ռոբերտ Պողոսյան եղբայրները վաղուց են զբաղվում և՜ հողագործությամբ, և՜ անսնապահությամբ։ Եղբայրների ուսումը բարձր դասարաններում համընկել է Արցախյան շարժման և դրան հետևած պատերազմի հետ։ Ալեքսանդրն ու Ռոբերտը մասնակցել են Արցախյան պատերազմին։ 1993-ի թեժ մարտերից մեկում վիրավորվեց Ալեքսանդրը։ Եղբայրներից ամենափոքրը՝ Արամը, ուսումն ավարտեց, երբ ավարտվեց պատերազմը։ Լավ սովորող աշակերտների շարքում էր։ Բայց ինչ-ինչ պատճառներով չշարունակեց ուսումը բարձրագույն կամ միջին մասնագիտական հաստատություններում։ Ծառայեց բանակում։ Երբ վերադարձավ, շատ չերկմտեց. ընդունեց ընտանիքի որոշումը՝ զբաղվել գյուղատնտեսությամբ։

1998-ից Պողոսյան եղբայրները սկսեցին զբաղվել հողագործությամբ։ Ճիշտ է, զրոյից չեն սկսել, պատմում է Արամը, հայրն արդեն մի քանի գյուղտեխնիկա  ուներ՝ կոմբայն, տրակտոր և այլն։ Մշակում են, ընդհանուր առմամբ, մոտ 100 հեկտար հող։ Հողերն այդ անջրդի են, բայց կարողանում են միջին բերքատվություն ապահովել։ Հետագայում եղբայրները հանգեցին այն որոշման, որ, ապահովված լինելով հացահատիկայինների մշտական պաշարով, արժե զբաղվել է նաև անասնապահությամբ։ Հիմնեցին նաև ֆերմա՝ խոշոր եղջերավորների համար։

Այսօրվա դրությամբ, տեղեկացնում է Արամը,  ունեն մոտ 150 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Ֆերման լավ եկամուտ է բերում։ Բայց նաև ափսոսանքով փաստում է, որ եկամուտն ավելի մեծ կլիներ, եթե կարողանային նաև կաթ արտադրել։ Իմ զարմանքը նկատելով, նա բացատրեց. <<Ոչ մեր գյուղում, ոչ էլ հարևան գյուղերում, չենք կարողանում գտնել գոնե մեկ կթվորուհի։ Ասում ենք, որ պատրաստ ենք վճարել 150 000 դրամ մաքուր աշխատավարձ, բայց ոչ ոք չի գալիս։ Մոտ 30 կթու կով ունենք։ Մի քանիսը ես եմ կթում՝ տան  կաթնամթերքի կարիքները բավարարելու>>։ Գուցե դժվար գործ է, որ կանայք խուսափում են. ենթադրություն եմ անում ես։ Արամը ժպտում է. չէ, դժվար գործ չէ, հատկապես, որ այդ աշխատանքը պետք է կատարել առավոտյան՝ 1-2 ժամ և երեկոյան՝ նույնպես։ Զարմանքս էլ ավելի մեծացավ։ Բայց փաստը մնում էր փաստ՝ ֆերման չունի կթվոր, որ կաթ ստանա, հանձնի գործարանին, եկամտի ևս մեկ աղբյուր ապահովի։ Փաստորեն՝ գյուղում գործ կա, աշխատող չկա։ Ա¯յ քեզ բացահայտում։

<<Ոչ մի գործից չեմ խուսափում, չեմ զլանում,- ասում է Արամը։- Պատրաստ եմ զբաղվել ցանկացած գործով>>։ Եվ նա թվարկում է, թե ինչ է անում, երբ ազատ է հիմնական անելիքներից։ Առավոտյան բազմաքանակ հնդկահավերին 1 ժամով տանում է արածեցնելու, նույնն էլ՝ երեկոյան։ Օղի թորելու ժամանակ դրանով է զբաղվում։ Խաղողի այգիներ չունեն, բայց խաղող են գնում, գինի պատրաստում։ Տնամերձ այգին է խնամում, բանջարաբոստանային կուլտուրաներ է մշակում։ Հատուկ սիրով է խոսում մեղվաբուծության մասին։ Անթաքույց հպարտությամբ է պատմում, թե ինչ որակներ ունի իր ստացած մեղրը։ Պատմում է, թե ինչպես 2 տարի առաջ առաջին անգամ սիսեռ է ցանել։ Հարուստ բերք է ստացել՝ 500 կգ։ Բերքի մեծ մասն արդեն իրացրել է, հույս ունի, որ մնացածն էլ կիրացվի։ Չէ՞ որ սիսեռը սննդարար ու օգտավետ մթերք է, հավելում է նա։ Նաև մեծ քանակով խոզեր են պահում։ Եկամտաբեր գործ է, հաստատում է նա, բայց շուկայից շատ է կախված։ Եթե պահանջարկը նվազում է, և ժամանակին չես կարողանում անհրաժեշտ քաշ վերցրած խոզը հանձնել մսավաճառին, ավելորդ քաշ է վերցնում, ճարպակալում։ Քաշը մեծ է, միսը՝ քիչ, ճարպն էլ մսավաճառը չի վերցնում, գործից արդեն վնասով ես դուրս գալիս։ Եվ այսպես՝ կլոր տարին նա դադար չունի։

Հացահատիկայինների համար (իսկ եղբայրները հիմնականում ցանում են ցորեն ու գարի) տարին նպաստավոր է, իր գնահատականն է տալիս 42-ամյա հողագործը։ Թեկուզ հարթավայրերում անձրևներ քիչ են տեղում, բայց բարձր գոտիներում առատ տեղումներից առաջացած խոնավությունն էլ է ազդում ցածր գոտիների դաշտերի վրա։ Եթե կարկուտը չխանգարի, լավ բերք է սպասվում։ Իսկ հացահատիկայինների պարագայում բերքի իրացման հարցում խնդիրներ չունեն, քանի որ ստացած բերքը միանքամից հանձնում են ենթաշրջանում գործող ալրաղացի արտադրամասի պահեստներ, իսկ գումարը ստանում անհրաժեշտ ժամանակ։

Գյուղատնտեսությանը աջակցող պետական ծրագրերից օգտվում են, հաստատում է հողագործը՝ լավորակ ցորենի սերմացու, ավելի էժան պարարտանյութ ձեռքբերելու հարցում։ Անասունների համար պատվաստանյութերը ժամանակին ու անվճար են ստանում։ Սիսեռ ցանելու համար սերմացու ձեռք բերեց էլի զեղչով։ Անշուշտ, դա օգնում է էլ ավելի հաջող իրականացնել բոլոր անհրաժեշտ աշխատանքները։

Արամին վերջին ու կարևոր հարցն եմ տալիս. երիտասարդ գյուղացուն ի՞նչ խորհուրդ կտա, ո՞ր ոլորտում իրեն կարող է հաջողությամբ դրսևորել։ Փոքր-ինչ մտահոգվեց, խորասուցվեց մտքերի մեջ, երևի, վերհիշելով անցած տարիներն ու ասաց. <<Հողագործությունը դժվար գործ է՝ կապված բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրների հետ։ Խորհուրդ չէի տա։ Բայց անասնաբուծությամբ արժե զբաղվել, հատկապես՝ խոշոր եղջերավորների, քանզի դրանց խնամքը շատ ջանքեր չի պահանջում։ Խորհուրդ կտայի խաղողագործությամբ, այգեգործությամբ զբաղվել։ Բայց անսնապահությունը եկամտաբեր է և, ինչն էլ կարևոր է, նախնական մեծ բազա  ու շատ խնամք չի պահանջում։ Կարելի փոքր քանակից սկսել, ոտքի կանգնել, ապա՝ ընդլայնել գործունեությունը>>։

Արամի մեծ ու ընդարձակ, հարմարավետ ու ժամանակակից պայմաններով կահավորված տնից ես հեռանում եմ մի լուսավոր զգացումով։ Ի դեպ, իր տունը՝ առաջին քարից մինչև վերջինը, Արամը կառուցել է սեփական ձեռքերով, անշուշտ՝ հարազատների օգնությամբ։

Արամի նման մարդիկ քիչ չեն մեր գյուղերում։ Նրանք սիրում են հողը, ողջ ուժով մշակում այն, նոր տներ կառուցում, ապահով ու ամուր պահում և՜  սեփական ընտանիքը, և՜ երկիրը։