ՓՈՐՁՆԱԿԱՆ ՓՈՒԼՈՒՄ՝ ՏՊԱՎՈՐԻՉ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
Արցախում արդեն սկսվել է քարածխի հանքի շահագործումը: Գործի պատասխանատուները դեռ չեն շտապում վերջնական թվեր բարձրաձայնել, բայց անգամ առաջին, դեռևս փորձնական փուլում, արձանագրվել են տպավորիչ արդյունքներ։
Հանքավայրը Մարտակերտի շրջանում է գտնվում, Մաղավուզում: Դեռ խորհրդային իշխանության վերջին տարիներին են այդ տարածքներում հետախուզական աշխատանքներ իրականացվել: Հաստատվել է, որ այնտեղ քարածխի որոշակի պաշարներ կան: Ուսումնասիրություններն այստեղ վերսկսվել են մեկ տարի առաջ, 2011 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին: Տարեսկզբից սկսվեցին հանքավայրի շահագործման նախապատրաստական աշխատանքները: Իսկ այս օրերին արդեն քարածխի առաջին տոննաներն են արտահանվում` առայժմ` Հայաստանի Հանրապետություն: Օգոստոսի վերջին նախատեսվում է օրվա կտրվածքով 1000 տոնա քարածուխ արտահանել: ՙՍրանք, անշուշտ, վերջնական թվեր չեն,- տեղեկացնում է հանքի շահագործմամբ զբաղվող ՙԷներգիա պլյուս՚ ընկերության տնօրեն Գագիկ Ներսիսյանը:- Ամենայն հավանականությամբ` ավելի ուշ այդ ծավալները գրեթե կկրկնապատկվեն՚:
Ընկերության տնօրենի լավատեսությունը հիմքեր ունի: Հանքավայրը մոտավորապես 14 քառակուսի կիլոմետր տարածք է զբաղեցնում. առայժմ միայն 30 հեկտարում են ուսումնասիրություններն ավարտվել, եւ արդեն կարող են 3,5-4 միլիոն տոննա պաշար հաստատել: Մինչեւ տարեվերջ աշխատանքներ կտարվեն ոչ միայն ծավալներն ավելացնելու, այլեւ արտադրանքի որակը բարելավելու ուղղությամբ: ՙԱռայժմ պարզապես հանքանյութն ենք միանգամից արտահանում, սակայն ապագայում այն կարտահանենք նախնական վերամշակումից հետո միայն,-առաջիկա ծրագրերը մասամբ գաղտնազերծում է Գագիկ Ներսիսյանը:- Այդ նպատակի համար արդեն այս տարվա հոկտեմբերին պատրաստ կլինի քարածխի հարստացման, մաքրման ֆաբրիկան՚: Արդյունքում` Արցախից կսկսեն մաքրված եւ հարստացված ածուխ արտահանել: Քարածուխը Դրմբոն-Սոդք ճանապարհով է Հայաստանի Հանրապետություն հասցվելու, ինչը յուրօրինակ քննություն է դառնալու նորակառույց ճանապարհի համար: Գործին արդեն նաեւ հայաստանյան կազմակերպություններ են կցվել` նոր եւ հզոր տեխնիկայով: Հզորությունն այստեղ, իսկապես, ավելորդ չէ: Նախատեսվում է մոտ ապագայում քարածխի արտահանման տարեկան ծավալները հասցնել 800 հազար տոննայի:
Բնապահպանական խնդիրների մասով եւս Գագիկ Ներսիսյանը մտավախություններ չունի: Գործընթացն առաջ է տարվում համապատասխան կառույցի վերահսկողության տակ: Մյուս կողմից էլ` քարածխի հանքավայրի շահագործման արդյունքում վտանգավոր թափոններ չեն առաջանում։
Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ