Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԸ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՏՆԻ ԿԴԱՌՆԱ ՆԱԵՎ ԻՐ ԳԻՆԻՆԵՐՈՎ

slide_3_1_.jpgՇուշիում վերջերս հաճելի իրողություններ են տեղի ունենում, ինչը փաստում է, որ  հայոց հնամյա բերդաքաղաքում կյանքն օրեցօր աշխուժանում, նոր թափ է ստանում։
Սեպտեմբերի 29-ին այստեղ՝ Շուշիի զբոսաշրջության վարչության շենքում կայացած երեկոյի առիթն իր ձևով և բովանդակությամբ նորություն էր ոչ միայն տեղաբնակների, այլև Արցախի համար. տեղի ունեցավ նորաստեղծ ՙՇուշվա՚ ՍՊ տուրիստական ընկերության և ՙԳինու տուր՚ ծրագրի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, կազմակերպության ստեղծմանն աջակցած կառույցների ներկայացուցիչներ, հյուրեր։   
Ներկաներին առաջինը ողջունեց ղարաբաղցի այան՝ իր թոռներ¬ծոռներով՝ ողջ գերդաստանով։ Ավանդական զուռնա-դհոլով, երգ-երաժշտությամբ սկսված միջոցառմանը մի առանձին շուք հաղորդեցին ազգային կոլորիտ ստեղծող կահ-կարասին, ուտեստները։ Իսկ  արցախցի երգիչներն իրենց կատարումներով հաճելի պահեր պարգևեցին շնորհանդեսի մասնակիցներին։ ՙՇուշվա՚ զբոսաշրջային ընկերության առաքելությունը, ինչպես տեղեկացվեց երեկոյի ընթացքում, Արցախն իր ողջ հմայքով աշխարհին ներկայացնելն է։ Մինչ հիշարժան օրը ընկերությունը շոշափելի աշխատանք է տարել՝ ստեղծելով իր վեբ-կայքը և օրվա միջոցառումը, կարելի է ասել, նաև վերջինիս շնորհանդեսին էր նվիրված։ Կայքում տեղադրված են ՙՇուշվա՚ փաթեթները՝ ՙԷկո տուր՚, ՙՔրիստոնյա Ղարաբաղ՚, ՙՁկնորսություն՚, ՙԸնկերական՚, ՙՂարաբաղն իր ողջ հմայքով՚ և ՙԸնտանեկան՚։ Այս ամենի հանրագումարում Արցախը հավուր պատշաճի կներկայացվի աշխարհին։
Հաշվի առնելով, որ դեռ անհիշելի ժամանակներից Արցախի համար առանձնահատուկ այցեքարտ էին նրա տնական գինիները, ՙՇուշվա՚ զբոսաշրջային կազմակերպությունը որոշել է հետայսու ի թիվս այլ տուրերի՝ ներկայացնել նաև մեր հնամենի, ազգային կոլորիտով հագեցած  ավանդույթները, որոնց անդրադառնալիս, անշուշտ, չի կարելի շրջանցել աշխարհով մեկ փառաբանված արցախյան հյուրընկալության կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ մեր տարատեսակ ու անուշահամ գինիները։ Այսուհետ այստեղ՝ զբոսաշրջության վարչության  համտեսի  կենտրոնում, կկազմակերպվեն նաև գինու տուրեր։ 
ՙՇուշվա՚ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն Առնակ Ավետիքյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, քաջատեղյակ է գինու առանձնահատկություններին ու նրա օգտակարությանը։ ՙԳինին ամբողջ աշխարհում տարածված և մարդկությանը հայտնի ամենահին խմիչքներից է,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Ա. Ավետիքյանը։ - Ավանդական խաղողի գինին դարերի ընթացքում մեծ համբավ  ուներ և ամենատարբեր առիթներով իր շուրջը համախմբել էր մարդկանց։ Հարյուրամյակներ  շարունակ լավ գինին արցախցու սեղանի զարդն էր հանդիսանում։ Իրեն հարգող արցախցին անպայման պետք է մառան ունենար և իր իսկ ձեռքով պատրաստած գինիների հարուստ  տեսականի՝ պատվարժան հյուրերին հյուրասիրելու և զարմացնելու համար՚։
Հիրավի, հայերն աշխարհում առաջիններից էին, ովքեր զբաղվել են գինու արտադրությամբ։ Խաղողի վազերը, գինով լի կճուճները, խաղողի կախանները միշտ հայկական զարդանախշերի մաս են կազմել։ Գինին հայերին ուղեկցում էր ամբողջ կյանքում՝ նույնիսկ ազգային ծեսերի ժամանակ։ Արցախյան գինիները եզակիորեն առանձնացվում են հայկական արտադրանքի այլ գինիներից՝ շնորհիվ մեղմ բնակլիմայական պայմանների և Արցախում աճող խաղողի տեսակների մեջ շաքարի բարձր տոկոսի պարունակության։ Գինեգործները խաղողի այն տեսակներն են տնկում, որոնք կլիմայի նկատմամբ առավել մեծ դիմացկունություն ունեն։
ՙՄեր խորին համոզմամբ՝ Արցախն ունի միջազգային շուկայում նաև իր գինիներով ինտեգրվելու հնարավորություն ու պատշաճ ներուժ։ Ուստի, որպես արցախյան գինիների եռանդուն գովազդող, Լեռնային Ղարաբաղում կազմակերպում ենք գինու տուրեր, որով նպատակ ունենք բացահայտել այս լեռնաշխարհի թաքնված լեգենդը՚,- ասաց Առնակ Ավետիքյանը։ 
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պետի խոսքերով՝ գինիների տուրերի հիմնադրումը մեծ կռվան է Ղարաբաղում զբոսաշրջության զարգացման համար։ ՙԵս կարծում եմ՝ դա կնպաստի հանրապետությունում ոլորտի զարգացմանը։ Ողջունում և շնորհավորում եմ նորաստեղծ ընկերությանը, որի մոտ  այսպիսի գաղափար է հղացել։ Անշուշտ, մենք նախապես դրա շուրջ երկարատև քննարկումներ ենք ունեցել և եկել այն համոզման, որ գաղափարն իրատեսական է։ Ղարաբաղում կազմակերպելով նաև գինու տուրեր՝  Արցախը կսկսի հայտնի դառնալ աշխարհին ոչ միայն իր պատմամշակութային արժեքներով, այլ նաև իր հոյակապ գինիներով՚,- ասաց Սերգեյ Շահվերդյանը։
ՙՇուշվա՚ տուրիստական կազմակերպության տնօրենությունն իր երախտագիտությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր աջակցել են ընկերության կայացմանը, մասնավորապես՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը,  ՙԳեոդեզիա՚ ՊՈԱԿ-ին և Ստեփանակերտի կոնյակի գործարանին, ՙԱրցախ բրենդի կոմպանիին՚ և ՙԱնուշ-1՚ ՍՊԸ-ին։  
 
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ