Logo
Print this page

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՈՏ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի մոտ մարտի 28-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի գործունեությանը եւ հանրապետության հարավային շրջաններում ռազմավարական նշանակություն ունեցող սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացման խնդիրներին:

 

Օրակարգի առաջին հարցի շուրջ զեկույցով հանդես է եկել կառույցի ղեկավար Լեւոն Գրիգորյանը: Նախագահ Սահակյանը իր խոսքում ընդգծել է, որ հատուկ ուշադրության կենտրոնում պետք է լինեն հողաշինարարության պատշաճ կազմակերպման, հողերի նպատակային նշանակության պահպանման ու էֆեկտիվ օգտագործման հարցերը` հավելելով, որ դրանցից մեծապես կախված է հանրապետության տնտեսության տարբեր ճյուղերում, մասնավորապես, գյուղատնտեսությունում նախատեսված միջոցառումների հաջող իրականացումը:

Անդրադառնալով հանրապետության հարավային շրջանների զարգացման խնդիրներին` երկրի ղեկավարը հատուկ կարեւորել է այնտեղ համապատասխան կայանի հիմնադրումը, որը կծառայի որպես ենթակառուցվածքային հանգուցակետ` իր մեջ ներառելով բոլոր անհրաժեշտ տեխնիկական եւ սոցիալական բաղադրամասերը:

Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին քննարկված խնդիրների պատշաճ իրականացման ուղղությամբ:

            Խորհրդակցությանը ներկա էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.