comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Մարտի 29-ին տեղի ունեցավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:
Ղեկավարվելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածով և քաղաքային համայնքի ավագանու 2012թ. փետրվարի 29-ի թիվ 11 որոշմամբ, ավագանին իր համաձայնությունը տվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 292500 դրամ գումար (2012թ. առաջին եռամսյակի փոխհատուցման նպատակով) ավագանու անդամներին հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին:
Հիմք ընդունելով ՙՏեղական ինքնակառավարման մասին՚ ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետը, ավագանին որոշում ընդունեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին: Ավագանին տվեց նաև իր համաձայնությունը` ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին որոշմանը:
Հիշյալ նախագծերը ներկայացնելով  ներկաների ուշադրությանը և հանդես գալով պարզաբանմամբ՝  քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն  Գրիգորյանն ավելորդ չհամարեց   հավելել, որ գնորդի կողմից գույքի վաճառքի գինը վճարելուց հետո, մեկամսյա ժամկետում, նրա հետ կկնքվի պայմանագիր, որտեղ կամրագրվեն  սեփականատիրոջ կողմից ստանձնած պարտավորությունները:
Նիստում քննության առնվեցին մայրաքաղաքի հիմնախնդիրների լուծմանը, ենթակառուցվածքների, մասնավորապես` քաղաքային տրանսպորտի գործունեության բարելավմանն առնչվող, ինչպես նաև այլ բնույքի հարցեր: Քանի որ քննարկումների ժամանակ տարակարծությունների տեղիք տվեց ՙՍտեփանակերտ-Սերվիս՚ փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին որոշումը, քաղաքապետ Ս. Գրիգորյանն անհրաժեշտ համարեց խնդրահարույց հարցի վերաբերյալ հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով: Նա ընդգծեց, որ նման վճիռ կայացվել է բացառապես ընկերության  ֆինանսատնտեսական վիճակը բարելավելու և  կառույցի հետագա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով:
 
Ստեփանակերտի քաղաքապետի 
մամուլի քարտուղար