comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

Մարտի 29-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ 
Նախքան նիստի բացումը՝  խորհրդարանի նախագահը ներկաներին հաղորդեց, որ օրերս առանձին գրքով լույս է տեսել  հանրապետության հինգ գումարումների օրենսդիր մարմնի մասին ՙԼեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողով՚ ելակետային տեղեկությունների ժողովածուն։ 
Նվիրված լինելով խորհրդարանի 20-ամյակին, այն հակիրճ անդրադարձով ընդգրկում է 1991-2011թթ. նրա գործունեության շրջանը։ Գիրքը, ասաց նա, որը լույս է տեսել հայերեն, ռուսերեն և  անգլերեն լեզուներով, ճանաչողական նշանակություն ունի, մանավանդ, օտարազգի ընթերցողների համար։  Միևնույն ժամանակ, նշեց ԱԺ նախագահը, ժողովածուն իր ժամանակագրական ու փաստական տվյալներով կարող է ուշագրավ հիմք հանդիսանալ Արցախում խորհրդարանական ավանդույթների ձևավորման ու զարգացման ընթացքի հետագա ուսումնասիրությունների համար։  Խորհրդարանի նախագահի հաղորդմամբ՝ բացի պատգամավորներից, այն կտրամադրվի նաև իշխանության մյուս թևերի մարմիններին, ինչպես և բուհական ու հանրային գրադարաններին։ Խոսքի ավարտին գրքի հրատարակությունը նախապատրաստելու  համար նա շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահի խորհրդական Մուշեղ Օհանջանյանին  և աշխատակազմի այն անդամներին, ովքեր նրան աջակցել են այդ աշխատանքներում։         
Խորհրդարանն այնուհետև, նախ, հաստատեց, նստաշրջանի օրակարգում առաջարկված լրացումները, ապա և լիագումար նիստի օրակարգը։ 
Ձեռնամուխ լինելով առաջադրված հարցերի քննարկմանը, նիստն առաջինը քննության առավ ՙԲնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով հեղինակել են պատգամավորներ Զոյա Լազարյանը և Արամ Գրիգորյանը։ Համահեղինակ գործընկերոջ և իր անունից քննարկման ներկայացնելով օրինագիծը՝  Արամ Գրիգորյանը նշեց, որ օրենքի ընդունման նպատակն է խմբագրական փոփոխությունների միջոցով որոշ հասկացություններ համապատասխանեցնել գործող օրենսդրությանը և հստակեցնել գործող օրենքում ամրագրված մի շարք դրույթներ՝  դրանք մատչելի դարձնելու  համար։ Միևնույն ժամանակ, ասաց նա, օրինագծով կարգավորվում է ախտաբանա-անատոմիական գործունեության իրականացման գործընթացը, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել նրա արդյունավետությունը։ Պատգամավորի հաղորդմամբ՝  օրինագծի առնչությամբ ստացվել է կառավարության եզրակացությունը՝ որոշակի թվով առաջարկություններով հանդերձ։ Դրանց մի մասը, ասաց նա, հեղինակների կողմից ընդունվել է, իսկ որոշ առաջարկություններ նպատակահարմար չի համարվել ընդունել, քանի որ այդ պարագայում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխությունների դիմել գործող այլ օրենքներում։ 
Օրինագծի վերաբերյալ դրական էր գլխադասային՝ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը։ Առարկությունների տեղիք չտալով՝ օրենքն ընդունվեց։     
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծին, որի հիմնավորումները նիստի ուշադրությանը ներկայացրեց ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ Մխիթար Գրիգորյանը։  Նրա հաղորդմամբ՝  օրենքի ընդունումը պայմանավորված է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների հատկացման աճուրդային կարգը վերացնելու, դրանք առանց աճուրդի հատկացնելու անհրաժեշտությամբ՝ այդ կապակցությամբ քաղաքացիներին ավելորդ քաշքշուկներից զերծ պահելու նկատառումով։ Միևնույն ժամանակ, նշեց նա, օրինագծով սահմանվում է նաև, որ հին նմուշի վարորդական վկայականների փոխարեն  նորերի տրամադրման ժամկետը երկարաձգվում է մինչև 2012թ. հունիսի 30-ը՝ նկատի առնելով, որ առ այսօր որոշակի թվով վարորդներ դեռևս չեն հասցրել փոխել  իրենց վկայականները։ 
Դրական էր գլխադասային՝  պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Անդրանիկ Սարգսյան) եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։ 
 ՙԼՂՀ պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների մասին՚  օրենքի նախագիծը նիստում ներկայացրեց ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչության պետ  Սերգեյ Շահվերդյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հիմնավորմամբ՝ օրենքը կոչված է սահմանել  օտարման ոչ ենթակա պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու դրանց զբաղեցրած տարածքների նպատակային օգտագործման ձևերը, այդպիսով իսկ առավել արդյունավետ իրականացնել դրանց պահպանության  և օգտագործման աշխատանքները։ 
Օրինագծի վերաբերյալ ներկայացնելով գլխադասային երկու՝ արտաքին հարաբերությունների և իր գլխավորած գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ կայացրած դրական  եզրակացությունը, պատգամավոր Արմեն Սարգսյանը, նշեց, որ նախնական քննարկումների ընթացքում ծագել են մի շարք էական հարցեր, որոնք լրացուցիչ ուսումնասիրության տեղիք են տալիս։  Ուստի, ասաց նա, հանձնաժողովները, հիմք ընդունելով այդ անհրաժեշտությունը, ինչպես նաև կանոնակարգային պահանջը, առաջարկում են օրենքն ընդունել առաջին ընթերցմամբ։ 
Մտքերի որոշակի փոխանակումից հետո, որի ընթացքում  կառավարության պաշտոնական ներկայացուցիչը և գլխադասային հանձնաժողովի նախագահը հանդես եկան լրացուցիչ պարզաբանումներով, խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կողմ քվեարկեց հնչած առաջարկությանը։  
Նիստն այնուհետև օրենսդրական փաթեթի տեսքով քննարկեց ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ և ՙԼՂՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին՚  օրենքների նախագծերը։ Կառավարության լիազորմամբ ներկայացնելով օրինագծերը,  արդարադատության փոխնախարար Կարեն Դանիելյանը հաղորդեց, որ նշված օրինագծերը փոխկապակցված են։ Դրանցից առաջինը սահմանում է պետական տուրքերի դրույքաչափերը՝ որոշ դեպքերում քաղաքացիներին ազատելով պետական տուրքի վճարումից, իսկ երկրորդը միտված է հավասարության ապահովմանը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար պետական տուրքի գծով սահմանված արտոնություններում։ Երկու դեպքում էլ, ասաց նա, օրինագծերը կոչված են նպաստելու  կառավարության 2012թ. գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների շարունակական իրագործմանը։      
Դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) եզրակացությունը։ Տարակարծության տեղիք չտալով՝  օրենքներն ընդունվեցին։ 
Օրակարգի հաջորդ հարցը ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծի մասին էր։ Կառավարության լիազորմամբ այն ներկայացրեց Քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Վասիլի Ավետիսյանը, նշելով, որ տվյալ օրենքի ընդունումը բխում է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների ընթացակարգը բարեփոխելու անհրաժեշտությունից։ 
Օրինագծի վերաբերյալ ներկայացվեց նաև գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց ձայների մեծամասնությամբ։  
Օրակարգի վերջին հարցը  վերաբերում էր երկրորդ ընթերցմամբ ներկայացված ԼՂՀ ընտանեկան օրենսգրքի նախագծին։  Ներկայացնելով այն,  կառավարության պաշտոնական ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարարը, հաղորդեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո անցած ժամանակամիջոցում պատգամավորների կողմից օրենսգրքի վերաբերյալ էական առաջարկություններ չեն ստացվել, իսկ կատարված լրացուցիչ աշխատանքները զուտ խմբագրական բնույթ են կրել։ Նույնը հավաստեց նաև գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, առաջարկելով այն ընդունել վերջնական տեսքով։  Նիստը կողմ քվեարկեց առաջարկությանը։    
Սպառելով օրակարգի օրենսդրական բնույթի հարցերը, նիստն այնուհետև քննարկեց խորհրդարանի նախագահի ներկայացմամբ հնչած ԱԺ հայտարարության նախագիծը` ԼՂՀ նախագահի հերթական ընտրության օրվա մասին, որով սահմանվում է ԼՂՀ նախագահի հերթական ընտրության օր սահմանել ս.թ. հուլիսի 19-ը։ Հայտարարությունն ընդունվեց միաձայն (կից՝ Հայտարարության տեքստը)։ 
Նիստը լսեց նաև պատգամավորական հայտարարություն, որով ՙԴաշնակցություն՚ խմբակցության անունից հանդես եկավ նրա ղեկավար Արմեն Սարգսյանը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, նշեց նա, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորումը թևակոխում է նոր հանգրվան և այդ խորապատկերի վրա Ադրբեջանի նախագահի շարունակվող ագրեսիվ կեցվածքը, մասնավորապես, համայն հայությանն Ադրբեջանի թշնամի որակումը,   խմբակցությունը գտնում է, որ հույժ կարևոր է ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև միջպետական պայմանագրի կնքումը, ինչով, նախ, առավել կապահովվի արցախահայության անվտանգությունը, երկրորդ՝ նոր մակարդակի կհասնեն ԼՂՀ և ՀՀ դե յուրե միջպետական հարաբերությունները և երրորդ՝ այն լուրջ խթան կհանդիսանա ԼՂՀ ճանաչման գործընթացի համար։ 
Այդպիսով՝ ԼՂՀ  5-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստն ավարտեց աշխատանքը։ 
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն