Logo
Print this page

ՁԵԶ ԵՎ ՄԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ

Սիրելի հայրենակիցներ
Այսօր ամբողջ տիեզերքի համար, մանավանդ ողջ մարդկության համար ամենալուսավոր ու ամենամեծագույն տոնն է։
Այսօր Քրիստոս մեռելներից Հարություն առավ, բացելով մեզ համար ֆիզիկական անմահության ճանապարհը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս իր քարոզչության ժամանակ ասաց մի խորհրդավոր բան. ՙՔանդեք այս Տաճարը, և ես երեք օրվա մեջ այն կվերակառուցեմ՚։
Շատերի համար գայթակղության բույն դարձան այս խոսքերը։ Մարդիկ սխալ հասկանալով, զարմացած իրար ասում էին. մի՞թե հնարավոր է երեք օրվա մեջ վերակառուցել հսկա Սողոմոնի կառուցած տաճարը։ Հիսուս Քրիստոս ի նկատի ուներ հոգու տաճարը, մարմինը։ Եվ իրոք, նա երեք օրվա մեջ վերակառուցեց սպանված տաճարը և Հարություն տվեց Իր Հոգու Տաճարին՝ Մարմնին։ Եվ մենք այսօր այս հաղթանակած տոնի լուսավոր ճանապարհի զավակներն ենք, զինվորներն ենք, դավանողներն ենք։
Այս ամենը ի զորու եղավ երկու պատճառներով՝
1. Հոր Աստծո կամքն էր, որ մարդ արարածը վերադառնա իր անմահ կարողությանը, անմահության վիճակին։
2. Որդին Աստծո կամովին ստանձնեց Հոր Աստծո կամքը, մարդացավ, երեսուներեք տարի ապրեց մարդու մարմնով, սրբությամբ, ոչ մի մեղք չգործելով, գնաց դեպի խաչելություն՝  մարդկության համար փրկագինը վճարելու։ Իր Մահվամբ մահը հաղթեց։ Մահը կատարյալ անմեղության նկատմամբ զորություն չունի, դրա համար էլ մահը իր ճիրաններից բաց թողեց Քրիստոսի Մարմինը։ Մեր նախահոր՝ Ադամի մեկ մեղքի պատճառով մահը մտավ աշխարհ, բերելով ցավն ու տառապանքը, աղավաղելով դրախտային կատարյալ վիճակը երկրագնդի վրա։ Մարդ արարածը և ողջ մարդկությունը դարձան խոցելի չարի համար։ Բայց այսօր վերականգնման տոն է, Անմահության տոն է։ Փառք տալով Աստծուն այս փրկագործության, այս Մեծագույն Մատաղի համար, հույսով ու հավատքով ենք ապրում առ Հարությալ Քրիստոսը, որ մենք էլ որպես հայ քրիստոնյաներ, պիտի հավերժ ապրենք մեր իսկ հարությալ մարմիններով՝ դատաստանից և ընդհանուր Հարության օրվանից հետո։ Մենք կոչված ենք Հավերժության համար, Որը սպասում է մեզ մեր սուրբ հավատքի և Սուրբ Հայ Առաքելական եկեղեցու ճանապարհով, քանզի մեր Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, իսկ Ինքը մեր Սուրբ Եկեղեցու գլուխն է։ Ձեզ եմ բերում այս բերկրալի ու պանծալի Ավետիսը։
Քրիստոս Հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է Հարությունն Քրիստոսի
Ապրեք և գործեք այս փառավոր Ավետիսով։
 
ՊԱՐԳԵՎ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՄԻ ՀԱՅՈՑ ԱՐՑԱԽԱՅ
Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.