ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ ԲԱԿՈ ՍԱՀԱԿՅԱՆԻ Ե Լ ՈՒ Յ Թ Ը 2019Թ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱԺ ՆԻՍՏՈՒՄ

Ազգային ժողովի հարգարժա՜ն նախագահ, 

Հարգելի՜ պատգամավորներ, 

Կառավարության անդամնե՜ր, ներկանե՜ր,


 Այսօր խորհրդարանը պետք է որոշում կայացնի մեր երկրի կարեւորագույն ֆինանսական փաստաթղթի՝ Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի վերաբերյալ։ 

Դրան նախորդել են բյուջեի նախագծի բազմակողմանի ու համապարփակ քննարկումները՝ նախատեսված բոլոր փուլերով։ 

Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են դինամիկ եւ համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը եւ սոցիալական պետության կարեւորագույն ատրիբուտների պահպանումը։

Առանձին ուշադրության կենտրոնում եղել եւ մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության ոլորտները։ 

Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետեւողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների եւ հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։ 

Ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում Ազգային ժողովի խմբակցությունների եւ առանձին պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավելի գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվել են կառավարության կողմից։ Դրանց մի մասն ընդունվել եւ ներառվել է բյուջեի նախագծի վերջնական տարբերակում։ 

Կան առաջարկներ, որոնք թեեւ չեն ընդգրկվել պետական բյուջեի նախագծի մեջ,  հատուկ ուշադրության են արժանի, եւ մի շարք գաղափարներ ու մոտեցումներ հաշվի կառնվեն ֆինանսատնտեսական քաղաքականության եւ տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում։

Մի շարք այլ առաջարկներ հնարավոր չէր ընդգրկել բյուջեի նախագծում՝ հաշվի առնելով ներկա հնարավորությունների աստիճանը։ Դրանք պարտադիր կերպով կուսումնասիրվեն, եւ հնարավորությունների սահմաններում անդրադարձ կկատարվի այդ խնդիրների լուծման տարբերակներին։

Խոսելով 2019 թվականին երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մասին՝ ուզում եմ նշել, որ գալիք տարում տնտեսական աճի  ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի շուրջ 333 միլիարդ դրամ։ Դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի եւ միջոցառումների շնորհիվ։ 

2019 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել է տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված բյուջետային հատկացումների զգալի ավելացում՝ 6,5 տոկոսով՝ ապահովելով առաջանցիկ աճ ընդհանուր ծախսերի աճի նկատմամբ։ 

Գյուղատնտեսության ոլորտում բյուջեի նախագծի ձեւավորման ընթացքում հիմնական շեշտը դրվել է ինտենսիվ զարգացման հայեցակարգային մոտեցումների վրա, մասնավորապես, ոռոգման ոլորտում, որտեղ ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման համար նախատեսվել է 600 միլիոն դրամ, արտեզյան ջրհորերի կառուցման ու վերանորոգման ծրագրի համար՝ 400 միլիոն դրամ։ 

Պետության տնտեսական քաղաքականության իրականացման գործում մեծ սպասելիքներ ունենք էներգետիկայի ոլորտից, որի շարունակական զարգացումը խթան կհանդիսանա տնտեսության այլ ոլորտների առաջընթացի ապահովման համար։ Էլեկտրաէներգիայի արտադրության ակնկալվող ծավալը 2018 թվականին կկազմի 400 միլիոն կիլովատտ-ժամ, իսկ 2020 թվականին՝ 500 միլիոն կիլովատտ-ժամ։ Դա թույլ կտա մեզ պահպանել էլեկտրաէներգիայի տեսակետից ինքնաբավ երկրի կարգավիճակը եւ բարձր մակարդակի վրա պահել պետության էներգետիկ անվտանգությունը։

Հանրապետության տնտեսական առաջընթացի ապահովման համար կարեւոր ուղղություններից է մնում ենթակառուցվածքների զարգացումը, որտեղ հատուկ տեղ է հատկացվում ճանապարհատրանսպորտային ցանցի կառուցմանն ու արդիականացմանը։ 

Այս տարվանից մեկնարկել է հանրապետության շրջաններում ավտոճանապարհների պահպանման, բարեկարգման եւ այլ աշխատանքների իրականացման նպատակով շրջանների կարողությունների զարգացման ծրագիրը։ Տեղերում ստեղծվել են բնակչության պահանջներին օպերատիվ արձագանքելու տեխնիկական ու ֆինանսական հնարավորություններ, որի համար գալիք տարվա բյուջեով եւս նախատեսվել է 3 միլիարդ դրամ։ 

Ավելի քան 9 տոկոսով ավելացվել է նաեւ կապիտալ ներդրումների ծրագիրը, որի միջոցների հաշվին կիրականացվեն ինչպես տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված, այնպես էլ սոցիալական նշանակություն ունեցող շինարարական ծրագրեր։

2019 թվականի բյուջեով զգալի միջոցներ են նախատեսվել բնակչության համար կենսական պահանջ հանդիսացող բնակարանային ապահովվածության խնդիրները լուծելու համար։ 

Կառավարության կողմից հանրապետությունում բնակարանային ապահովության հիփոթեքային ծրագրերի բարեփոխումների շրջանակներում կկառուցվեն երկու նոր բնակելի թաղամասեր մայրաքաղաքում, զգալի քանակությամբ բնակելի տներ՝ հանրապետության շրջաններում։

Պետությունը կշարունակի  հատուկ ուշադրության կենտրոնում պահել սոցիալական ոլորտը, եւ 2019 թվականի պետական բյուջեն առանձնահատուկ է այդ առումով։ 

Սոցիալական ոլորտի բարեփոխումների համատեքստում, մասնավորապես, նախատեսված է առողջապահության ոլորտի բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացում, կենսաթոշակների նվազագույն շեմի սահմանում։ 

2019 թվականի հուլիսի 1-ից Արցախի Հանրապետությունում կներդրվի կուտակային կենսաթոշակային համակարգ։ Նշված բարեփոխման համար պետական բյուջեի նախագծով նախատեսվել է 1 միլիարդ 800 միլիոն դրամ։

Վերանայվել է նաեւ հազվադեպ հանդիպող հիվանդություններով տառապող երեխաների բուժման համար անհրաժեշտ ամբողջ գումարի չափով փոխհատուցումը՝ 2 միլիոն դրամի շրջանակներում՝ նախկինում տրվող 50 տոկոսի դիմաց։

 

Հարգելի՜ պատգամավորներ, 

 

Ես անհրաժեշտ համարեցի կանգ առնել 2019 թվականի պետական բյուջեի նախագծի որոշ ուղղությունների վրա։ 

Դուք հնարավորություն եք ունեցել ծանոթանալու բյուջեի տրամաբանությանը, դրա հնարավորություններին ու կազմման գործընթացին եւ հայտնելու ձեր կարծիքներն ու տեսակետները։ 

Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բյուջետային քննարկումներին ակտիվ մասնակցության ու համագործակցության համար եւ առաջարկում Արցախի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի ներկայացված վերջնական տարբերակն ընդունել որպես օրենք։

Մեզ բոլորիս սպասվում է լուրջ ու քրտնաջան աշխատանք, եւ նախատեսված ծրագրերի իրականացումը մեծապես կախված է այդ աշխատանքի ճիշտ կազմակերպումից, իշխանության թեւերի եւ տարբեր գերատեսչությունների սերտ համագործակցությունից։ 

Համոզված եմ ՝ մենք հաջողությամբ կյանքի կկոչենք մեր բոլոր ծրագրերը։

 

Շնորհակալություն։

 

ք. Ստեփանակերտ, 

20 դեկտեմբերի 2018թ.