comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսավոր միջոցառում Նախագահի նստավայրում
[ARM]     [RUS]     [ENG]

Մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսավոր միջոցառում Նախագահի նստավայրում

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների եւ մարզիչների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:

2018 թվականին սպորտի բնագավառում արձանագրված ցուցանիշները Նախագահը բնութագրել է գոհացուցիչ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության 1829 մարզիկ մասնակցել է տարբեր մարզաձեւերից Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին եւ միջազգային մրցաշարերին՝ գրավելով 442 մրցանակային տեղեր, այդ թվում՝ 152՝ 1-ին, 144՝ 2-րդ, 146՝ 3-րդ: 
<<Մենք բոլորս ուրախանում ու հպարտանում ենք ձեր նվաճումներով: Դուք մեծապես նպաստում եք ոչ միայն մեր հանրապետությունում սպորտի զարգացման ու տարածման, այլ նաեւ Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու եւ միջազգային ասպարեզում մեր երկիրն արժանիորեն ներկայացնելու գործին: Դա յուրօրինակ ծառայություն է հայրենիքին ու հարազատ ժողովրդին եւ արժանի է բարձր գնահատանքի>>, - իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը:
Այս հաղթանակներին հասնելու գործում Բակո Սահակյանն անգնահատելի է համարել մեր մարզիչների դերը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում բարձրակարգ մարզիկների պատրաստման ու դաստիարակման, իրենց փորձն ու գիտելիքները երիտասարդ սերնդին փոխանցելու, նրանց ըստ ամենայնի սատարելու եւ աջակցելու համար: 
Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը, հետեւողական աշխատանքներ տանել այս ասպարեզում բարեփոխումները շարունակելու, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, մեր մարզիկների ու մարզիչների աշխատանքային եւ սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ: 
Նախագահ Սահակյանն ի սրտե շնորհավորել է միջոցառման մասնակիցներին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք, մեր հայրենիքին ու ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն: