comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙՆԱԽՈՐԴ ՏԱՐԻ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՎԵԼ Է ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ՚

Փետրվարի 1-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի նախագահությամբ տեղի ունեցավ կառավարության այս տարվա անդրանիկ նիստը։ 

 Օրակարգային հարցերի շրջանակում կառավարության գործերի կառավարիչ Արայիկ Լազարյանը նիստի մասնակիցներին ներկայացրեց ԱՀ Նախագահի 2019թ. գործունեության միջոցառումների ծրագիրը։ Ըստ զեկուցողի, այն մշակվել է՝ հաշվի առնելով պետական կառավարման մարմինների առաջարկությունները՝ հիմքում ունենալով ԱՀ Նախագահի 2017-2020թթ. ծրագիրը։ Այս տարվա միջոցառումների ծրագրում դրանց ընդգրկումը պայմանավորված է օրենսդրական դաշտը ԱՀ Սահմանադրությանը համապատասխանեցման, գործադիր իշխանության կողմից իրականացվող մի շարք ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի գործարկման, արդի իրավիճակներով առաջադրված պահանջների կատարման և հանրապետությունում ընդունված մի շարք օրենքների կիրարկումն ապահովելու իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությամբ։ Առաջարկվող ծրագիրն ընդգրկում է մոտ 134 միջոցառում։ Ա. Լազարյանի խոսքով՝ 2018թ. գործունեության միջոցառումների ծրագրից 2019-ի ծրագիր է տեղափոխվել 14-ը։ Ըստ առաջադրված խնդիրների ուղղվածության ՝ միջոցառումները նախատեսում են պաշտպանության, անվտանգության, սոցիալական, կրթական, քաղաքաշինության, բնապահպանական, ֆինանսատնտեսական և հասարակական կարգի պահպանման ու մի շարք այլ ոլորտներում ընթացիկ տարվա ծրագրերի իրագործում։ 

Կառավարության նիստում քննարկված հաջորդ հարցը, որ ներկայացրեց ԱՀ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, 2019թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին էր։ 2019թ. պետական բյուջեի միջոցներով իրականացվող կապիտալ ծախսերը կազմում են 19մլրդ 86մլն 800 հազ. դրամ՝ նախորդ տարվա 19մլրդ 940մլն դրամի դիմաց։ Այն կազմում է պետական բյուջեի մոտ 17,2 %-ը։ Ոլորտի պատասխանատուն մանրամասն ներկայացրեց կապիտալ ներդրումների ծավալներն՝ ըստ պատվիրատուների և ըստ առանձին ոլորտների, առանձնահատուկ կանգ առավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հետ համաֆինանսավորվող օբյեկտների կառուցման ու բարեկարգման աշխատանքներին։
Նիստը քննարկեց և հաստատեց օրակարգում ընդգրկված՝ ՙԲնապահպանական և բնօգտագործման վճարների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱՀ օրենքի նախագծի մասին, ՙՀիփոթեքային վարկավորմամբ բնակարանային պայմանների բարելավման համար ԱՀ քաղաքացիներին պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը հաստատելու և ԼՂՀ կառավարության 2008թ. փետրվարի 26-ի հ.101 ու ԼՂՀ կառավարության 2014թ. դեկտեմբերի 23-ի հ.889-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին՚, ՙԱՀ կառավարության 2018թ. փետրվարի 21-ի հ. 112-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՚ և ՙԼՂՀ կառավարության 2015թ. նոյեմբերի 6-ի հ. 743-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին՚ հարցերը, որոնք ներայացրեց ԱՀ ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը։
Այնուհետև ԱՀ ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Մանուշ Մինասյանը ներկայացրեց ՙՊետական վիճակագրության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը, ըստ որի առաջարկվում է օրենքի տեքստում ՙԼեռնային Ղարաբաղի՚ բառերը փոխարինել ՙԱրցախի՚ բառով և օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ։ Նախագծի ընդունումը պայմանավորված է ԱՀ նոր Սահմանադրության հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ։
Նիստում քննարկվեցին ու հաստատվեցին նաև ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ ԱՀ օրենքի նախագիծը (ԱՀ արտաքին գործերի նախարար՝ Մ. Մայիլյան), ՙԱզգային անվտանգության մարմինների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԱզգային անվտանգության մարմիններում ծառայության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ և ՙՀատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ ԱՀ օրենքների նախագծերը (ԱՀ ԱԱԾ տնօրեն՝ Ս. Շահրամանյան), Պետական պատվերի շրջանակներում ուսումնառած և ԱՀ շրջանային բժշկական հաստատություն ուղեգրվող բժիշկ-մասնագետին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու կարգը, ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրվող ուղեգրի ձևը հաստատելու և ԼՂՀ կառավարության 2015թ. փետրվարի 24-ի հ. 105-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին (ԱՀ առողջապահության նախարար՝ Ա. Բաղրյան), ինչպես նաև՝ ՙԿազմակերպությունների և տարածքների՝ ըստ վտանգավորության աստիճանի, քաղաքացիական պաշտպանության խմբերի դասակարգման կարգը սահմանելու մասին՚ հարցերը։
Նիստում քննարկված հարցերի վերաբերյալ հանգամանալից ելույթ ունեցավ Նախագահ Բ. Սահակյանը։ Երկրի ղեկավարը մասնավորապես ամփոփեց 2018թ. սոցիալ-տնտեսական արդյունքներն՝ ըստ ոլորտների, ինչպես նաև ներկայացրեց 2019-ի անելիքները և համապատասխան հանձնարարականներ տվեց այդ ամենի պատշաճ մակարադակով իրականացման համար։ Անցած տարում, ինչպես ընդգծեց Նախագահ Սահակյանը, հաջողվել է իրականացնել նախատեսված ծրագրերը և ապահովել տնտեսության զարգացումը։ Դրա հիման վրա համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ-ի) ցուցանիշը կազմել է 303մլրդ դրամ, ինչի համար հիմք են հանդիսացել մասնավորապես հանքարդյունաբերությունն ու էներգետիկան։ Հատկապես էլեկտրաէներգիայի ոլորտում ապահովվել է ոչ միայն ինքնաբավություն, այլև ունեցել ենք արտահանման հնարավորություն։
Ինչ վերաբերում է 2019-ի անելիքներին, Նախագահ Սահակյանն ասաց, որ պետք է ամեն ինչ անել նախատեսված ծրագրերը հավուր պատշաճի կյանքի կոչելու համար։ Դրանց իրականացման գործում նա առանձնահատուկ կարևորեց պետական ռեսուրսների օպտիմալացման և արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։


Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ