Logo
Print this page

Արցախի և Հարավային Օսիայի Հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել

Փետրվարի 18-ին Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հրավերով, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությունը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել է Հարավային Օսիա:

 Փետրվարի 19-ին Արցախի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև ստորագրվել է Համագործակցության համաձայնագիր: Համաձայնագրի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել, մասնավորապես, արտաքին գործերի նախարարների կամ այլ մակարդակով կանոնավոր կերպով խորհրդատվություններ և բանակցություններ անցկացնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային, տարածաշրջանային և երկկողմ հարցերի շուրջ: Համաձայնագրով նախատեսվում է նաև համատեղ միջոցառումների և ծրագրերի իրականացում՝ փորձի փոխանակման, աշխատանքային կապերի հաստատման և ամրապնդման, տարատեսակ փորձուսուցումների կազմակերպման ոլորտներում, դիվանագիտական կադրերի նախապատրաստման համար հնարավորությունների փոխադարձ օգտագործման նպատակով պայմաններ ստեղծելու հարցում։

Այցի շրջանակներում տեղի է ունեցել Արցախի ԱԳՆ ղեկավար Մասիս Մայիլյանի և Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոևի հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակներում համագործակցության և երկկողմ կապերի ամրապնդման ուղիները, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին առնչվող հարցեր:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.