comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԺԱՆ-ԻՎ ԼԸ ԴՐԻԱՆԻ ՀԵՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ԶՈՀՐԱԲ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԺԱՆ-ԻՎ ԼԸ ԴՐԻԱՆԻ ՀԵՏ

Ապրիլի 16-ին աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանսիայի Հանրապետության՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանին։

 Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ շատ զգացմունքային է այսօր գտնվել Փարիզում և մեր համերաշխությունը հայտնել Ֆրանսիային և Ֆրանսիայի ժողովրդին Փարիզի Աստվածամոր տաճարում տեղի ունեցած հրդեհից հետո։ Նախարար Մնացականյանը նաև իր գործընկերոջը փոխանցեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նամակը, որով վերջինս հույս է հայտնում, որ համատեղ ջանքերով կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր՝ տաճարի նախկին տեսքը վերականգնելու համար։

Զոհրաբ Մնացականյանը և Ժան-Իվ Լը Դրիանը գոհունակություն հայտնեցին ավանդական բարեկամության և համընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-ֆրանսիական բազմաոլորտ ամուր համագործակցության առնչությամբ՝ ընդգծելով երկուստեք պատրաստակամությունն ապահովելու երկկողմ հարաբերությունների շարունակականությունը նոր նախաձեռնությունների միջոցով։ Զրուցակիցները նշեցին, որ երկկողմ օրակարգի ավանդական՝ քաղաքական, առևտրատնտեսական, գիտակրթական, մշակութային ուղղություններին ավելացել է նաև համագործակցությունը մեծ ներուժ ունեցող բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության բնագավառներում։
Առանձնահատուկ ընդգծվեցին Ֆրանսիայում հարուստ պատմություն և ուրույն դերակատարություն ունեցող հայկական համայնքի կարևորությունը և կամրջող դերակատարությունը երկու բարեկամ երկրների հարաբերությունների առավել ամրապնդման և օրակարգի հարստացման գործում։
Նախարար Մնացականյանն ընդգծեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց Ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու մասին հրամանագիրը, ինչը Ֆրանսիայի դիրքորոշման շարունակականության ևս մեկ դրսևորում է՝ ուղղված ժխտված արդարության վերականգնմանը։
Անդրադառնալով Եվրամիության, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց Հայաստանի կառավարության հանձնառությունը և քաղաքական կամքը՝ ապահովելու համաձայնագրի արդյունավետ կիրարկումը։ Զոհրաբ Մնացականյանը կարևորեց նաև վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հարցը՝ շեշտելով, որ վերոնշյալ գործընթացը հնարավորություն կընձեռի առավել ընդլայնելու մարդկանց միջև շփումները և խթան կհանդիսանա Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների համագործակցության ամրապնդմանը։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ Հայաստանի ԱԳ նախարարն իր ֆրանսիացի գործընկերոջը ներկայացրեց նախօրեին Մոսկվայում կայացած հանդիպման մանրամասները՝ վերահաստատելով Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը և մոտեցումները հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծման գործընթացում։ Երկուստեք կարևորվեց խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ միջավայրի ձևավորումը՝ վստահության ամրապնդման քայլերի միջոցով։

ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության
և հասարակայնության հետ կապի վարչություն