comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հանդիպումը
[ARM]     [RUS]     [ENG]

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ԱԳՆ ղեկավարների հանդիպումը

Հուլիսի 5-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է աշխատանքային այցով Ստեփանակերտ ժամանած Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  երկու հայկական պետությունների արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթ ուղղությունները՝ ընդգծելով համահայկական նշանակության հարցերի շուրջ համակարգված գործունեության կարևորությունը:

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին առնչվող մի շարք հարցերի: Զոհրաբ Մնացականյանը, մասնավորապես, ներկայացրել է Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպման արդյունքները: Այդ կապակցությամբ Մասիս Մայիլյանը նշել է եռակողմ ձևաչափով բանակցությունների վերականգնման, ինչպես նաև հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված մեխանիզմների ներդրման կարևորությունը։ Երկու գերատեսչությունների ղեկավարները հատուկ ընդգծել են, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։

Այցի շրջանակներում արտաքին գործերի նախարարները ստորագրել են Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև 2019-2020 թթ. խորհրդակցությունների պլան։

Այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով՝ Արցախի ԱԳՆ կենտրոնական ապարատի աշխատակիցների և ՀՀ ԱԳՆ պատվիրակության մասնակցությամբ։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում միջազգային գործընթացներին Արցախի ներգրավվածության շուրջ: Այդ համատեքստում ընդգծվել է Արցախի կողմից միջազգային կոնվենցիաներին միանալու և կոնվենցիաների դրույթների կատարման վերաբերյալ պարբերական զեկույցներ պատրաստելու ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը: