ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԱՄՓՈՓԱԳԻՐԸ
Ըստ Արցախի Հանրապետության ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի, ս.թ. օգոստոսի 21-28-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է 8 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով 13 քաղաքացի ստացել է մարմնական վնասվածքներ։
Օգոստոսի 23-ին, ժամը 20։35-ի սահմաններում, 1981թ. ծնված մայրաքաղաքի բնակիչը, վարելով ՙHyundai Sonata՚ մակնիշի ավտոմեքենան, երթևեկության ընթացքում բախվել է Ասկերանի շրջանի` 1971թ. ծնված բնակչի կողմից վարվող GAZ-53 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին, ինչի հետևանքով մայրաքաղաքի բնակիչը և նրա ուղևոր` 2001թ. ծնված մայրաքաղաքի բնակչուհին ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։ Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով լրիվությամբ այրվել է ՙHyundai Sonata՚ մակնիշի ավտոմեքենան։ Պատահարի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։
Օգոստոսի 24-ին, ժամը 12։50-ի սահմաններում 1966թ. ծնված Երևան քաղաքի բնակչուհին, վարելով ՙՆիսսան Տիդա՚ մակնիշի ավտոմեքենան, Գետավան-Չարեքտար ավտոճանապարհի 3-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել բլրին, ինչի հետևանքով վարորդը ստացած մարմնական վնասվածքներով դիմել է Գետավանի տեղամասային հիվանդանոց։
Օգոստոսի 25-ին, ժամը 20։30-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել 1980թ. ծնված Երևան քաղաքի բնակչուհու վարած ՙՄերսեդես Բենց՚ մակնիշի և 1996թ. ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչի վարած ՙՎԱԶ-2172՚ մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևոր, 1994թ. ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։
Նույն օրը ժամը 15։40-ի սահմաններում, Դրմբոն-Ստեփանակերտ ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրին իրար են բախվել 1974թ. ծնված, Ստեփանակերտ քաղաքի բնակչի վարած ՙLexus RX-330՚ մակնիշի և 1992թ. ծնված, մայրաքաղաքի բնակչի վարած ՙՎԱԶ-2107՚ մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՙՎԱԶ-2107՚ մակնիշի ավտոմեքենայի ավտովարորդը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հանրապետական բժշկական կենտրոն։
Օգոստոսի 26-ին, ժամը 01։30-ի սահմաններում, 1975թ. ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը, վարելով ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Նաբերեժնայա փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 17 հասցեի դիմացի ճանապարհահատվածում բախվել է ճանապարհի ձախ մասում առկա հողակույտին, կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և հարվածել առջևից երթևեկող, 1993թ. ծնված մայրաքաղաքի բնակչի վարած ՙՕպել Վեկտրա՚ մակնիշի ավտոմեքենային, ինչի արդյունքում վերջինս և նրա ուղևոր՝ 1994թ. ծնված մայրաքաղաքի բնակիչը ստացած մարմնական վնասվածքներով դիմել են Հանրապետական բժշկական կենտրոն։
Նույն օրը, ժամը 10։40-ի սահմաններում, ԱՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի դիմացի ճանապարհահատվածում իրար են բախվել 1977թ. ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակչի վարած ՙԿԱՄԱԶ-5511՚ մակնիշի և 1980թ. ծնված մայրաքաղաքի բնակչի վարած ՙՄերսեդես Վիանո՚ մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս ուղևորներ՝ 1984թ. և 2001թ. ծնված մայրաքաղաքի բնակիչները, ինչպես նաև 1984թ. ծնված Երևան քաղաքի բնակչուհին ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հանրապետական բժշկական կենտրոն։
Օգոստոսի 27-ին, ժամը 23։40-ի սահմաններում, 1994թ. ծնված Ստեփանակերտ քաղաքի բնակիչը, վարելով ՙOpel Astra՚ մակնիշի ավտոմեքենան, մայրաքաղաքի Ազատամարտիկների և Վ. Մամիկոնյան փողոցների խաչմերուկում բախվել է աջ մայթին և ստացած մարմնական վնասվածքներով դիմել Հանրապետական բժշկական կենտրոն։
Նույն օրը, ժամը 19։00-ի սահմաններում, Քաշաթաղի շրջանի Կովսական-Կապան ավտոճանապարհի 15-րդ կիլոմետրին իրար են բախվել 1989թ. ծնված ՀՀ Գորիս քաղաքի բնակչի վարած ՙՈՒԱԶ՚ և 1964թ. ծնված Քաշաթաղի շրջանի բնակչի վարած ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ՙՎԱԶ-2106՚-ի ուղևորներ, 2013թ. և 1984թ. ծնված Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչները ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Նույն ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 5, մարմնական վնասվածք հասցնելու 4, ապօրինի ծառահատման 2, ինքնասպանության փորձի, գողության, խարդախության 1-ական հանցագործության դեպքեր։
Իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում բոլոր դեպքերով, ինչպես նաև նախկինում կատարված ապօրինի ծառահատման մեկ հանցադեպով մեղավոր անձինք հայտնաբերվել են։
Նույն ժամանակահատվածում ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հերթապահ մասերում արձանագրվել է 181 ահազանգ, որոնցից 155-ը՝ բուժհաստատություններից ստացած կենցաղում անզգուշությամբ առաջացած վնասվածքների, 22-ը՝ միայն նյութական վնասի հետևանքով ճանապարհատրանսպորտային պատահարի, 3-ը՝ հեռախոսի կորստի, իսկ 1-ը՝ հրդեհի վերաբերյալ դեպքերի։
Բոլոր ահազանգերով անմիջապես դեպքի վայրեր են մեկնել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների օպերատիվ խմբերը և օրենքով սահմանված կարգով ընթացքավորել դրանք։
Նշված ժամանակահատվածում ճանապարհային երթևեկության կանոնների խախտումներ կատարելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել տրանսպորտային միջոցների 500 վարորդներ, որոնցից 247-ը՝ սահմանված արագությունը գերազանցելու, 18-ը՝ առանց վարորդական իրավունքի, 14-ը՝ անսթափ վիճակում, իսկ մնացածը՝ այլ կարգի խախտումներ կատարելու համար։