Հաղորդագրություն

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում Արցախում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, սեպտեմբերի 27-ին այցելել է ռազմավարական զորավարժությանն ընդգրկված զորամասերից մեկի պահպանության տեղամաս:

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը տեղում ծանոթացել է օպերատիվ-մարտավարական իրադրությանը, դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններին ու իրականացվող ինժեներաամրաշինական աշխատանքների ընթացքին և զրուցել մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների հետ:

Նույն օրը հարավային ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկի հրամանատարական կետում ՊԲ հրամանատարն ու ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալը մասնակցել են լսումների, որի ժամանակ քննարկվել են զորավարժությունների ընթացքին առնչվող հարցեր, ծանոթացել զորախաղերում արագ փոփոխվող իրադրության պայմաններում հրամանատարների կայացրած որոշումներին, ունկնդրել համապատասխան  պաշտոնատար անձանց զեկույցներ:

 

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն