comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Ֆրանսիայի պատվիրակության անդամներն ԱԺ նախագահին են ներկայացրել Արցախի հետ համագործակցության առաջիկա ծրագրերը
[ARM]     [RUS]     [ENG]

Ֆրանսիայի պատվիրակության անդամներն ԱԺ նախագահին են ներկայացրել Արցախի հետ համագործակցության առաջիկա ծրագրերը

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում են «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ և Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն:

Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:

Խոսելով Արցախի և Ֆրանսիայի համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավարն այն գնահատել է որպես հաջողված և օրինակելի բարեկամություն, որի նշաձողը տարեցտարի բարձրանում է: Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաև Արցախի ու Ֆրանսիայի քույր քաղաքների և գյուղերի համագործակցությանը և գործընթացում ծագած խոչընդոտներին:

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ համագործակցությունն այսօր լրացվել է գործնական ևս մեկ քայլով՝ ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ Ստեփանակերտում Պոլ Էլուար ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագրի ստորագրմամբ: Նա նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի մյուս քաղաքները ևս կմիանան Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի ստորագրմանը:

Ֆրանսիայի Առնուվիլ և Բուրգ լե Վալանսի քաղաքապետեր Պասկալ Դոլը և Մարլեն Մուրիեն, խոսելով այս տարի հունիսի 11-ին Գրենոբլի վարչական դատարանի կողմից չեղարկված Ֆրանսիայի և Արցախի քաղաքների միջև համագործակցության հռչակագրերի մասին՝ նշել են, որ հետևողական են լինելու անհարթությունները վերացնելու գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ֆրանկոֆոնիայի միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու, քույր քաղաքների միջև նպատակային համագործակցությանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող թեմաների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են նաև «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ ԱԺ պատգամավորներ: