[ARM]     [RUS]     [ENG]

Աշոտ Ղուլյանն ընդունել է «Մռակած» երգչախմբի անդամներին

Փետրվարի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Մռակած» պետական կամերային երգչախմբի 20-ամյակի առիթով խորհրդարանում ընդունել և պարգևատրել է երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարգարիտա Աղաջանյանին:

 Շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել երգչախմբի դերը՝ Արցախում դասական երաժշտության կայացման և հանրահռչակման գործում:

«Դուք լուրջ առաքելություն եք ստանձնել՝ երգի միջոցով սերունդների մեջ սերմանել սերը դեպի գեղեցիկը և մեր հանրությանը մատուցել դասական երգարվեստի արժեքները: Տեղին եմ համարում նշել ձեր լայն լուսավորչական աշխատանքը, Արցախն արտասահմանում բարձր մակարդակով ներկայացնելու ջանքերը ու միջազգային տարբեր բեմերում ձեռք բերած նվաճումները»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ամփոփելով հանդիպումը՝ Աշոտ Ղուլյանը, երգչախմբի կայացմանը ցուցաբերած նպաստի, երկարամյա անձնվեր գործունեության և երիտասարդության շրջանում դասական երաժշտության և երգչախմբային արվեստի տարածման գործում ունեցած հսկայական ավանդի համար, Ազգային ժողովի պատվոգրով պարգևատրել է «Մռակած» պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Մարգարիտա Աղաջանյանին:

Հանդիպմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Բարսեղյանը և «Մռակած» երգչախմբի անդամներ: