[ARM]     [RUS]     [ENG]

Նախագահ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել «Վերջին զանգի» առթիվ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին:

Ուղերձում ասված է.
«Սիրելի ՛ շրջանավարտներ
Աշխարհին պատուհասած համավարակը, ցավոք, այս տարի բոլորիս զրկել է «Վերջին զանգի» տոնական միջոցառման կազմակերպումից: Համոզված եմ, սակայն, որ իրավիճակի հետևանքով առաջացած հիասթափությունը որևէ կերպ չի խանգարելու, որ ձեզանից յուրաքանչյուրն իր առջև դրված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ ջանքեր գործադրի: Մի՛ մոռացեք, որ ցանկացած ճգնաժամ նաև հնարավորություն է:
Դպրոցն ավարտելուց հետո ձեր կյանքում սկսվում է շատ կարևոր մի շրջափուլ, որտեղ որակի ու արդյունավետության չափման միավորները կրկին գիտելիքների մակարդակն ու ցուցաբերած հմտություններն են լինելու: Ուստի, ինչ մասնագիտություն էլ կյանքում ընտրելու լինեք, միշտ հիշե՛ք, որ ձեր ոլորտում պետք է լինեք առաջատարը:
Մեր նախընտրական խոստման համաձայն՝ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար: Սակայն մեկ անգամ ևս հաստատում եմ, որ կրթության որակի նկատմամբ խիստ են լինելու նաև պետության պահանջները: Հետևապես, սովորելու և անընդհատ կատարելագործվելու ցանկությունը թող երբեք չլքի ձեզ:
Սիրելի՛ շրջանավարտներ,
«Վերջին զանգի» առթիվ շնորհավորում եմ ձեզ և ձեր ուսուցիչներին՝ մաղթելով, որ իրականանան ձեր բոլոր երազանքներն ու մտահղացումները՝ հանուն ձեր անհատական և բոլորիս հավաքական հաջողությունների: Բարի՜ երթ»: