comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
[ARM]     [RUS]     [ENG]

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարության Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

        Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը իր աջակցությունն է հայտնում Ռուսաստանի, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների` Լոս-Կաբոսում արած համատեղ հայտարարությանը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության  վերաբերյալ:

                Մենք միշտ դրական ենք վերաբերվել նման նախաձեռնություններին` ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը, հաշվի առնելով միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները և հերթական անգամ հավաստում ենք մեր պատրաստակամությունը հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների կոչերին և հանձնարարականներին: 

                Դրա հետ մեկտեղ ստիպված ենք արձանագրել, որ ադրբեջանական կողմը շարունակում է մեկնաբանել միջնորդների հայտարարությունները իր համար նպաստավոր ձևով, առաջադրել նախապայմաններ` դրանով իսկ տորպեդահարելով նշված նախաձեռնությունները: Ադրբեջանը շարունակում է բոյկոտել տարածաշրջանում վստահության մթնոլորտի ամրապնդմանն ուղղված առանցքային գործողությունների  իրականացումը, ինչպիսիք են` սահմանային պատահարների հետաքննության մեխանիզմների մշակումը, շփման գծից դիպուկահարների հեռացումը և այլն:

                Ցավոք, պաշտոնական Բաքուն առ այսօր չի հրաժարվում հակամարտության լուծման` ի սկզբանե որդեգրած ուժային մեթոդից: Լինելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ, Ադրբեջանը, որի պարտականությունների մեջ է մտնում  տարածաշրջանում անվտանգության համար պայքարելը, հրաժարվում է հիմնախնդրի  լուծման քաղաքակիրթ միջոցներից:

                Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնում, որ այս անգամ Ադրբեջանի իշխանությունները կդրսևորեն կառուցողականություն և կհրաժարվեն զինյալ-ուժային շանտաժի և դիվերսիաների անհեռանկար քաղաքականությունից, որոնք սպառնում են տարածաշրջանի  փխրուն անվտանգությանն ու  կայունությանը:

                Մենք վստահ ենք, որ միայն քաղաքական երկխոսության հունով, ղարաբաղյան կողմի լիիրավ մասնակցությամբ է հնարավոր հասնել առաջընթացի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում և կայուն խաղաղություն հաստատել  տարածաշրջանում:

 

 

 

քաղ.Ստեփանակերտ

21.06. 2012