comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ
[ARM]     [RUS]     [ENG]

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄՈՏ

Հանրապետությունում շարունակվում է հացահատիկայինների բերքահավաքը, այսօրվա դրությամբ հնձված է դաշտերի 10 տոկոսը: Արդեն  բերքը հասունացել է նաև նախալեռնային գոտում, ինչը  կազմակերպչական հարցերը հստակեցնելու խնդիր է առաջադրել բերքահավաքի կազմակերպման պատասխանատուներին: Հունիսի 19-ին վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցությունը նվիրված էր այդ հարցերին: Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Արմեն Ավագյանը, փրկարար ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը, շրջվարչակազմերի ղեկավարները:
Արդեն հնձված է 6300 հա տարածք, միջին բերքատվությունը հեկտարից 16,1 ցենտներ է: Հնձված տարածքների մեծ մասը` 4860 հա, գարու դաշտեր էին. այս տարի գարու բերքատվությունն ավելի ցածր է, քան ցորենինը:
Տեղերում կոմբայնավարների հետ անհատական աշխատանքի կարիք կա: Պահեստամասերի հարցում կառավարությունն անհատներին օժանդակելու առաջարկ էր արել, սակայն  նախօրոք  ծրագրվածը ոչ միշտ է հաջողվել իրականացնել: Վարչապետ Արա Հարությունյանը այդ աշխատանքից դժգոհություն հայտնեց:
Շրջվարչակազմերի ղեկավարները վստահեցնում են, որ  հընթացս ծագող հարցերը լուծվում են տեղում, սակայն տեխնիկական լրացուցիչ միջոցների կարիք զգացվում է ամենուր: Հայաստանի Հանրապետությունից արդեն իսկ 80 կոմբայն աշխատում է Արցախի դաշտերում, դրանցից 70-ը Քաշաթաղի շրջանում է: Մոտ 20 կոմբայն հացագործներին օգնության կհասնի առաջիկա օրերին:
Օրվա առաջադրանքը մնում է անփոփոխ` բերքը չկորցնելու համար, նախ, կհավաքվի գարին, ապա` ցորենը: Գարու գինն արդեն  հստակ է` մթերվում է կիլոգրամը մինչև 115 դրամով: Ցորենի հարցում   մթերողների հետ բանակցությունները դեռ շարունակվում են:
 Հնձի ընթացքը և դաշտերում հասունացող  բերքի որակը ցույց են տալիս, որ գալիք աշնանացանի համար սերմացուի խնդիր չի լինի` սերմ արտադրվել է և՜ պետական սերմնաբուծարանում, և՜ մենատնտեսների դաշտերում: 
 Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև կազմակերպչական հարցեր: Այսուհետ բերքահավաքի հետ կապված բոլոր հարցերը  կանոնակարգվելու են գյուղատնտեսության նախարարի կողմից, ով բերքահավաքի կազմակերպման շտաբն է ղեկավարում: Վարչապետն անցնում է արձակուրդի: Արա Հարությունյանը  ղեկավարելու է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի նախընտրական շտաբը: Աշխատանքային վերջին օրը հրավիրած խորհրդակցությանը վարչապետը շրջվարչակազմերի ղեկավարներից պահանջեց առաջիկա քարոզարշավի ընթացքում հետևել օրենքի տառին` հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների համար, նաև` վերահսկել իրավիճակն ընտրությունները  պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով:
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ 
կապերի վարչություն