comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐԸ ԼԻՈՎԻՆ ԿՀՈԳԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐԸ ԼԻՈՎԻՆ ԿՀՈԳԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

 Xorhrdakcutyun.jpgԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանը հուլիսի 31-ին խորհրդակցություն է անցկացրել հանրապետության գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և շրջվարչակազմերի ղեկավարների հետ: Հանգամանալի անդրադարձ է կատարվել բերքահավաքի ընթացքին: 

Գյուղնախարար Ա. Խաչատրյանը հաղորդեց, որ հացահատիկայինների բերքահավաքը մոտենում է ավարտական փուլին: Ցանված 58128 հեկտար արտերից արդեն հնձվել է շուրջ 50 հազար հեկտարը: Միջին բերքատվությունը 1 հեկտարի հաշվով կազմում է 17,3 ցենտներ: Սկսվել են աշնանացանի համար հերկի աշխատանքները:
Վարչապետ Ա. Հարությունյանը հայտարարել է, որ առաջին անգամ Արցախում ապահովվել է բերքահավաքի համար անհրաժեշտ տեխնիկայի թվակազմը: Շուրջ երեք տասնյակ հացահատիկահավաք կոմբայններ են ներմուծվել Գերմանիայից և Իրանից: Այժմ ակտիվ աշխատանք է տարվում պահեստամասերի խնդիրը ևս լուծելու նպատակով: Վարչապետը նշել է, որ բերքահավաքի տեխնիկայի ապահովումը լիովին իր հոգածության տակ է վերցնում պետությունը, իսկ ահա հողագործական մյուս մեքենաների և սարքավորումների խնդիրը աստիճանաբար իրենց ամբողջական պատասխանատվության տակ պետք է առնեն մասնավոր հողագործները: Առաջիկայում կառավարությունը մեծաքանակ տեխնիկա կներմուծի և լիզինգային մատչելի եղանակով կտրամադրի գյուղի մարդկանց: Վարչապետի խոսքով` մշակվող հողատարածքները հանրապետությունում մոտ ապագայում պետք է հասցնել 75 հազար հեկտարի (այժմ` մոտ 66 հազար հա)` ավելացնելով գարնանացան մշակաբույսերի ցանքերը: Ժամանակն է, որ գերազանցվի տարեկան 100 հազար տոննա հացահատիկի մթերման սահմանագիծը: 
Կառավարության ղեկավարը ներկաների հատուկ ուշադրությունը սևեռեց դաշտային վնասատուների դեմ պայքարի, ցանքաշրջանառության ապահովման, ագրոտնտեսություններում կատարվող աշխատանքների որակի բարձրացման խնդիրների վրա:
Խորհրդակցության վերջում Ա. Հարությունյանը համապատասխան հանձնարարականներ տվեց պետության կողմից տրված վարկերի վերադարձումը լիովին ապահովելու համար: Ներկա դրությամբ վերադարձման ենթակա վարկերի չափը անցնում է 1 մլրդ դրամից:
ԼՂՀ կառավարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ 
կապերի վարչություն