comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՇՎԱՌՎՈՒՄ Է ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ

Nist_1.jpgՀուլիսի 31¬ին տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը՝ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ։
Գործադիրը, նախ, փոփոխություններ է կատարել գազաբալոնային ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործման և լցակայանների անվտանգության վերաբերյալ կառավարության՝ նախկինում ընդունած երկու որոշման մեջ։ Փոփոխությունները միտված են խստացնելու այդ ոլորտում տեխնիկական անվտանգության պահանջները, նորացնելու գազաբալոնային սարքավորումների տեղադրման պարբերական վկայագրումը։ Նպատակ է հետապնդվում նաև բնագավառում հստակեցնել օրենսդրական դաշտը և նպաստել գործարարության զարգացմանը։
Տնտեսական զարգացման նախարար Կ. Եսայանը տեղեկատվություն հաղորդեց պետական գույքի հաշվառման ուղղությամբ 2011թ. կատարված աշխատանքների մասին։  Նախարարության կողմից իրականացված գույքագրման արդյունքում արձանագրվել է, որ 2012թ. հունվարի 1-ի դրությամբ՝ պետական գույքի հաշվառման բազայում առկա պետական մարմինների ընդհանուր թիվը կազմել է 176, որից՝ պետական կառավարչական հիմնարկներ՝ 37, ՊՈԱԿ-ներ՝ 135, պետական այլ հիմնարկներ՝ 4։ Նրանց օգտագործմանը հանձնված շինությունների (ընդհանուր առմամբ՝ 4164)   մի զգալի մասում  դեռևս ավարտված չեն անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքները։ Պետական մարմինների հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցների քանակը կազմում է 539, իսկ հաշվեկշռային արժեքը՝ 1754մլն դրամ (2010թ. համեմատ այն ավելացել է 78, 8 մլն դրամով)։ Նախատեսվում է հանրապետությունում պետական գույքի հաշվառումն ավարտել 2013 թվականին։ Այլ մանրամասներով հագեցած տեղեկատվությունը կառավարությունն ընդունել է ի գիտություն։
Նիստում գործադիրը հանդես է եկել օրենսդրական երկու նախաձեռնությամբ։ Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվել ՙՔաղաքացիական կացության ակտերի մասին՚ ԼՂՀ օրենքում և ԼՂՀ դատական օրենսգրքում։ Նոր խմբագրությամբ է, մասնավորապես, ներկայացվել քաղաքացիական կացության ակտերի մասին օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը. ըստ այդմ՝ ամուսնության մեջ գտնվող անձինք, ամուսնության մեջ չգտնվող տղամարդը կամ կինը, որոնք օգտվել են օրենքով նախատեսված վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից, ծննդի պետական գրքում գրանցվում են որպես ծնողներ (ծնող)՝ փոխնակ մոր հետ կնքած պայմանագրի հիման վրա։
ԼՂՀ դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, ըստ արդարադատության նախարար Ն. Նարիմանյանի՝ թելադրված են առաջին ատյանի դատարանի չափազանց ծանրաբեռնվածությամբ. նախատեսվում է այդ  դատական ատյանում գործող 9-ի փոխարեն ներգրավել 11 դատավորի, ինչը պետք է նպաստի արդարադատության որակի բարձրացմանը։
Գործադիրի՝ նախկինում ընդունած որոշումներից մեկում կատարված փոփոխությամբ հաշմանդամներին անհատույց օգտագործման համար հատկացված ձեռքի կառավարման ավտոմեքենաները այսուհետ կգրանցվեն սեփականության իրավունքով, իսկ անհատույց օգտագործման պայմանագիրը կփոխարինվի նվիրատվության պայմանագրով։
Կառավարության կողմից հաստատված փոփոխությամբ ԱրՊՀ-ին իրավունք է վերապահվել սեփական շինություններում վարձակալության տված տարածքներից գանձվող եկամուտներն ուղղել համալսարանի կարիքներին։ Կրթության բնագավառին առնչվող մյուս որոշմամբ ի գիտություն է ընդունվել, որ Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի զարդակիրառական արվեստ մասնագիտության՝ միջնակարգ կրթության հիմքի վրա ավելացված 20 վճարովի ուսուցման տեղերի ծախսերը հատուցելու է ՙAJA՚ ոսկերիչների համաշխարհային միությունը։
Գործադիրը հաստատել է նաև կրթության և գիտության ասպարեզում անցկացվող միջոցառումների մասնակիցների սննդի և գիշերավարձի օրական վճարման և մրցանակակիրների պարգևատրման նոր չափերը և ուժը կորցրած ճանաչել նախկին նմանօրինակ որոշումը։
Փոփոխություններ են կատարվել ԼՂՀ-ում քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական վերահսկողության գործող կարգում։ Արձանագրվել է, մասնավորապես, որ պետական վերահսկողության են ենթակա քաղաքաշինական գործունեության բոլոր փուլերը՝ ծրագրային փաստաթղթերի պահանջների իրականացումը, կենսագործունեության միջավայրի նախատեսվող փոփոխությունների մասին իրազեկումը, ճարտարապետաշինարարական նախագծերի համաձայնեցում, փորձաքննությունը և այլն։ 
Գործադիրը լրացումներ է կատարել կառավարության ՙՀարկման նպատակով համախառն եկամտից իրականացվող նվազեցումների որոշ տեսակների առավելագույն թույլատրելի չափեր սահմանելու մասին՚ 2001թ. N168 որոշման մեջ։ Ի մասնավորի, փաստաթղթում հավելվել է, որ կառավարման ծառայությունների ծախսեր են համարվում հարկատուի գործունեությունը փաստացի ղեկավարելու համար այլ անձանց կողմից հարկատուին մատուցվող ծառայությունների և (կամ) հարկատուի համար կատարվող աշխատանքի դիմաց վճարվող գումարները։ Բացառություն են համարվում վարձու աշխատող անձանց կողմից կատարվող աշխատանքները։
Հարկային ոլորտին առնչվող մյուս որոշմամբ կառավարությունը հաստատել է օֆշորային գոտիների (երկրների) ցանկը։ Դրա մեջ ներառվել է 69 պետական-վարչական միավորում։
Նիստում երկու որոշում է ընդունվել ավիացիոն ոլորտի վերաբերյալ։ Սահմանվել է ԼՂՀ-ում ավիացիոն պատահարների և միջադեպերի քննության, ինչպես նաև  օդանավակայաններում օդանավերի ու օբյեկտների պահպանության կարգը։ Միաժամանակ հաստատվել են օդանավակայաններում անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնները։
Մի շարք որոշումներ են կայացվել հանրապետության տարբեր համայնքներում առանձին հողատարածքների նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Փոփոխությունները հիմնականում կատարվել են բնակելի և հասարակական կառուցապատման նպատակով։
Հաստատվել է ԼՂՀ տարածքում գտնվող՝ ձկների ձվադրման գոտիներ հանդիսացող գետերի և դրանց վտակների ցանկը։ Գետերի հորդառատության, բնական ռեժիմի պահպանման և վերականգնման նպատակով ԼՂՀ կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությանը հանձնարարվել է եռամսյա ժամկետում ուսումնասիրել և, ելնելով կոնկրետ պայմաններից, սահմանել անտառային պահպանվող շերտերի լայնությունը, որտեղ սահմանափակվում է տնտեսական գործունեությունը, այդ թվում՝ անտառամթերման աշխատանքները։ Վարչապետ Ա. Հարությունյանը վարչությանը հանձնարարեց ուսումնասիրություններ կատարել նաև Սարսանգի ջրամբարում՝ պարզելու այնտեղ առկա կենդանական և բուսական աշխարհի ողջ պատկերը։
Կառավարության ընդունած վերջին որոշումը վերաբերում է ՙՀոնուտի կիրճ՚ պետական բնապատմական արգելոցի զարգացման 2012-2017 թվականների հայեցակարգային ծրագրին։ Հաստատելով այն՝ գործադիրը, միաժամանակ, նախատեսել է միջոցառումների ընդարձակ ցանկ, որի կապակցությամբ իր նկատառումներն է հայտնել կառավարության ղեկավարը։ Ծրագրի պատասխանատու զբոսաշրջության վարչությանը Ա. Հարությունյանը հրահանգեց հստակեցնել անելիքները և հաշվարկել անհրաժեշտ ծախսերը։ Նա առաջնահերթ համարեց, որ ստեղծվեն  գոնե նվազագույն պայմաններ այդ գրավիչ կիրճում զբոսաշրջային աշխուժություն առաջացնելու համար։ Հոնուտի կիրճում նախատեսվում է, մասնավորապես, կառուցել այցելուների կենտրոն, ճոպանուղի, հեռադիտակային հրապարակ և այլն։
 
ԼՂՀ կառավարության տեղեկատվության 
և հասարակայնության հետ 
կապերի վարչություն