comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը
Logo
Print this page

ԼՂՀ արտաքին գործերի նախարարության Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը

ԵԱՀԿ - ում Ադրբեջանի մշտական առաքելության

կողմից տարածված նոտայի առթիվ

            Լեռնային  Ղարաբաղի Հանրապետությունը, ԵԱՀԿ-ում Ադրբեջանի մշտական առաքելության կողմից տարածված նոտայի առթիվ, որը վերաբերում է ԼՂՀ տարածքների իբր բնակեցման նոր փաստերին, ԵԱՀԿ և նրա անդամ-երկրների ուշադրությունն է սևեռում այդ փաստաթղթի քարոզչական  բնույթի վրա, ինչը նպատակ ունի մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և ապակայունացնել բանակցային գործընթացն ու իրավիճակը տարածաշրջանում:

            Չնայած այն ակնառու փաստին, որ իր տարածքում վերաբնակներ ընդունելը ԼՂՀ ինքնիշխան իրավունքն է, տարածվածը իսպառ հիմնազուրկ ապատեղեկատվություն է, ինչը հավաստում են 2010 թ. ընթացքում այդ տարածքի իրավիճակի` ԵԱՀԿ գնահատման առաքելության կողմից անցկացված դիտարկումների արդյունքները: Ինչ վերաբերում է ԵԱՀԿ փաստահավաք առաքելության 2005 թ. հաշվետվությանը, որը վկայակոչում է Ադրբեջանի մշտական առաքելությունը, անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ համաձայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության` առաքելությունը չի հայտնաբերել  «ոչ մի ակնհայտ կազմակերպված վերաբնակեցում» և «չի հաստատվել, թե բնակեցումը նպատակամետ քաղաքականության արդյունք է»:

            Այդ համատեքստում անհրաժեշտ ենք համարում նաև հերթական անգամ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության ուշադրոթյունը հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը  բնակեցնում  է իր կողմից բռնազավթված  Շահումյանի շրջանը, Գետաշենի ենթաշրջանը և ԼՂՀ այլ  բռնազավթված տարածաշրջաններ: Ավելին, Ադրբեջանը  տարիներ շարունակ չի տալիս իր համաձայնությունը` համանման դիտարկում անցկացնել այդ շրջաններում, ինչը անվիճելիորեն փաստում է դրանց բնակեցումը և դա չի կարող լուրջ մտահոգություն չպատճառել ԵԱՀԿ-ին և միջազգային մյուս կազմակերպություններին:

            Ինչ վերաբերում է պաշտոնական Բաքվի հոխորտանքին` ս.թ. հուլիսի 19-ին ԼՂՀ- ում կայացած նախագահական ընտրությունների առթիվ, որոնց որպես դիտորդ ներկա են եղել 22 երկրների, այդ թվում` ԵԱՀԿ անդամ-երկրների ներկայացուցիչներ, Եվրախորհրդարանի պատգամավորներ, և որոնք գնահատվել են որպես ազատ, արդար, թափանցիկ և միջազգային չափորոշիչներին համահունչ, ապա այդօրինակ պահվածքը հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը, որտեղ իշխում է ամբողջատիրական վարչախումբ, որտեղ իշխանությունը հորից փոխանցվում  է որդուն, որտեղ «ընտրություններն» ընդամենը ցուցադրանք են և խաբկանք, չի կարող հարգել ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև իշխանությունների ընտրովիության սկզբունքը` քաղաքացիների իսկական կամարտահայտման հիման վրա:

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.