comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԼՂՀ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԼՂՀ ԱԺ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ

DSC_6058.jpgՀարգարժան ԱԺ նախագահ, պատգամավորներ և ներկաներ
Իմ ղեկավարությամբ գործած կառավարության 5-ամյա շրջանից հետո Նախագահ Բ. Սահակյանը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնի համար իմ թեկնածությունը ներկայացրել է խորհրդարանին՝ համաձայնություն ստանալու նպատակով: Շնորհակալություն եմ հայտնում նախագահին՝ իմ հանդեպ ցուցաբերվող կայուն վստահության համար:

Անցած տարիներին մենք հետևողականորեն փորձում էինք իրագործել այն ծրագիրը, որը ծառայում էր որպես կառավարության գործունեության հիմք, թելադրված էր Նախագահի նախընտրական պարտավորություններից և որն արժանացել էր ԱԺ-ի հավանությանը: Հակիրճ ամփոփելով մեր աշխատանքի արդյունքները՝ արձանագրեմ, որ կառավարությունը կարողացել է հիմնականում լուծել իր առջև դրված խնդիրները, որոնք ամրագրված էին մեր գործունեության ծրագրում. խոսքը, մասնավորապես, վերաբերում է մակրոտնտեսական ցուցանիշներին, սոցիալական ապահովությանը և հանրապետության անվտանգությանը: Համաշխարհային տնտեսության անբարենպաստ պայմաններում, որ հետևանք էին խորացած ֆինանսական ճգնաժամի, մեզ հաջողվել է Արցախի Հանրապետությունում հասնել տնտեսական զգալի աճի: Մեր գլխավոր ծրագրերն առավելաբար կատարվել են՝ շնորհիվ տնտեսական ճիշտ հաշվարկների և նպատակասլաց կառավարման: Դրա հետ մեկտեղ կան բազմաթիվ չլուծված հարցեր, որոնք հետևանք են ինչպես մեր թերի աշխատանքի, նույնպես և այլ առարկայական հանգամանքների: Առկա հիմնահարցերը մեզ ստիպում են ձեռնարկել նոր քայլեր և հանդես բերել  այլ մոտեցումներ՝ մեր երկրի ու հանրության համար հրատապ գործերը արագորեն կարգավորելու համար: Նախորդ տարիների փորձը և ձեռք բերած համակողմանի տեղեկատվությունը մեզ լավագույնս կարող են օգնել՝ հասնելու էական առաջընթացի գործադիր իշխանության աշխատանքի բոլոր ուղղություններով:
Հարգարժան խորհրդարան, ուզում եմ շեշտել, որ երկրի ղեկավարի, խորհրդարանի և ընդհանրապես հանրության սպասելիքներն իմ առնչությամբ մեծ են և պարտավորեցնող: Ես պատրաստ եմ գործելու նոր եռանդով և գործադիրի՝ ավելի մեծ պատասխանատվության ստանձնումով: Մեր ապագա արդյունավետ աշխատանքի համար լավ հիմք են անցած 5 տարվա փորձը և մեր այն նոր նախանշումները, որոնք շատ ավելի իրատեսական ու հիմնավոր են: Մենք պատրաստ ենք բարեփոխելու մեր տնտեսությունն ու կյանքի մյուս ասպարեզներն այնպես, որ բարելավման պտուղները քաղեն մեր բոլոր քաղաքացիները:
Առաջիկայում կձևավորվի նոր կառավարություն. համոզված եմ՝ այն կլինի առավել գործունակ ու արհեստավարժ, կունենա մեր հանրապետության և ժամանակի պահանջներին համապատասխան կառուցվածք և գործունեության նոր ծրագիր: Այն կկազմվի Նախագահի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից, քարոզարշավի ընթացքում մեր հանրությունից ստացված հիմնավոր առաջարկություններից, կառավարության նոր նախանշումներից, քաղաքական ուժերի առաջադրած որոշ նախագծերից: Մենք գերազանցապես կառաջնորդվենք Սահմանադրության 60-րդ հոդվածի պահանջներով, որոնցով սահմանվում են պետության հիմնական խնդիրները տնտեսական, սոցիալական և մշակութային ասպարեզներում:
Հարգելի պատգամավորներ, անցած 5 տարիներին կառավարությունը բնականոն համագործակցել է խորհրդարանի հետ, առաջնորդվել ենք փոխըմբռնման ոգով, միմյանց ավելի լավ ենք ճանաչել, ինչն էլ հանգեցրել է փոխվստահության և խնդիրների շահագրգիռ քննարկման: Այդ ամենը նպաստել է կառավարության գործունեության արդյունավետության բարձրացմանը, օգնել, որ մենք ճիշտ կողմնորոշվենք բազմաթիվ բարդ հարցերում: Վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունը ձեր կողմից համաձայնության արժանանալու դեպքում մենք կզարգացնենք ձեռքբերածը, կհասնենք համագործակցության նոր աստիճանի. խորհրդարանը կշարունակի ունենալ նշանակալից դերակատարություն գործադիրի աշխատանքը նպատակասլաց ու արգասավոր դարձնելու խնդրում: Մենք մշտապես զգալու ենք ԱԺ-ի աջակցության, մեզ հետ անդադար համագործակցության կարիքը:
Անկախ ամեն ինչից, ես շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանին՝ անցած տարիներին իմ հանդեպ ցուցաբերած վստահության և գործակցության համար:
Շնորհակալություն: