comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԼԻԱԳՈՒՄԱՐ ՆԻՍՏԸ

DSC_7269.jpgՍեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:

Շնորհավորելով գործընկերներին ու նրանց բեղմնավոր աշխատանք մաղթելով  նոր նստաշրջանի մեկնարկի կապակցությամբ, խորհրդարանի նախագահը, նախ,  հրապարակեց պատգամավորներ Վլադիմիր Կասյանի և Զոյա Լազարյանի  դիմումները՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ իրենց պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Խորհրդարանն այնուհետև հաստատեց նստաշրջանի օրակարգը:
Անդրադառնալով նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստի օրակարգին՝ ԱԺ նախագահը նշեց, որ, համաձայն կանոնակարգային պահանջի, սեպտեմբերյան նիստում սահմանված է իրականացնել կառավարության հետ հերթական հարցուպատասխանը: Սակայն, ասաց նա, հաշվի առնելով, որ գործող կառավարությունը հրաժարական է տված, ու դեռևս կազմավորված չէ նոր կառավարությունը, ուստի նպատակահարմար է հետաձգել այդ ընթացակարգը՝ այն ամրագրելով Ազգային ժողովի արձանագրային որոշմամբ:
Առարկություններ չհնչեցին, և համապատասխան որոշումն ընդունվեց:
Հաստատվեց նաև նիստի օրակարգը:    
Նիստը նպատակահարմար գտավ անփոփոխ թողնել անցած նստաշրջանում ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախկին կազմը՝ հանձնաժողովի անդամներ վերահաստատելով պատգամավորներ Ռոմելա Դադայանին, Կամո Բարսեղյանին և Լյուդմիլա Բարսեղյանին:    
Ձեռնամուխ լինելով օրենսդրական բնույթի հարցերի քննարկմանը, խորհրդարանն առաջինը քննության առավ ՙԼՂՀ կառավարության կառուցվածքի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը: Այն ներկայացրեց արդարադատության նախարարի պաշտոնակատար  Նարինե Նարիմանյանը, նշելով, որ առաջարկվող օրինագծի՝ որպես օրենք ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է կառավարության կառուցվածքն օպտիմալացնելու և գործադիր իշխանության կողմից իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ինչպես նաև որոշ գերատեսչությունների անվանումներն իրենց գործառույթներին համապատասխանեցնելու նպատակով: Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հաղորդմամբ՝ այդպիսով ուժը կորցրած են ճանաչվում օրենքի 1-ին հոդվածի 5-րդ և 10-րդ կետերը, որոնք վերաբերում են կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Տնտեսական զարգացման նախարարությանը: Միևնույն ժամանակ, ասաց նա, առաջարկվում է  Սոցիալական ապահովության նախարարությունը վերանվանել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Ֆինանսների նախարարությունը՝ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, Զբոսաշրջության վարչությունը՝ Զբոսաշրջության և պատմական միջավայրի  պահպանության վարչություն:
Օրինագծի առնչությամբ դրական էր  գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) եզրակացությունը:  Օրենքն ընդունվեց: 
Նույն ներկայացմամբ քննարկման դրվեց ՙՔաղաքացիական կացության ակտերի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը:  Որպես հիմնավորում նշվեց, որ  այն պայմանավորված է ոչ միայն գործող օրենքի որոշ դրույթների վերախմբագրման ու հստակեցման, այլ նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում  վարչարարության ժամկետների կրճատման և քաղաքացիների սպասարկման համար առավել  բարենպաստ պայմանների սահմանման  անհրաժեշտությամբ: Մասնավորապես,  նշվեց, որ առաջարկվում է վերացնել ՙԼՂՀ տարածքից դուրս մշտապես ապրող քաղաքացի՚  հասկացությունը, հնարավորություն տալով իրականացնել ԼՂՀ  քաղաքացու սպասարկումը՝ անկախ մշտական բնակության վայրից: Բացի այդ, կրճատվում է ամուսնության գրանցման ժամկետը, ինչպես նաև օրենքով հստակ ամրագրվում են  ամուսնության գրանցման ժամկետի կրճատման համար հիմք հանդիսացող  հարգելի պատճառները:  Առաջարկվող մի շարք այլ փոփոխություններ կրում են զուտ խմբագրական բնույթ:
Այնուհետև ներկայացվեց գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: Օրենքն ընդունվեց:
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՙԼՂՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին՚  օրենքի նախագծին, որը նույնպես քննարկման դրվեց արդարադատության նախարարի պաշտոնակատարի ներկայացմամբ: Տվյալ օրինագծի ընդունումը, ասաց նա, բխում է դատաիրավական բարեփոխումները շարունակելու գործընթացից և հիմնականում պայմանավորված է դատավորների քննած դատական գործերի միջին ամսական ծանրաբեռնվածությունը որոշակիորեն թեթևացնելու անհրաժեշտությամբ: Այդ իմաստով, հաղորդեց կառավարության լիազոր ներկայացուցիչը, նախատեսվում է, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն այսուհետ կաշխատի 11 դատավորի կազմով՝ ներկայիս 9-ի փոխարեն, ինչպես նաև կավելանա դատավորների օգնականների թվաքանակը:
Դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը: Օրենքն ընդունվեց:
Խորհրդարանն այնուհետև ի գիտություն ընդունեց ԼՂՀ 2012թ. 1-ին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին ֆինանսների նախարարության տեղեկատվությունը: Կառավարության լիազորմամբ այն ներկայացրեց ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնակատար, ֆինանսների նախարարի պաշտոնակատար Սպարտակ Թևոսյանը՝ նկարագրելով հաշվետու ժամանակաշրջանում երկրի կենսագործունեության բնագավառների ու ոլորտների զարգացման դինամիկան՝ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի ցուցանիշների հետ համեմատության մեջ:       
Այդպիսով՝ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի անդրանիկ նիստն ավարտեց աշխատանքը:

ԼՂՀ ԱԺ ՄԱՄԼՈ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ