comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ս.թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին են արտահանձնել Ռամիլ Սաֆարովին, որը ցմահ ազատազրկման էր դատապարտված հունգարական դատարանի կողմից՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին առանձնակի դաժանությամբ եւ կանխամտածված սպանելու համար։ Ադրբեջանի մայրաքաղաքում Սաֆարովին դիմավորել են իբրեւ ՙհերոսի՚։

Հունգարական իշխանությունները փաստորեն գործարքի մեջ են մտել Ադրբեջանում իշխող վարչախմբի հետ։ Սաֆարովի արտահանձնումը, Ադրբեջանում նրա հանդեպ ցուցաբերվող հատուկ հոգատարությունը նախադեպը չունեցող մարտահրավեր են քաղաքակրթությանը, միջազգային իրավունքին եւ, հատկապես, տարածաշրջանում հանդուրժողականության եւ խաղաղության մթնոլորտի ձեւավորմանն ուղղված միջնորդական ջանքերին։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի խմբակցությունները Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց ներկայացրած երկրների ղեկավարության ուշադրությունը վերստին հրավիրում են այն իրողության վրա, որ Ադրբեջանն իր այդ քայլով հերթական անգամ դրսեւորեց ձեռք բերված համաձայնությունները չկատարելու հակվածություն եւ, որ այդօրինակ գործողությունները չեն կարող վստահություն ներշնչել։ Տվյալ հանգամանքը չպիտի եւ չի կարող հաշվի չառնվել ոչ միայն համանախագահների ու նրանց ներկայացրած երկրների, այլեւ Արցախի ժողովրդի կամքը ներկայացնող խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների կողմից։
Ադրբեջանի կառավարող վարչախմբի այդ եւ նման գործողությունները պետք է խստորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից՝ որպես հասարակության ֆաշիստականացման եւ ցեղասպանային բնույթ կրող հանցագործությունների արդարացման անթույլատրելի փորձեր։
Մենք կոչ ենք անում բոլոր երկրների խորհրդարաններին՝ արժանի գնահատական տալ կատարվածին՝ հանուն Ադրբեջանի կողմից հանցագործ պետական քաղաքականության կասեցման եւ ապագայում նմանօրինակ հրեշավոր հանցագործություններ թույլ չտալու նպատակով։

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի
ՙԴաշնակցություն՚
ՙԺողովրդավարություն՚
ՙՀայրենիք՚ խմբակցություններ