[ARM]     [RUS]     [ENG]

ԼՂՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Փետրվարի 21-ին տեղի է ունեցել ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի անդրանիկ լիագումար նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։
Նիստին մասնակցում էին արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարությանը մասնակցելու նպատակով Ստեփանակերտ ժամանած ՀՀ Ազգային ժողովի  պատվիրակության անդամները՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորությամբ։ 
Նախքան նիստի բացումը՝ ԱԺ նախագահը ներկաներին և  Արցախի ժողովրդին, համայն հայությանը շնորհավորեց  փետրվարի 20-ին նշված Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ։ Խորհրդարանի նախագահը գոհունակությամբ  նշեց, որ ինչպես արցախահայության ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում էր ի սկզբանե, այս հոբելյանական տոնակատարությանը ևս մեզ  հետ է համայն հայությունը՝  Հայաստանում և Սփյուռքում։ Նրա հաղորդմամբ՝  հոբելյանական միջոցառումները չեն սահմանափակվի միայն փետրվար ամսով, այլև, ինչպես ամրագրված է տոնակատարության ծրագրում, կշարունակվեն մինչև տարվա վերջ՝ ՙ2013 թվականը՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տարի՚  նշանաբանով։ 
Փետրվարի անցած ժամանակաշրջանը,  նշեց ԱԺ նախագահը,  հայ ժողովրդի կյանքում նշանավորվեց ևս մեկ կարևորագույն իրադարձությամբ. անցած երկուշաբթի՝ փետրվարի 18-ին, Հայաստանում տեղի ունեցան հերթական նախագահական ընտրությունները, որոնց արդյունքում  Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվեց  գործող նախագահ Սերժ Սարգսյանը։  Աշոտ Ղուլյանը ԼՂՀ Ազգային ժողովի անունից  Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ շնորհավորանք հղեց համոզիչ հաղթանակի կապակցությամբ՝ հաղորդելով լավագույն բարեմաղթանքներ։ 
Համաձայն կանոնակարգային պահանջի՝ նոր նստաշրջանը սկսվեց ԼՂՀ պետական օրհներգի կատարմամբ։ 
Խորհրդարանը նպատակահարմար գտավ անփոփոխ թողնել անցած նստաշրջանում ԱԺ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախկին կազմը՝ հանձնաժողովի անդամներ վերահաստատելով պատգամավորներ Ռոմելա Դադայանին, Կամո Բարսեղյանին և Լյուդմիլա Բարսեղյանին։ 
Որպես ևս մեկ ընթացակարգային հարց՝ խորհրդարանի նախագահը հաղորդեց, որ ԱԺ ՙԺողովրդավարություն՚ խմբակցության ղեկավարից ստացված նամակի համաձայն՝ պատգամավորներ Նելսոն Իվանի Մինասյանը և Հրանտ Ռաֆիկի Սաֆարյանը ս.թ. հունվարի 10-ից սեփական ցանկությամբ համալրել են ՙԺողովրդավարություն՚ խմբակցության կազմը, և այն այսուհետ բաղկացած է 10 հոգուց։ 
Նիստում այնուհետև ողջույնի ու շնորհավորանքի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը,  ընդգծելով, որ պատվիրակության անդամների համար միանգամայն պատվաբեր ու հպարտության տեղիք տվող իրադարձություն է գտնվել Արցախի խորհրդարանում, իր իսկ խոսքով՝ ՙժողովրդավարության սրտում, Արցախի ժողովրդի կամարտահայտման գլխավոր հարթակում՚, անձամբ իր համար՝ հանդես գալ  ՙԱրցախի համար մեկ քաղաքական ամբիոնից՚։ Այս օրերին հնչող շնորհավորանքի խոսքերը, ասաց նա, ուղղված են ոչ միայն արցախահայությանը, այլև համայն հայությանը, քանզի ազգային վերազարթոնքի քառորդդարյա վաղեմության այդ իրադարձությունների շնորհիվ է, որ ի վերջո իրականացավ անկախ պետություն ունենալու հայ մարդու դարավոր երազանքը, ընդ որում՝ զույգ հայկական պետությունների տեսքով։ 
Ապա խորհրդարանը, որպես օրակարգային հարց, լսեց և քվեարկությամբ ընդունեց ԼՂՀ Ազգային ժողովի հայտարարությունը Ղարաբաղյան շարժման 25-ամյակի առթիվ, որը նախաձեռնել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։   Այնուհետև՝ ՀՀ ԱԺ պատվիրակության մեկնելուց հետո, խորհրդարանը ձեռնամուխ եղավ օրակարգային մյուս հարցերի քննարկմանը։
Առաջինը քննության առնվեց ՙՆոտարիատի մասին՚ ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին՚ օրենքի նախագիծը, որը ներկայացրեց արդարադատության նախարար  Արարատ  Դանիելյանը։ Նրա հաղորդմամբ՝ օրինագծով առաջարկվում է նոտարի ժամանակավոր բացակայության դեպքում նրան փոխարինել այն օգնականով, որը համապատասխանում է նոտարի պաշտոնում նշանակվելու՝ օրենքով սահմանված պահանջներին, ինչի շնորհիվ շրջանների բնակիչները ստիպված չեն լինի նոտարական գործողություն կատարելու համար մեկնել մեկ այլ շրջան կամ մայրաքաղաք։  
Դրական էր գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Գագիկ Պետրոսյան) եզրակացությունը։ 
Օրենքն ընդունվեց։
Ապա քննարկվեց ՙԽղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագիծը, որը նախաձեռնել են  պատգամավորներ Ժաննա Գալստյանը և  Անդրանիկ Սարգսյանը։ Համահեղինակների անունից հիմնավորելով օրինագիծը, ժաննա Գալստյանը հաղորդեց, որ առաջարկվում է ազգային տաղավար տոնին հաջորդող աշխատանքային օրը տեղափոխել ոչ միայն նախորդ, ինչպես սահմանված է գործող օրենքում, այլ նաև հաջորդ շաբաթ օր։ Հարցի շուրջ մտքերի փոխանակության արդյունքում, ինչպես նաև հաշվի առնելով գլխադասային՝ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը, խորհրդարանը ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունեց օրենքը։   
Օրակարգի հաջորդ հարցը վերաբերում էր ՙՃանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագծին, որը նիստում ներկայացրեց ԼՂՀ ԿԱ ոստիկանության պետի տեղակալ Մխիթար Գրիգորյանը։ Կառավարության պաշտոնական ներկայացուցչի հիմնավորմամբ՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել ՙC՚ կարգի և ՙC1՚ ենթակարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ստանալու գործընթացը և ինքնուս անձանց հնարավորություն ընձեռել օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցելու նաև համապատասխան որակավորման քննություններին։   
Դրական էր գլխադասային՝  պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի (փոխնախագահ՝ Անդրանիկ Սարգսյան) եզրակացությունը։ Առարկությունների տեղիք չտալով՝ օրենքն ընդունվեց։ 
 ՙՏեղական տուրքերի և վճարների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին՚ օրենքի նախագիծը նիստում ներկայացրեց կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն  Գրիգորյանը։ Նշելով, որ օրինագիծը մշակվել  է տեղական ինքնակառավարման և պետական կառավարման մարմինների առաջարկությամբ, նա հաղորդեց, որ առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է տեղական տուրքերի որոշ դրույքաչափեր ճշգրտելու, դրանք ըստ բնակչության թվի տարբերակելու անհրաժեշտությամբ։  
Դրական էր գլխադասային՝ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Արպատ Ավանեսյան) եզրակացությունը։ Օրենքն ընդունվեց։ 
ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կառլեն Պետրոսյանը նիստում, համապատասխան հիմնավորումներով հանդերձ,  ներկայացրեց թվով 6 օրինագիծ՝ ՙԼիցենզավորման մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙՊետական տուրքի մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԱնշարժ գույքի գնահատման գործունեության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚, ՙԱշխարհագրական անվանումների մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚, ՙԳեոդեզիայի և քարտեզագրության մասին՚ ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚։ Ներկայացված փաստաթղթերից որոշ՝ հիմնականում խմբագրական բնույթի,   տարաձայնությունների տեղիք տվեց   ՙԼՂՀ հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին՚ օրենքի նախագիծը։ 
Օրինագծերի վերաբերյալ դրական էին  գլխադասային՝ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի (նախագահ՝ Հրանտ Սաֆարյան) եզրակացությունները։  Խորհրդարանն ընդունեց  համապատասխան օրենքները։ 
Համաձայն կանոնակարգային պահանջի՝ նիստում լսվեցին նաև տարեկան հաղորդումներ՝  ԼՂՀ դատախազության 2012թ. գործունեության մասին (գլխավոր դատախազ՝ Արշավիր Ղարամյան) և  ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից 2012թ. իրականացված աշխատանքների մասին (խորհրդի նախագահ՝ Բորիս Առուշանյան)։  
Ըստ օրակարգի, կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ նստաշրջանում առաջին՝ օրենսդիր¬+գործադիր հարցուպատասխանի ընթացակարգը։ Պատգամավորների բարձրացրած հարցերը վերաբերում էին հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառների ու  ոլորտների։ 
Այդպիսով՝ ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի անդրանիկ նիստն ավարտեց աշխատանքը։ 
 
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն