comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀՀ-Ն ԵՎ ԼՂՀ-Ն ՕՐԵՆՍԴՐՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏեՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀՀ-Ն ԵՎ ԼՂՀ-Ն ՕՐԵՆՍԴՐՈՐԵՆ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳԵՐԱՏեՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔԵԼ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի շրջանակներում օրերս Ստեփանակերտում անցկացված միջազգային գիտաժողովում առանձնակի հետաքրքրութամբ լսվեց քաղաքական գիտությունների դոկտոր, ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ ՔՈԹԱՆՋՅԱՆԻ զեկույցը՝ ՙՂարաբաղը տարածաշրջանային մեծ պատերազմի սպառնալիքի համատեքստում, Հարավային Կովկասի անվտանգության դինամիկայի ասիմետրիկ չափումը՚ թեմայով: Այն ներկայացվեց գիտաժողովի լիագումար նիստում, որի համանախագահներից մեկը զեկույցի հեղինակն էր:
Մեր խնդրանքով քաղաքագետն իր դիտարկումները ներկայացրեց ՙԱզատ Արցախ՚-ին՝  կապված Հարավկովկասյան և Մերձավորարևելյան տարածաշրջաններում աշխարհաքաղաքական ներկա իրողությունների հետ:
Դոկտոր Հ. Քոթանջյանը կարևոր խնդիր է համարում անվտանգության գործընթացների դինամիկայի ասիմետրիկ բնույթի գնահատումը Հարավային Կովկասում և մերձակա տարածաշրջանում, որոնք անվտանգության արտաքին միջավայր են հանդիսանում արդեն 20-ամյա անկախություն ունեցող Արցախի Հանրապետության համար: Մեծ Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական համակարգում տեղի ունեցող մասշտաբային փոփոխությունները Հարավային Կովկասի անվտանգության համար նոր խնդիրներ են ստեղծում, որոնք կարող են սրել և վերաձևաչափել ներտարածաշրջանային սպառնալիքները: ՙԱրաբական գարնան՚ դժվարկանխատեսելի զարգացումները, Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջազգային լարվածության ուժեղացումը, իսլամական աշխարհի նկատմամբ Թուրքիայի ՙնեոօսմանիզմի՚ արտաքին քաղաքականության ծավալումը, Կենտրոնական Ասիայում անվտանգության հեռանկարների դինամիկայի բարդացումը՝ 2014թ. Աֆղանստանից դաշնային զորքերի դուրսբերման կապակցությամբ, ինչպես նաև Եվրոպական միության աշխարհառազմավարական տարածքում համակարգային ճգնաժամի խորացումը, քաղաքագետի գնահատմամբ, այն հիմնական արտաքին գործոններն են, որոնք ազդում են Հարավային Կովկասում անվտանգության դինամիկայի վրա: Տարածաշրջանում անվտանգության պահպանման համար որոշակի դեր է խաղում Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի՝ միջազգային համակարգերում ներգրավված լինելու 
հանգամանքը: Որպես դրական գործոն նա նշեց Հայաստանի առավել հավասարակշռվածությունն՝ անվտանգության իր զանազան կողմնորոշումների զարգացմամբ, ինչպես նաև անվտանգության ասպարեզում նրա զուգահեռ համագործակցությունն ինչպես ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի, այնպես էլ համաշխարհային ուժային այլ կենտրոնների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի, Եվրոպայի և Մեծ Մերձավոր Արևելքի երկրների հետ: Դրա հետ մեկտեղ գեներալը շեշտեց, որ Հարավային Կովկասում անվտանգության դինամիկայի վրա ազդում են հենց իրենց՝ հարավկովկասյան երեք հանրապետությունների բարդ հարաբերությունները, որոնք արտացոլում են անվտանգության առումով նրանց չհամընկնող շահերը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նկատմամբ: Հարավային Կովկասում անվտանգության զարգացման դինամիկայի բնույթն զգալիորեն պայմանավորված է մեր տարածաշրջանի երկրների քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական զարգացման անհամաչափությամբ, ինչպես նաև միջազգային հանրության կողմից չվերահսկվող սպառազինությունների մրցավազքով՝ չլուծված հակամարտությունների առկայության պայմաններում: Եվ վերջապես, տարածաշրջանային ու ազգային անվտանգության տեսանկյունից բացառապես կարևոր ներքին գործոն են առաջիկայում խորհրդարանական և նախագահական ընտրությունների նախապատրաստումն ու անցկացումը հարավկովկասյան երեք հանրապետություններում:  Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին, դոկտոր Քոթանջյանի համոզմամբ,  ԼՂՀ¬ի և Ադրբեջանի  փոխադարձ ճանաչման մեջ է: Խոսքը գնում է այն պարադիգմաների վերաիմաստավորման մասին, որոնք ընկած են Մադրիդյան սկզբունքների հիմքում: Դրանք նպատակաուղղված են պատերազմի չվերսկսումը երկարաձգելուն: Կարևոր է այն իրողության գիտակցումը, որ կողմերի փոխադարձ ճանաչմամբ է պայմանավորված հակամարտության խաղաղ լուծումը: Ռազմավարական հետազոտությունների մի շարք կենտրոններ նշում են Մերձավոր Արևելքում տարածաշրջանային կործանարար պատերազմի հավանականությունը, որի ուղեծրում անխուսափելիորեն կհայտնվի նաև Հարավային Կովկասը: Նման աղետալի զարգացումների պարագայում Հայաստանի ազգային անվտանգության համար հիմնական սպառնալիքը եղել և մնում է Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ: Ի±նչ կարծիքի է քաղաքագետը ԵԱՀԿ  Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցությունների մասին. շատ փորձագետներ ու վերլուծաբաններ շեշտում են, որ ներկա ձևաչափը լրիվությամբ սպառել է իրեն: Այս առնչությամբ մեր զրուցակիցը նշեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով հրադադարի պայմանագրի ստորագրման պահից ՀՀ-ն աջակցում է խաղաղ կարգավորման գործընթացին, որն ընթանում է ԵԱՀԿ հովանու ներքո: Նրա կարծիքով, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին  հանդիպմանը նկատվել է որոշակի առաջընթաց: ՙՀայտնի է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի լուծվում այն պատճառով, որ Ադրբեջանը չի ճանաչում ԼՂ Հանրապետության գոյության իրավունքը: Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշման անքակտելի իրավունքը, ընդհուպ նրա անկախությունը, մինչ այսօր չճանաչելն Ադրբեջանի իշխանությունների կողմից ոչ այլ ինչ է, քան միջազգային իրավունքի մեկնաբանության էկզոտիկ տեղային տարբերակ: Բավական է միայն ծանոթանալ նրանց սահմանադրությանը՝  համեմատելով ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի այլ հիմնադրույթների հետ՚,- ընդգծեց Հ. Քոթանջյանը: Նրա համոզմամբ՝ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հիմքում, ինչպես պաղեստինա-իսրայելական հակամարտության պարագայում է, բոլոր առանձնահատկությունների հաշվառմամբ, պետք է լինի կողմերի՝ ԼՂՀ-ի և Ադրբեջանի փոխադարձ ճանաչման անհրաժեշտությունը: Այդ դեպքում հնարավոր կլինի խնդրի համընդգրկուն խաղաղ լուծումը:  Արդյո±ք ղարաբաղյան կողմի համար ընդունելի են Մադրիդյան սկզբունքները: Հարցին քաղաքագետը տվեց, անվտանգության տեսանկյունից, հստակ պատասխան. ՙԵթե դիտարկենք Մադրիդյան սկզբունքները, ապա մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք այն հանգամանքին, որ դրանց հիմքում ընկած է ԼՂՀ զինված ուժերի կազմաքանդման իմպերատիվը, ինչն Արցախի անկախ պետականության կարևորագույն ատրիբուտներից մեկն է: Այդ տեսանկյունից Ղարաբաղի հայության անվտանգության, ցեղասպանության կրկնումից խուսափելու երաշխիք ապահովելու համար նպատակահարմար է Մինսկի գործընթացում խորհրդատվություններն ուղղել Ադրբեջանի և Արցախի հանրապետությունների փոխադարձ ճանաչմանը՝ այն նպատակով, որպեսզի ապահովվի ԼՂՀ  ՊԲ-ի հնարավոր համագործակցությունը միջազգային խաղաղապահ ուժերի հետ, եթե դրանք տեղակայվեն հակամարտության գոտում: Այս համատեքստում նա կարևորեց նաև ԼՂՀ ՊԲ-ի և ՀՀ զինված ուժերի՝ որպես հայկական երկու անկախ, լեգիտիմ պետությունների ռազմական գերատեսչությունների միջև ռազմաքաղաքական համագործակցության քաղաքական-իրավական ձևակերպումը: Խնդրի լավագույն լուծումը կարող է լինել ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև համապատասխան պայմանագրի կնքման քաղաքական-իրավական մանրազնին նախապատրաստությունը՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման խնդրում համագործակցության համար:  
Իսկ թե ինչ ազդեցություն կարող են ունենալ Պարսից ծոցում ծավալված իրադարձությունները Հայաստանի և Արցախի անվտանգության վրա, մեր զրուցակիցը նշեց, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարածաշրջանային լարվածությունն ակնառու է, ուստիև, անվտանգության սեփական շահերից ելնելով, Հայաստանը մշակել է դիրքորոշում, համաձայն որի՝ պետք է հարգվի Թեհրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային տեխնոլոգիաների օգտագործման օրինական իրավունքը: Պաշտոնական Երևանը հանդես է գալիս որպես իրանական ճգնաժամի խաղաղ կարգավորման կողմնակից՝ երկխոսության, բանակցությունների և համաձայնության ճանապարհով: Շարունակելով մեկնաբանությունը՝ Հ. Քոթանջյանն անհրաժեշտ համարեց անդրադառնալ մի շարք հրապարակումներում Սիրիայի և Իրանի հետ հակամարտության խորացման շուրջ գերակշռող տեսակետներին, այսպես կոչվաձ, սիմետրիկ և ասիմետրիկ պատերազմների հնարավոր սանձազերծման վերաբերյալ: Այստեղ, նրա խոսքերով, պետք է ուշադրություն դարձնել այն գործոններին, որոնք կապված են հակաամերիկյան հնարավոր առանձնահատուկ ռեսուրսների կենտրոնացման հետ՝ ոչ միայն սիմետրիկ՝ բացահայտ պատերազմներ, այլև գաղտնի՝ ասիմետրիկ պատերազմներ վարելու առումով: ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի մենագրական հետազոտության տվյալներով՝ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում կան մոտ 40 հազար հատուկ գործակալներ, որոնք մասնագիտացված են ասիմետրիկ պատերազմների մեթոդով գործողություններ վարելու ուղղությամբ՝ ինչպես Իրանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:  Վերջում քաղաքագետը վերստին կարևորեց այն միտքը, որ այժմ Հայաստանին անհրաժեշտ է, Արցախի հետ համագործակցելով, ստեղծել արձանագրությունների մի համակարգ, որն այս փուլում կունենա ավելի շատ քաղաքական, քան իրավական նշանակություն, ինչը միջազգային հանրությանը ցույց կտա, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն պատրաստ են լիարժեքորեն համագործակցել անվտանգության ոլորտում՝ միջպետական հարաբերությունների հիմքի վրա, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Պայմանագրերի կնքման համար օրենսդրական հիմք կարող են հանդիսանալ 2010թ. ՀՀ  ԱԳՆ-ի նախաձեռնությամբ Ազգային ժողովում ՙՄիջազգային պայմանագրերի մասին՚ ՀՀ օրենքում կատարված այն լրացումները, որոնք հնարավորություն են ընձեռում ՀՀ-ին խաղաղության և անվտանգության հարցերի վերաբերյալ կնքել միջազգային պայմանագրեր նաև չճանաչվաձ պետական կազմավորումների հետ: Այդ տեսանկյունից հեռանկարային պետք է համարել երկու հայկական պետությունների ռազմական գերատեսչությունների միջև հորիզոնական, դաշնային բնույթի հարաբերությունների ստեղծմանն ուղղված քայլերը, որոնք կհանգեցնեն Արցախի Հանրապետության միջնորդավորված ճանաչմանը: Նման ճանաչման համար հիմք կարող է ծառայել ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև համապարփակ երկկողմանի պայմանագրի կնքումը ռազմավարական գործընկերության մասին՝ տարածաշրջանում խաղաղության պահպանման վերաբերյալ: Դա թույլ կտա ԼՂՀ ՊԲ-ին խաղաղության և կայունության պահպանման նպատակով, ՀՀ զինված ուժերի հետ համագործակցության միջոցով, միջնորդավորված ձևաչափերով փաստորեն ներառվել կոլեկտիվ անվտանգության համակարգերի խաղաղակերտ ջանքերի շրջանակի մեջ՝ ինչպես ՀԱՊԿ-ի և ԵԱՀԿ-ի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ծրագրերում: 
 
Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ