comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՅՍՕՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ Է, ԱՅԼ` ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍՕՐ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՈՉ ԹԵ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ Է, ԱՅԼ` ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ

Susanna_Zolyan.jpgԱնցած շաբթում  անցկացված՝ ՙԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ՚ թեմայով միջազգային գիտաժողովն իրադարձային էր ԼՂՀ հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների շարքում: Հրավիրելով Հայաստանից և աշխարհի մի շարք երկրներից՝ Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Հոլանդիայից, ԱՄՆ¬ից, Հունաստանից, Մեծ Բրիտանիայից քաղաքական գործիչների, քաղաքագետների, փորձագետների և տեսաբանների, հանրապետության ղեկավարությունը Ազգային ժողովի ամբիոնը տրամադրեց  ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ կարծիքների լայն սպեկտրն արտահայտելու համար:  
Ըստ էության, դրանում էլ հենց կայանում էր միջոցառման նպատակը. լսելով հայազգի  և  հրավիրված փորձագետների կարծիքը` ևս մեկ անգամ վերլուծել և իմաստավորել հակամարտության քաղաքական և իրավական ասպեկտները, անցած 2 տասնամյակների նվաճումները, բացթողումները տարածաշրջանային ու քաղաքական գործընթացների համատեքստում, կանխորոշել դեպքերի հավանական զարգացումը,  անհրաժեշտ եզրահանգումներ անել ու մատնանշել առաջիկա գործունեությունը:  Սույն հոդվածում ցանկանում ենք մեր ընթերցողներին ծանոթացնել Երևանի լեզվաբանական համալսարանի ռեկտոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, քաղաքագետ Սուրեն ԶՈԼՅԱՆԻ դիրքորոշմանը, որի ՙԼեռնային Ղարաբաղ. հին հիմնախնդիրներ, նոր մարտահրավերներ՚ զեկուցումից էլ սկսվեց գիտաժողովի 2-րդ բաժանմունքի աշխատանքը: Բաժանմունքի ՙԼՂՀ¬ի տեղն ու դերը  տարածաշրջանային և միջազգային գործընթացներում՚ թեման, թերևս, դարձավ  ամենահրատապն ու բանավեճայինը գիտաժողովի ողջ աշխատանքում, ինչը սկզբունքորեն և սպասվում էր,  քանի որ,  ինչպես հայտնի է, հենց վերոնշյալ գործընթացներն են որոշիչ դեր խաղում ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում:
-Պրն Զոլյան, զեկուցման մեջ Դուք բազմիցս զուգահեռներ անցկացրիք Կոսովոյի, Լիբիայի և այլ թեժ կետերի հետ ու նշեցիք, որ բոլոր մյուս դեպքերում ընդունվել են քաղաքական որոշումներ, բայց միայն՝ ոչ Ղարաբաղի դեպքում: Որն է միջազգային  հանրության նման դիրքորոշման քաղաքական դրդապատճառը: Կարելի է, արդյոք,  արմատական փոփոխություններ ակնկալել 2012-ին:
- Չնայած ես լավատես եմ, սակայն գտնում եմ, որ ո°չ 2012-ին, ո°չ 2014-ին ու 2015-ին այդ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվելու: Սակայն գործընթացը գնում է, ուստի մենք պետք է հասկանանք, թե, այդուհանդերձ, ինչ է անհրաժեշտ  անել: Ոչ մի փաստաթուղթ ավելորդ չէ պետական անկախության ձեռքբերման իրական գործընթացում:  Մենք, իհարկե, կարող ենք մեր վիրավորանքն արտահայտել, այնուամենայնիվ,  չարժե ամեն անգամ միջնորդներին, մյուս փորձագետներին ցույց տալ, որ մեր նկատմամբ հանիրավի կիրառվում են երկակի ստանդարտներ: Սակայն գլխավորն այն է, որ իրավիճակն այսօր, այդուհանդերձ, փոխվում է: Եթե 90-ականների սկզբներին ինքնորոշման իրավունքի մասին ոչ ոք լսել անգամ չէր ուզում, իսկ որոշ փորձագետներ պնդում էին, թե այդպիսի իրավունք  չկա կամ, լավագույն դեպքում,  ասում, թե այն պետք է համատեղվի տարածքային ամբողջականության սկզբունքի հետ, այլ խոսքով` վերջնական արդյունք պետք է լինի ինքնավարությունը, ապա այսօր այդ մասին արդեն ոչ ոք չի խոսում:
- Ինչու: Երկակի ստանդարտներն այլևս չե±ն գործում:
- Բանն այն է, որ միջազգային կազմակերպություններն իրենց մեխանիզմներով շատ պահպանողական են: Եթե ինչ¬որ բան մտել է որոշակի բանաձևի մեջ, ապա այն, այսպես ասած, դժվար է արմատախիլ անել: Եվ, ցավոք, 90-ականներին ձևավորված այդ մոտեցումը, այն է` տարածքային ամբողջականության սկզբունքի գերակայությունն ինքնորոշման իրավունքի նկատմամբ, ամրագրված է ԵԱՀԿ-ի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ  բոլոր փաստաթղթերում:
 - Բայց չէ որ Կոսովոյի հարցում այդ վերաբերմունքը հեշտությամբ փոխվեց:
 -Այո, Կոսովոյի դեպքում ասացին. ՙԵթե Սերբիայի հետ հնարավոր չէ պայմանավորվել, եկեք նրան դուրս թողնենք այդ գործընթացից՚: Սակայն քաղաքական գործընթացների տեսանկյունից Սերբիան մի դեպք է, Ադրբեջանը՝ ուրիշ դեպք: Այսօր  իմ զեկուցման մեջ  մի օրինակ բերեցի. հարգարժան եվրոպական փորձագետը Կոսովոյի և Ղարաբաղի միջև տարբերությունը տեսնում է  ԱՄՆ¬ի պետդեպարտամենտի տարբեր դիրքորոշումների մեջ: Դա պետք է հաշվի առնել: Սակայն այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ դա մեզ չի խանգարում: Այսօր ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ղարաբաղի մոտ լայն առումով երևան է գալիս ոչ թե պաշտպանական (ինչպես 90-ական թվականներին էր), այլ հենց հարձակողական դիրքորոշումը: Որովհետև այսօր Ղարաբաղը հարցեր է դնում, որոնց Ադրբեջանը չի կարողանում պատասխան տալ, իսկ միջազգային հանրությունը չի կարողանում խույս տալ պատասխաններից: Ուստի հիմնախնդրի լուծումն այսօր քննարկվում է հանրաքվեի տեսքով: Մենք պետք է հասկանանք, որ, իհարկե, գոյություն ունի երկկողմանի գործընթաց: Եվ այսօր, հաշվի առնելով Ադրբեջանի հետ կապված նախագծերի աշխարհաքաղաքական և տնտեսական կարևորությունը, ոչ ոք նրա  հետ  չի վարվի այնպես, ինչպես վարվեցին Սերբիայի հետ: Դա ակնհայտ է: Ուրեմն պետք է լինի  ինչ¬որ  անորոշ ձևակերպում, որը Ադրբեջանին թույլ կտա  պաշտպանել իր դեմքը: Ըստ իս, հանրաքվեի հայտնաբերված  ձևը լիովին կիրառելի է այդ ռազմավարության համար: Սակայն պետք է հաշվի առնել նաև հետևյալը. ոչ ոք Ադրբեջանին թույլ չի տա ապակայունացնել իրավիճակը՝ հենց հաշվի առնելով տնտեսական նախագծերի ողջ կարևորությունը...
-Նրանք բացառում են ապակայունացման հավանականությունը:
-Ես չէի կամենա այդքան կատեգորիկ լինել: Ամեն դեպքում միջնորդները դեմ են իրավիճակի որևէ անկայունացման: Եվ դա պետք է օգտագործել մեր պետական ինստիտուտների կայուն զարգացման ու ամրապնդման համար: Վերհիշենք  5 հազար տարի առաջ ստեղծված հին չինական ասացվածքը. ժամանակը լուծում է բոլոր խնդիրները:
-Այսինքն՝ ինչպես ասացին բոլոր զեկուցողները, պետք է սովորել ապրել հակամարտության մեջ:
-Ոչ: Ես այդպես չէի ասի: Հակառակը: Չլուծված հակամարտությունը կարող է հանդարտ ընթացք ունենալ, բայց կարող է և սրվել: Սակայն պետք է սովորել ապրել՝ ինքդ քեզ ապահովագրելով այդ իրավիճակի բացասական հետևանքներից: Քանի որ բոլոր դեպքերում հակամարտությունը սառեցված է: Ինչ էլ որ ասենք այն մասին, թե ինչ է կատարվում սահմանի վրա, ինչ բարդություններ կան, հակամարտությունն այսօր, այնուամենայնիվ,  գտնվում է սառեցված վիճակում: Նշանակում է՝ մենք պետք է ձեռնարկենք միջոցներ, որպեսզի...
-Այսինքն՝ դուք ապրեք ձեզ համար, իսկ մենք ինքներս մեզ ճանաչենք ու ապրենք...
-Հասկանում եք, մենք պետք է ընդունենք խաղի այդ կանոնները, որպեսզի հակամարտության ապասառեցում տեղի չունենա: Այդպես ևս չի կարելի. այ, ինքներս մեզ կճանաչենք, և թքած ունենք բոլորի վրա: Չի կարելի ուրիշների վրա թքել. թուքը բումերանգի էֆեկտ ունի: Դրա համար են ասում՝ մի թքիր ջրհորի մեջ: Հենց հակառակն է պետք. հաշվի առնել արտաքին հանրությունների պարագան` աշխատել նրանց հետ ու ամեն անգամ գոնե մի սանտիմետրով առաջ ընթանալ:  Ես գտնում եմ, որ այս գիտաժողովն  էլ հենց այդ ոչ մեծ քայլն է, բայց քայլ` անհրաժեշտ ուղղությամբ, որն ամրապնդում է մեր այն գիտակցությունը, թե որքան իրավական են այն հարցերը, որոնք բարձրացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն իր դե ֆակտո գոյության մասին:    
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ