comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՆԵՐՔԻՆ ԱՆԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ

altԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ և հեռանկարներ՚ թեմայով վերջերս Ստեփանակերտում անցկացված գիտաժողովին հրավիրված էր նաև  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (Երևան) տնօրեն Ռիչարդ 
ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ: Ներկայացնում ենք նրա հետ ունեցած մեր հարցազրույցը: 
-Պարոն Կիրակոսյան, շատ քաղաքագետներ ղարաբաղյան հիմնախնդիրը համեմատում են տասնամյակներ ձգձգվող արաբա-իսրայելական հակամարտության հետ, նշելով, որ ինչ ձևաչափով էլ ընթանան բանակցությունները խնդրի խաղաղ կարգավորման շուրջ, միևնույն է, լուծումը տեսանելի չէ: Կուզենայինք իմանալ Ձեր անձնական տեսակետը:
- Ասեմ, որ անձնապես շատ թերահավատ  եմ, իսկ այդ հարցում հատկապես թերահավատ եմ երկու կողմից: Նախ` չեմ ընդունում,  երբ ասում են, թե շատ մոտ ենք կարգավորմանը, մոտ ենք համաձայնությանը, ինչպես  Մեթյու Բրայզան էր սիրում կրկնել: Մյուս կողմից էլ թերահավատ եմ, երբ լսում եմ այն տեսակետը, ըստ որի`  ղարաբաղյան հակամարտությունն ավելի մոտ է արաբա-իսրայելականին: Համաձայն չեմ: Եվ  կարծում եմ, որ մոտակա 10-15 տարիների ընթացքում ոչինչ չպիտի փոխվի հետևյալ պատճառներով. առաջին` Բաքուն քաղաքական կամք չի դրսևորում ոչ դիվանագիտական և ոչ էլ ռազմավարական առումով: Բաքուն ելնում է մաքսիմալիստական դիրքերից` պահանջելով ամեն ինչ, իրական մոտեցում  չցուցաբերելով հակամարտությանը: Երկրորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը մինչև հիմա չի գիտակցում, որ պատերազմն ավարտվել է, իսկ Ղարաբաղը դեպի Ադրբեջան վերադարձի ճանապարհ չունի: Հետաքրքիրն ինձ համար այն է, որ այդ դասը չեն սերտել Բաքվում, և նույնիսկ մտածում են, թե ռազմական ճանապարհով, այսինքն`  պատերազմը վերսկսելով կարող են խնդիրը լուծել: Կա մի այլ կարևոր հանգամանք. Մինսկի խմբի համանախագահները փակ սենյակում խոսակցություններ վարելիս ասում են, որ Ղարաբաղը չի կարող վերադառնալ Ադրբեջանի կազմ, որովհետև արդեն ինքնուրույն է: Բայց օրակարգում են պահում  շրջանների վերադարձի հարցը: Այժմ արմատական խնդիրը, ասել է թե` դժվարությունը, տարածքների հետ է կապված:
- Պարզ է, խոսքը Ադրբեջանից ազատագրված հայկական պատմական տարածքների մասին է: Բայց դրանք հստակ ամրագրված են մեր երկրի Սահմանադրության մեջ` որպես ԼՂՀ անբաժանելի մաս:
- Այո, շրջանները չի կարելի վերադարձնել, քանի որ դրանք  ռազմավարական նշանակություն ունեն: Խոսելով փոխզիջումների մասին` Մինսկի խումբը հետապնդում է երկու կարևոր նպատակ. Ադրբեջանին պահել բանակցային սեղանի շուրջ, և երկրորդ`  համոզել նրան, որ պատերազմը խնդրի լուծման միջոց չէ: 
- Այսօր միջազգային պրակտիկայում առկա են ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման նախադեպեր` Կոսովո, Արևելյան Թիմոր, Հարավային Սուդան և էլի կլինեն: Այսինքն` կարիք չկա ինչ¬որ նոր մոդել փնտրել: 
- Կոսովոն եզակի դեպք է. այն անկախություն ձեռք բերեց ամերիկյան հատուկ մշակված ծրագրով: Ընդհանրապես լավ է, որ նախադեպեր կան, նոր ինքնուրույն պետություններ են ձևավորվում, այսինքն` շարժում կա: Սպասվում է նաև Իրաքյան Քուրդիստանի անկախացումը: Ղարաբաղի պարագայում գործում են շատ ավելի հզոր հիմքեր: Ղարաբաղը շատ բանով է տարբերվում նշված երկրներից, և առաջին հերթին նրանով, որ այն Ադրբեջանի կազմ է մտցվել բռնությամբ, նախկին խորհրդային հասարակարգի օրոք: Ղարաբաղի  անկախությունը բավականաչափ հիմնավորված է և չի տեղավորվում կոնկրետ մեկ մոդելի մեջ: Հատկապես կուզենայի ընդգծել հայկական երկու պետությունների հզորությունը, իսկ Ադրբեջանն  ավելի թույլ է, քան նախկինում: Այդ առումով էլ մի քիչ լավատես եմ, և եթե ինձ հարցնեք, թե, ի վերջո, որն է խնդրի լուծման վերաբերյալ իմ տեսլականը,  կասեմ,  որ այն հիմնված է Ադրբեջանի ներքին անկայունության վրա: Ադրբեջանը նմանվում է Սիրիային: Հետևաբար, Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի հենց այդ անկայունության պատճառով:  Մեզ մոտ քաղաքական կայուն վիճակ է:   
- Ընթացիկ տարում Մինսկի խմբի համանախագահող պետություններում սպասվում են նախագահական ընտրություններ:  Եթե դիտարկենք Մինսկի խմբի գործունեության տեսանկյունից, ապա կարելի՞ է ակնկալել որոշակի տեղաշարժեր զուտ  ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների համատեքստում:
- Պուտինը շատ է տարբերվում Մեդվեդևից: Մեդվեդևը պատրաստ էր ժամանակ ու քաղաքական կապիտալ ծախսել կարգավորման համար` փորձելով լեզու գտնել բոլոր կողմերի հետ: Բայց Պուտինն ավելի կտրուկ է: Նա համոզելու ժամանակ չունի. կփորձի խոսել ՙմահակի՚ օգնությամբ, այսինքն` ճնշումներ գործադրելու ճանապարհով: Բայց մյուս կողմից էլ հայաստանյան ղեկավարությունը նախկինը չէ: Եթե ռուսները փորձեն ճնշում գործադրել, արդյունքը կլինի ճիշտ հակառակը: 
- Ի՞նչ եք կարծում, Հայաստանի եվրաինտեգրումն ինչպե՞ս կարող է ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ռուսական կողմը կարծես խանդով է վերաբերվում դրան: 
- Դա ավելի շատ ներկայացում է: Եվրաինտեգրմանը Ռուսաստանն ավելի հանգիստ է վերաբերվում, իսկ ահա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Հայաստանին հասկանալ տվեցին, որ դա իրենց համար ցանկալի չէ: Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ ավելի ընդունելի է, քանի որ այն առանձնակի վտանգ չի ներկայացնում: ՌԴ-ում մտածում են այսպես. ավելի լավ է Հայաստանի մերձեցումը Եվրամիությանը, քան ՆԱՏՕ-ին, ասել է թե`  ԱՄՆ-ին,  որովհետև  ԱՄՆ-ն ուժով դեպի իրեն է քաշում Հարավկովկասյան տարածաշրջանը: Սա իմ համոզմունքն է: 
- Թուրքիայի հետ կապված` կուզենայի հարցնել. Ձեր վերջին մեկնաբանություններից մեկում այն միտքն էիք արտահայտել, որ Թուրքիան կարող է արևելյան կողմնորոշում վերցնել: 
- Դատենք ավելի լայն համատեքստում. նախ չարդարացան Թուրքիայի` Եվրամիություն մտնելու հույսերը, իսկ դրանից նրա ջղերը թուլանում են: ԱՄՆ-ի հաշվարկներով` Թուրքիայի ակտիվությունն ավելի ձեռնտու է Սիրիայի, արաբական հեղափոխությունների, Պարսկաստանի և հրեական հարցերում, քան արևմտյան ուղղությունում: Երկրորդ հանգամանքը. Դավութօղլուն և նրա թիմակիցները հայտարարում են, որ եթե մինչև հիմա Թուրքիան դիտում են Սիրիայի, Պարսկաստանի կամ հրեաների հետ ունեցած հակասությունների համատեքստում, ապա իրենք թերևս պիտի վերադառնան հայ-թուրքական արձանագրություններին` որպես իրենց համար հաջողություն ապահովող ճանապարհ: Արձանագրությունները ՙմեռան՚ իբրև փաստաթուղթ, բայց դրանց բուն իմաստը համաձայնության հասնելու ձգտումն է: 
- Իսկ ի՞նչ վտանգներով է հղի Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների ջերմացումը:
- Եթե Մինսկի խումբը  դիտենք որպես հիմնական միջնորդ ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, ապա մենք գիտենք, թե ինչ են ուզում ամերիկացիներն ու ֆրանսիացիները: Լրիվությամբ հասկանալի է նաև ադրբեջանցիների դիրքորոշումը: Բայց ռուսներն ուրիշ են: Վերջին երկու տարում ռուսները մերձենում են Բաքվին, գլխավորապես էներգակիրների հետ կապված: Եթե այդ մերձեցումը լինելու է նաև Ռուսաստան-Թուրքիա կապով, ապա դա ցանկալի զարգացում չէ: Ես մտահոգ եմ նաև, որ ապագայում Ռուսաստանի հետ մերձենալով` Ադրբեջանը մի նոր վայնասուն  կբարձրացնի  իր կորուստների շուրջ, ինչը հնարավոր զարգացում պետք է համարել:
- Հավանակա՞ն եք համարում պատերազմը Պարսից ծոցում: 
- Եթե այստեղ ծավալվեն ռազմական գործողություններ, ապա դրանք չեն կարող նմանվել Իրաքին: Այդ բախումն օդային  տարածք ներխուժելու տեսքով է լինելու: Հրեաները պահանջում են ապրիլ-հունիս ամիսներին ռազմագործողություններ սկսել: Բայց դա իրական չեմ համարում և պետք է ասեմ, որ եթե նպատակն օդուժի գործադրումն է, տարածքը ռմբակոծելը, ապա դա  անիմաստ է, քանի որ Իրանի միջուկային ռեակտորները լրիվությամբ գտնվում են գետնի տակ:   
- Ըստ լրատվամիջոցների հաղորդագրության` ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել էր 2012թ. նվազեցնել Հայաստանին տրվող ամենամյա ֆինանսական օժանդակությունը: Ինչո՞վ կբացատրեք:  
- ԱՄՆ վարչակարգը, իրոք, որոշ չափով կտրեց ֆինանսական օգնությունը, բայց կտրեց ոչ միայն Հայաստանից, այլև նախկին խորհրդային հանրապետություններից: Պատճառը հետևյալն  է. 300 միլիոն ամերիկյան դոլար ամերիկացիները դրեցին արաբական երկրների վրա: Այնպես որ` դա այնքան էլ լուրջ նորություն չէ:
- Դառնանք ղարաբաղյան խնդրին. նման աշխարահաքաղաքական իրողությունների համապատկերին հայկական կողմի գլխավոր անելիքը ո՞րն եք համարում: 
- Կարևորում եմ Հայաստանի ռազմական ներուժը, որը շատ  ակտիվ է կոմպլեմենտար քաղաքականության արդյունքում. նկատի ունեմ  համագործակցությունն ամերիկացիների (ՆԱՏՕ-ում),   ռուսների (ՀԱՊԿ) հետ, ինչպես նաև հայ խաղաղապահների ներկայությունը  Աֆղանստանում, որտեղ ներկա դրությամբ երեք անգամ ավելի շատ զինվոր է գտնվում` նախկինի համեմատ: Հայաստանն ու Ղարաբաղը, կայունության և անվտանգության առումով, բավականին լավ դիրքեր ունեն տարածաշրջանում, քան հակառակորդ երկիրը, որը միայն ՙպատերազմ՚ է գոռում:

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ
 
;