comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ԷԳԵՄԵՆ ԲԱՂԸՇԸ` ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ

altԹեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը:
  Որքան էլ որ զարմանալի է, Էգեմեն Բաղըշը, լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի` ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլ հակառակորդ:  
 Թեև Բաղըշը երկու տարի ի վեր  նախարարի պաշտոնում նշանակվելուց սկսած մշտապես հանդես է գալիս անհեթեթ հայտարարություններով, Ցյուրիխում նրա վերջին կոպիտ սխալը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետում: Թուրքիայի նախարարը ինքնավստահ ձեռնոց նետեց Շվեյցարիայի իշխանություններին (եթե կարող են` ձերբակալեն իրեն)` պարծենալով, որ ՙ1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ՚: Շվեյցարիան ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը նման է Ֆրանսիայի օրինագծին: Շվեյցարիայի դատախազը ստուգում է Բաղըշի խոսքերը և նրա դիվանագիտական կարգավիճակը` տեսնելու համար, թե արդյոք կարող է պատժամիջոցներ  կիրառել նրա նկատմամբ ցեղասպանությունը ժխտելու համար:
Իհարկե, քաջագործություն չէ դիվանագիտական անձեռնմխելիության քողի տակ թաքնվելը և դոնքիշոտյան հայտարարություններ անելը` ձեռնոց նետելով այլ երկրների օրենքներին: Եթե նախարար Բաղըշը լիներ իրական մաչո, նախ կհրաժարվեր իր անձեռնմխելիությունից, ապա կգնար Շվեյցարիա` հրապարակավ հերքելու համար Հայոց ցեղասպանությունը: Այնուամենայնիվ, պարզվում է, որ այս կտրիճ թուրք նախարարը իսկական վախկոտի մեկն է: Այն բանից հետո, երբ գլուխ գովեց, որ ինքը մեծ սիրով կվերադառնա Շվեյցարիա և կրկին կժխտի Հայոց ցեղասպանությունը, նա սրամտորեն հայտարարեց, որ չի վերադառնա Շվեյցարիա, քանի որ շվեցարական բանկերում փող չունի: Նախարարի ցանկության նման փոփոխության պատճառը իրականում իր ձերբակալման վախն է, եթե հանկարծ շվեցարացի դատախազը որոշում կայացնի, որ նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը չի պաշտպանում նրան ցեղասպանությունը ժխտելու հանցագործությունից:
Որքա±ն դեռ կարող է վարչապետ Էրդողանը հանդուրժել պարոն Բաղըշի խեղկատակային վարքագիծը, որը Թուրքիային ամբողջ աշխարհի աչքերում դարձնում է գռեհիկ մի պետություն: Վարչապետը, հիացած լինելով նրա անգլերենի իմացությամբ, առաջարկեց բարձրաստիճան նախարարական աթոռը Նյու Յորքի քոլեջի 41-ամյա ուսանողին, առանց գիտակցելու, թե ուր կհասցնի նրանց այդ դիվանագետը, որի ՙլեզվի տակ փուշ չկա՚:
Ճիշտ այնպես, ինչպես նախագահ Ջորջ Բուշի անիմաստ հայտարարությունները հայտնի դարձան որպես ՙբուշիզմ՚, աշխարհն այժմ ունի ՙբաղըշիզմ՚-ի հարուստ հավաքածու: Ահա նրա անտրամաբանական խոսքերից մի քանի օրինակ`
- ՙ1915-ին կատարվածը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, որքան, որ ես գիտեմ, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին՚:
- ՙԵս քաղաքագետ չեմ: Իմ աշխատանքը ապագան որոշելն է և ոչ թե անցյալը՚:
- ՙՎերջին տարիներին բոլորը տեսնում են, որ թվով ավելի շատ եվրոպացիներ են տեղափոխվում Թուրքիա, քան հակառակը՚: 
Նախարար Բաղըշը թվում է չի հասկանում, որ հակասում է ինքն իրեն, երբ խնդրում է այլ երկրներին, որպեսզի բացեն իրենց արխիվները և տեսնեն, թե արդյո±ք եղել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ եզրակացնում է, որ ցեղասպանություն չի եղել: Գոնե ազնվություն ունենար և բերանը փակ պահեր մինչև ամբողջությամբ կբացվեին Օսմանյան կայսրության արխիվները: Մինչդեռ մյուս երկրների արխիվները բաց են արդեն տասնամյակներ ի վեր:  
- ՙՉկա որևէ ուժ, որ կարող է ձերբակալել թուրք նախարարի՚,- պարծենալով ասել է Բաղըշը լրագրողներին: Ինչու± է ապա նա վախենում և չի հրաժարվում իր դիվանագիտական անձեռնմխելիությունից, և հետո` նոր ուրանում Հայոց ցեղասպանությունը Շվեյցարիայում:
Բաղըշը շարունակում է կրկնել այն ստահոդ տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը ՙքաջություն չի ունեցել պատասխանելու վարչապետ Էրդողանի նամակին, որով պահանջում էր Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով ձևավորել պատմաբանների հանձնաժողով՚: Իրականում նախագահ Քոչարյանը պատասխանել է` առաջարկելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծել կառավարությունների մակարդակով: Թուրքիայի վարչապետն էր, որ չպատասխանեց Հայաստանի նախագահին: 
Մինչ նախարար Բաղըշն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, Թուրքիայի մնացած բնակչությունը չունի նման արտոնություն: Լավ կլիներ, որ անձեռնմխելիություն շնորհվեր բոլոր 72 միլիոն թուրքերին, որը կպաշտպաներ նրանց հետապնդումից` ՙՀայոց ցեղասպանություն՚ բառերը Թուրքիայում արտասանելու դեպքում:
 
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ
ՙԿալիֆոռնիա Կուրիեր՚ թերթի խմբագիր