comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԵԱՀԿ-ՈՒՄ։ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ԵԱՀԿ-ՈՒՄ։ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ

 Անցած շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ կատարած տարածաշրջանային այցի արդյունքների վերաբերյալ, որը տեղի է ունեցել մարտի 2-6-ը։ Ինչպես նշվում է ԵԱՀԿ¬ի պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության մեջ, համանախագահները կողմերին են ներկայացրել հունվարի 23-ին Սոչիում Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների համատեղ հայտարարությունում արտացոլված դրույթների իրացման պլանը։

Եթե հակիրճ շարադրելու լինենք մարտյան հայտարարության հիմնական թեզիսները, ապա դրանք վերաբերում են, նախ, կարգավորման հիմնական սկզբունքների՝ որպես ապագա խաղաղ համաձայնագրի հիմքի վրա աշխատանքն առաջ շարժելու գործում կողմերին օգնություն ցույց տալու միջոցներին, երկրորդ՝ շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի ստեղծմանը և, երրորդ՝ հումանիտար հարցերին և մարդկանց միջև շփումներին, որոնք պետք է օգտագործվեն տարածաշրջանի ժողովուրդների միջև փոխըմբռնմանը նպաստելու համար։
Ըստ էության, հիշատակված հայտարարության բոլոր երեք դրույթները մեզ համար նորություն չեն։ Տարբեր ժամանակներ դրանք այս կամ այն չափով առկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ հայտարարություններում, և հենց միայն այն փաստը, որ այդ թեզիսները հայտարարությունից հայտարարություն են անցնում, վկայում է այն մասին, որ դրանց իրացման գործում ոչ ամեն ինչ է բարեհաջող։ Ու թեև միջնորդները, որպեսզի բանակցությունների անընդմեջ բնույթն ու  արդյունավետությունը ցուցադրեն, ջանում են կարգավորման տեղապտույտ անող գործընթացը սքողել ՙհամապարփակ խաղաղ համաձայնագրի վրա աշխատանքը շարունակելու գործում կողմերին օգնություն՚ դիվանագիտական բանաձևումով, ակնբախ է, որ այդ ՙպերմանենտ աշխատանքն՚ առայժմ ցանկալի արդյունք չի տալիս։ Մենք, իհարկե, ամենևին հակված չենք նսեմացնելու Մինսկի խմբի համանախագահների վաստակը և սիրով հավատում ենք, որ բանակցությունների գործընթացում ինչ¬ինչ տեղաշարժեր  կատարվում են, բայց դրանք, ավելի շուտ, երկրորդական հարցերին են վերաբերում՝ չշոշափելով հիմնականները։ Եվ այստեղ մենք մեզ թույլ կտանք մի ակամա բառախաղ. կարգավորման հիմնական սկզբունքների քննարկման ժամանակ կողմերն իրենց հիմնական դիրքերից չեն նահանջում։ 
Կարևոր է  նշել, որ խաղաղարարությունը կոլեկտիվ գործընթաց է, և նրան հավասար իրավունքներով պետք է մասնակցեն հակամարտության բոլոր կողմերը։ Հատկապես Լեռնային Ղարաբաղը՝ որպես հիմնական և առավել տուժած կողմ։ Սակայն գործնականում կատարելապես  այլ բան ենք տեսնում։ Արդեն  գրեթե  տասնհինգ տարի ԼՂՀ-ն բանակցությունների ներկայիս  ձևաչափից դուրս  է մնում, ձևաչափ, որն ի սկզբանե  թերարժեք է հանդիսանում և խաղաղ  գործընթացում  հաջողության հանգեցնել չի կարող։ Իսկ չէ՞ որ Լեռնային  Ղարաբաղը, ԵԱՀԿ պաշտոնական փաստաթղթերին  համապատասխան, ինչի մասին  արդեն բազմաթիվ անգամ է խոսվել, հակամարտության,  և որպես հետևանք՝ բանակցային  գործընթացի  կողմ է ճանաչված։ Իհարկե, այդ մասին հիանալի  գիտեն  միջազգային  միջնորդները, այլապես նրանք մշտապես  չէին խոսի Լեռնային  Ղարաբաղը  բանակցությունների սեղանի մոտ վերադարձնելու  անհրաժեշտության մասին։ Բայց  պարադոքսը կայանում է այն բանում, որ ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահները, որոնք պարզապես պարտավոր  են  հարգել իրենց  կազմակերպության  փաստաթրթերը, ասես  հաշտվել են  ղարաբաղյան  կողմը  բանակցային  գործընթաց  վերադարձնելուն  Ադրբեջանի հակազդեցության  հետ՝ նրան թույլ տալով  հաշվի չնստել  բանակցություններին մասնակցելու՝ ԼՂՀ-ի իրավունքի հետ, որոնց  ընթացքում  հենց  ԼՂՀ-ի հարցերը պետք է լուծվեն, այլ ոչ թե  Ադրբեջանի  կամ  Հայաստանի։
Հաճախ ԵԱՀԿ միջնորդները  ղարաբաղյան  հակամարտության  կողմերին կոչ են անում  քաղաքական  կամք դրսևորել  համաձայնության  հասնելու համար։ Կարծում ենք՝ նրանք պետք է այդ  կոչը  հասցեագրեին, այդ թվում, նաև իրենց, որպեսզի  Ադրբեջանի  ցուցումներով  չգնան, ինչպես հիմա, այլ նրան ստիպեն  ուղղակի  բանակցություններ սկսել ԼՂՀ-ի հետ։ Պարզապես անհեթեթ է, երբ համանախագահները, անդրադառնալով  Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացի մեջ վերադարձնելու հեռանկարներին, նշում են դրան ադրբեջանական կողմի համաձայնության անհրաժեշտությունը։ Չէ՞ որ միջազգային իրավունքին  համապատասխան՝ ԼՂՀ-ի անկախության ճանաչումն անգամ  Ադրբեջանի  համաձայնությունը  չի պահանջում, ինչի մասին  նա մշտապես խոսում է,  քանի որ տվյալ  հարցը նրա  իրավասությանը չի պատկանում, ինչը Մինսկի  խմբի համանախագահները  չիմանալ չեն կարող։ Հելսինկիի  1975 թվականի Եզրափակիչ  ակտում  ուղղակիորեն  նշվում է, որ ՙբոլոր  ժողովուրդները միշտ իրավունք  ունեն լիակատար  ազատության պայմաններում  որոշել, երբ և ինչպես իրենք  ցանկանում են, իրենց  ներքին և արտաքին  քաղաքական կարգավիճակը՝ առանց  դրսից  միջամտության՚։ Այլ կերպ ասած, ցանկացած դեպքում վերջին խոսքը պետք է պատկանի ոչ թե  Ադրբեջանին, այլ Լեռնային Ղարաբաղին։ 
Մինչդեռ, Մինսկի  խմբի համանախագահության անհետևողականությունն ու անվճռականությունը  խրախուսում են ադրբեջանական իշխանությունների առանց այն էլ չափից դուրս մեծ ախորժակը։ Որպես  արդյունք՝ Ադրբեջանի  նախագահն արդեն վաղուց է  Լեռնային Ղարաբաղի  ճակատագիրը  որոշող երևակայում  իրեն։ Օրերս  թուրքական թերթերից  մեկին տված հարցազրույցում  նա  հայտարարել  է, թե դեմ չէ, ՙոր Լեռնային Ղարաբաղում  ապրողները շարունակեն  այստեղ մնալ՚։ Այ, այսպիսի  ՙմեծահոգություն  ադրբեջանական  ձևով՚, որն ուղեկցվում է, ի դեպ, սպառազինությունների  անզուսպ  մրցավազքով։ Բայց չէ՞ որ կարող էր և մերժել մեր պատմական  հայրենիքում  ապրելու  մեր իրավունքը, առավել ևս՝ վերջին ժամանակներս  այն մասին նրա կատարած  հայտարարության  հաշվառումով, թե ՙառաջին հերթին,  մեր հիմնական  թշնամիներն  աշխարհասփյուռ  հայերն են՚։ 
Բայց վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  համատեղ  հայտարարությանը։ Արդյո՞ք իրատեսական է նման  պայմաններում  խոսել  տարածաշրջանի  ժողովուրդների միջև փոխըմբռնմանը  նպաստելու  համար մարդկանց միջև շփումների մասին, եթե այդ  հարցերն արդեն հիմա   քաղաքականացվում են Ադրբեջանի կողմից։ Կարծում ենք՝  ամենևին պատահականորեն  չեն միջնորդները,   դաս առած ՙադրբեջանական՚  դառն փորձից, իրենց  հայտարարության  մեջ վերապահում  արել  հումանիտար հարցերն ի վնաս  խաղաղ  գործընթացի  քաղաքականացնելու  անթույլատրելիությունը։ Կարելի՞ է, արդյոք,  շփման գծում  միջադեպերի  հետաքննման  մեխանիզմ  ստեղծել, եթե  Բաքուն խոչընդոտում է դրան, քանզի մտադիր չէ դադարեցնել  իր  դիպուկահարային  պատերազմը։ Ակնհայտ է, որ բանակցությունում այնպիսի  զրուցակից ունենալու դեպքում, ինչպիսին է Բաքվի ներկայիս  ռասիստական  հակահայկական  ռեժիմը, կարգավորման հաջողության հույսերը չափազանց պատրանքային են։ Դատելով ամեն ինչից, միջնորդները  դեռևս շուտ չեն տեսնի  հիմնական  սկզբունքների  վերաբերյալ  համաձայնագիրը, եթե ընդհանրապես  կտեսնեն  այն։ 
 
Լեոնիդ Մարտիրոսյան