[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՚

Գիտաժողով` նվիրված Բաքվի հայերի ջարդերի 100-րդ տարելիցին

 Հայաստանի Հանրապետության  Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի, Արցախի գիտական կենտրոնի և  Սանկտ Պետերբուրգի հայկական ազգային մշակութային ավտոնոմիայի նախաձեռնությամբ սեպտեմբերի 17-ին Ստեփանակերտի ՙԵվրոպա՚ հյուրանոցում կազմակերպվեց միջազգային գիտաժողով՝ նվիրված Բաքվի հայերի  ջարդերի 100-րդ տարելիցին։ Այն կրում էր  ՙԲաքու 1918. հայերի ցեղասպանության շարունակությունը՚  խորագիրը։ Մասնակցում էին գիտնականներ, պատմաբաններ, հասարակական գործիչներ ինչպես Հայաստանից ու Արցախից, այնպես էլ արտասահմանից։  

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց ՙՀայկական մշակութային ավտոնոմիա՚ կազմակերպության  համակարգող  Վահան Բաբախանյանը, նման  նախաձեռնության նպատակը ներկայացնելն է հայ ու միջազգային հանրությանը,  որ այն, ինչ կատարվել է պատմության ընթացքում և շարունակվում է առայսօր  Ադրբեջանի կողմից, ոչ թե ջարդեր կամ խուլիգանություններ են, այլ ցեղասպանական ակտեր, որոնք  Ադրբեջանի քաղաքականության անքակտելի մասն են կազմում։ 

ՙԱյս տարի նշվում է Բաքվի հայկական կոտորածների 100-րդ տարելիցը։ Մեր նպատակը դրանց մասին հանրության լայն շերտերին իրազեկելն է, նաև` մեր երկրի ներսում, քանի որ ամեն ինչ սկսել է պետք ներսից՚,- ասաց նա, հավելելով, որ արդեն քայլեր են ձեռնարկվում Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի կողմից հայերի ցեղասպանության հարցերով զբաղվող կառույցների հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։ Այս առումով  նա կարևորեց նաև լրագրողների դերը, նշելով, որ  հայկական հարցի, այդ թվում և Բաքվի հայերի ջարդերի թեման բարձրացնելու հարցում ԶԼՄ-ների աշխատանքը կարևոր, անփոխարինելի ու պարտադիր է։

Գիտաժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին այդ ջարդերի զոհերի հիշատակը, որից հետո  Վ. Բաբախանյանը համառոտ ներկայացրեց միջոցառման ծրագիրը, արտերկրից ժամանած հյուրերին տեղեկացրեց, որ գիտաժողովի առաջին մասն անց է կացվել Երևանում։ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը նախ Արցախի իշխանությունների անունից ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, ապա  հանդես եկավ զեկույցով՝  ներկայացնելով 1920թ. մարտին Շուշիի հայության նկատմամբ իրականացված ջարդերն ու դրանց հետևանքները։ Նա ընդգծեց նման միջոցառումների կազմակերպման կարևորությունը տեղեկատվական պատերազմի ներկա դարում, նշելով, որ պետք է դրսևորվել կարողանալ նաև այս ոլորտում։ Ընդգծվեց այն հանգամանքը, որ Սփյուռքը ևս անտարբեր չէ այս հարցում, ինչը նշանակում է, որ հայ ժողովուրդը միասնական է ազգային հարցերում, և հաջողություն կարձանագրի։ 

Ելույթներ ունեցան Արցախի  գիտական կենտրոնի ղեկավար  Ստեփան Դադայանը, Մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ով ներկայացրեց 1917-1921թթ. Արցախի էթնոժողովրդագրական գործընթացները, ՙԱրևելք՚ վերլուծական կենտրոնի վերլուծաբան  Կարեն Սիրունյանը և այլք։ Ստեփան Դադայանը թեման հրատապ և արդիական է համարում մի քանի տեսանկյուններից։ Հատկապես այն հանգամանքը, որ գիտաժողովի կազմակերպիչները հարկ են համարել նրա երկրորդ մասն անցկացնել Արցախում, մեծացնում է գիտաժողովի քաղաքական նշանակությունը։ Ադրբեջանը՝  100 տարի առաջ իր կազմավորումը նշանավորեց հենց այդ ջարդերով, շարունակելով հայատյաց քաղաքականությունը նաև հետագա տարիներին, փորձելով և ցանկանալով տիրանալ  հայ ժողովրդի նյութական և հոգևոր  հազարամյա հարստությանը, որ հայերը ստեղծել են իրենց պատմական հայրենիքում։

Գիտաժողովի ընթացքում  ընթերցվեց նաև բարոնուհի Քերոլայն Քոքսի ուղերձը, որում մասնավորապես ասվում է, որ Ադրբեջանն առայսօր շարունակում է իր ցեղասպան քաղաքականությունը։ Նա  հաստատում է և ողջունում Արցախի իրավացիությունն իր ազատություններն ու անկախությունը պաշտպանելու հարցում։ Թեման շարունակվել է քաղաքագետ  Ալեքսանդր  Մանասյանի ելույթում, որտեղ խոսվում էր այն մասին, որ Ադրբեջանը ցեղասպան պետություն է, ինչու՞  այդ   փաստը չի արտացոլվում նրա քաղաքական կերպարում։ Հայ գենոֆոնդի պահպանման հիմնադրամի նախագահ Հռիփսիմե-Ռուզան Թամազյանի ողջույնը փոխանցվեց  գիտաժողովի մասնակիցներին, որտեղ  վերջինս շնորհակալական խոսք է հղում հայապահպանման գործընթացներով  զբաղվող այս խմբին, որն իր քաղաքացիական պարտքն է համարում հավաքագրելու փաստավավերագրական նյութեր և ներկայացնելու հասարակությանը պատմական իրականությունը, այդպիսով պահպանելով իսկական պատմությունը, որը հաճախ խեղաթյուրվում է կեղծ պատմություն գրող մարդկանց կողմից։ Ցեղասպանությունն այնպիսի կատեգորիա է, որը չի կարող մեկ ժողովրդի վերաբերվել, այն հանցագործություն է բոլոր ազգերի, մարդկության դեմ, և դրա դեմ պիտի պայքարի ամբողջ մարդկությունը:

Սրբուհի ՎԱՆՅԱՆ