[ARM]     [RUS]     [ENG]

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԱՂՈՐԴԱԿԻՑ ԼԻՆԵՆ ԳԻՏԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԻՆ

Սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում անցկացված ՙՀայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան՚ խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովն իր հերթական գիտական արդյունքները գրանցեց Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միության (ԱԵԳՄՄ) ամփոփագրում:

Կազմակերպության հիմնադիր և գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ Ավետիք Հարությունյանի գնահատմամբ` այն գոհացուցիչ էր: Եթե գիտաժողովի անցկացման առաջին տարում ներկայացվել էր 76 զեկուցում, ապա այս տարի դրանց թիվը 105 էր: 

Գիտաժողովի մասնակիցների թիվը վկայում է, որ  աշխարհի  տարբեր երկրների գիտնականներն ու մասնագետները հետաքրքրված են Արցախում տեղի ունեցող գիտական քննարկումներով: 

ՙՀայաստանի քաղաքական փոփոխությունների արդի ուղղությունները՚ թեմայով զեկուցումով հանդես եկած` Լեհաստանից քաղաքագիտության դոկտոր Մարեկ Ժեյմոն լրագրողներին տված ճեպազրույցում ասաց. ՙՀայաստանի բարելավված վիճակն իր ազդեցությունը կունենա Արցախի ճանաչման հարցում: Այցելություններն Արցախ մարդկանց հնարավորություն են տալիս տեսնելու այս երկիրը և հակամարտության խնդիրը նայելու այլ տեսանկյունից: Երբ նախկինում ես քաղաքագետ ընկերներիս հետ քննարկում էի տարածաշրջանային քաղաքական հարցերը, նրանցից ոչ ոքի չէին հետաքրքրում Արցախը և Հայաստանը: Իսկ հիմա շատ մարդիկ են հետաքրքրվում Հայաստանում տիրող իրավիճակով: Ես տեսնում եմ, որ այն փոխվում է դեպի լավը, ինչը շատ կարևոր է և, կարծում եմ, դա կունենա դրական ազդեցություն նաև Արցախի ճանաչման հարցում՚: Պարոն Ժեյմոն նախագահել է նաև գիտաժողովի քաղաքագիտության բաժանմունքը: Ընդհանրապես գիտաժողովի բոլոր հինգ մասնախմբերում տեղի են ունեցել աշխույժ և կառուցողական քննարկումներ հրատապ հարցերի շուրջ: Քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանն առաջարկեց հաջորդ գիտաժողովներում  մեկ օրով չսահմանափակել մասնախմբային քննարկումները: Ամփոփելով արդյունքները` նա նշեց, որ զեկուցումների կեսից ավելին վերաբերում էին արցախյան հիմնահարցին, նրա կարգավորման տարբեր ասպեկտներին, ինչը գիտական այս խորհրդաժողովի տառին և ոգուն համապատասխան է: ՙՀայոց պետականության անցյալը, ներկան և ապագան, իմ խորին  համոզմամբ, վճռվում են Արցախում, և արցախյան հիմնահարցի կարգավորումը լինելու է մեր պետականության  ապագա  զարգացման անկյունաքարը՚,-ասաց նա: Բանախոսը մեկ այլ առումով էլ կարևորեց գիտաժողովը. այն բացառիկ հարթակ է գոնե քաղաքագիտության  բաժանմունքի մակարդակով տեսնելու  հայկական քաղաքագիտական  դպրոցների ներկայացումը, որտեղ ՙարդեն ունենք  քաղաքագիտական հայեցակարգային մտքերի բախում քննարկված հարցերի շրջանակներում՚: 

Կազմակերպական առումով  նրա ցանկությունն էր, որ հաջորդ տարի նմանատիպ համաժողովին մինչև վերջ մասնակցեն և գիտնականների խոսքը լսեն քաղաքական որոշում  կայացնողները: ՙՄենք ինչքան էլ գիտականորեն խոսենք, գործնական քաղաքականություն իրականացնողները պետք է ուղղակի  հաղորդակից լինեն նաև գիտական  մշակումներին: Կարծում եմ`  սա որպես ապագայի տեսլական կունենանք, և հաջորդ տարի մեր կողքին կլինեն   քաղաքական գործիչներ, որոշումներ ընդունողներ ՀՀ-ից և ԱՀ-ից՚: Չշրջանցվեց նաև մեկ այլ հանգամանք` նման միջոցառումների  ամենամեծ գրավականը  մարդկային շփումներն են: ՙՄարդկային այն  շփումները,  կապերն ու ծանոթությունները, որ մենք այս օրերին  հաստատեցինք,   անմոռանալի են. դրանք են իրական  հարստությունը, որովհետև  21-րդ դարի տեխնոլոգիական  հագեցվածության դարաշրջանում  մարդկային  շփումները եղել են և կան ամենամեծ  ձեռքբերումները՚,-այս կարծիքին է քաղաքագետը: 

Պատմության բաժանմունքը ղեկավարած պատմագիտության դոկտոր Արման Եղիազարյանի գնահատմամբ` այս երիտասարդ գիտնականների վրա կարելի է հույս դնել, քանի որ նրանք նկարագրողական պատմագիտությունից անցում են կատարել մեկնողական պատմագիտությանը, ունեն կարծիք  արտահայտելու ոչ միայն հմտություն, այլ նաև ամենակարևորը` քաջություն: 

Իրավագիտության թեկնածու Տարոն Սիմոնյանը կարևորեց իրավաբանական բաժանմունքն այն առումով, որ այստեղ գրեթե բոլոր ոլորտներին վերաբերող թեմաներ արծարծվեցին` առողջապահության բնագավառից  մինչև սահմանադրություն, սահմանադրության կիրարկում, դպրոցում ուսուցում և այլն, ինչը նաև հուշում է, որ երիտասարդ իրավաբանները հետաքրքրված են ոչ միայն օրենսդրական ակտերով  և դրանց միջոցով պետականակերտմանը,  այլև ավելի լայն սեկտոր են զբաղեցնում իրենց հետաքրքրությունների շրջանակում: Նրա խոսքով` բոլոր զեկուցումներն անդրադառնում էին այն խնդրին, որ դա պետք է սկսել ամենատարրական օղակից` մանկապարտեզից, դպրոցից, և բոլոր հնարավոր եղանակներով մարդկանց մեջ ճիշտ գաղափարախոսություն և ճիշտ աշխարհընկալում դաստիարակել: ՙԲոլորը վստահ էին, որ երանելի է այն Հայաստանը, որը պետք է կառուցվի վաղը: Միգուցե  իրենք չտեսնեն այդ պետականության լիարժեք կենսագործված լինելը, բայց նրանցից յուրաքանչյուրը գիտակցում է, որ պատիվ ու մեծ առաքելություն է, երբ այսօր կարողանում են դեպի այդ պետականություն տանող ճանապարհի մի աստիճանը լինել՚,-ասաց Տ. Սիմոնյանը: 

Գիտաժողովի փակմանը ԱԵԳՄՄ հավաստագրեր ստացան զեկուցումների հեղինակները: 

Մասնակիցներն ընդգծեցին գիտաժողովի կազմակերպական բարձր մակարդակը և ավարտեցին գիտաժողովի աշխատանքները նույն ցանկությամբ` եկող տարի հանդիպել գիտաժողովի անցկացման անփոփոխ վայրում` Ստեփանակերտում:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ