Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՕՐ ՄԵԶ ՊԵՏՔ Է, ՈՐՊԵՍԶԻ ՉԿՐԿՆԵՆՔ ԱՆՑՅԱԼԻ ՍԽԱԼՆԵՐԸ

Հարյուր տարի առաջ՝ 1918թ. սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Կրասնովոդսկից 207 վերստի վրա, Ախչա¬Կույմա և Պերեվալ կայանների միջև եղած տարածությունում  դաժանաբար գնդակահարվեցին Բաքվի կոմիսարները` Ստեփան Շահումյանի գլխավորությամբ:  

 1917թ. դեկտեմբերին Ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ Ստ.Շահումյանը նշանակվեց Կովկասի գործերի արտակարգ կոմիսար։ Նա եռանդուն աշխատանք էր կատարում Բաքվում սովետական իշխանության ամրապնդման գործում, միևնույն ժամանակ հոգ տանում ամբողջ Կովկասում և Արևմտյան Հայաստանում դրությունը բարելավելու համար։ Սոցիալիստական շինարարությունը ղեկավարելու համար 1918թ. ապրիլի 25-ին Բանվորական, զինվորական և նավաստիական  դեպուտատների Բաքվի սովետի նիստում ընտրվեց Բաքվի նահանգի Ժողովրդական կոմիսարների սովետ (ԺԿՍ)։ Դա սովետական իշխանության առաջին լիազոր կառավարական օրգանն էր Ադրբեջանում և ամբողջ Անդրկովկասում։ Բաքվի ժողկոմխորհի դեկլարացիայում, որը ստորագրել էին Ստ.Շահումյանն ու մյուս կոմիսարները (որոնց թվում՝ Գրիգորի Կորգանովը՝ ռազմական և ծովային գործերի կոմիսար, Արտաշես Կարինյանը՝ արդարադատության գործերի կոմիսար, Աղասի Շահինյանը՝ կոմունայի արտակարգ կոմիսարիատում հեղափոխական տրիբունալի նախագահ, Արսեն Ամիրյանը, Սուրեն Հովսեփյանը, Բաղդասար Ավագյանը, Արամ Կոստանյանը, Արմենակ Բորյանը, Թադևոս Ամիրյանը և ուրիշներ), նշված էր, որ ժողկոմխորհը ամենասերտ կերպով կապված կլինի Համառուսաստանյան կենտրոնական իշխանության հետ և, հարմարվելով տեղական պայմաններին, կենսագործելու է Ռուսաստանի  բանվորա-գյուղացիական կառավարության՝ Ժողկոմխորհի բոլոր դեկրետները, կարգադրությունները։ Դեկլարացիայում ընդգծվում էր, որ մարտերում տարած հաղթանակից հետո Բաքվի սովետը լիիշխան տեր է դարձել մայրաքաղաքում ու շրջաններում և պայքարում է ամբողջ Անդրկովկասում  և Դաղստանի  մարզում սովետական իշխանություն հաստատելու համար (Ստ. Շահումյան,երկ. լիակ.ժող.,հ.4, էջ` 228-29)։

 Խորհրդային իշխանության հաստատման խնդիրը Կովկասում սերտորեն կապված էր նաև Արևմտյան Հայաստանի խնդրի հետ, որտեղ քանի՛¬քանի անգամ հարց է բարձրացվել ինքնավարության մասին, բայց Թուրքիան այն համարել է իր ներքին գործը։ Իսկ Ռուսաստանը  Առաջին աշխարհամարտում ձգտել է ազատագրել Արևմտյան Հայաստանը: Պատահական չէ, որ Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքը մուտք գործեց ազգային վարչական կառույց։ 

1915թ. մայիսի 7-ին Վանի  նահանգապետ նշանակվեց հայտնի քաղաքական ¬ ազգային գործիչ Արամ Մանուկյանը։ Ժամանակակիցներից մեկի բնորոշմամբ` ՙՎանը դառնում է հայոց առաջին մայրաքաղաքը,  ուր կա հայ իշխանություն, հայ բանակ, հայ վարչական կազմ. հայոց անկախության առաջին ճառագայթն է՚: Կամ` ռուսական 2-րդ հեղափոխության արդյունքներից չէ՞ Հայոց ազգային խորհրդի կազմավորումը 1917թ. սեպտեմբեր-հոկտեմբերին, որը, չգիտես ինչու, Սովետական Ռուսաստանի կառավարությունը չճանաչեց, նույնիսկ թշնամական դիրք բռնեց. ապացույցը ՀՅԴ կենտրոնական  օրգան ՙՀառաջ՚ թերթի 1919թ. նոյեմբերի 8-ի առաջնորդողն է. ՙԼրացավ բոլշևիկյան հեղափոխության երկրորդ տարին, և մեր վերաբերմունքը այսօր էլ մնում է նույնը՝ թշնամական նրա նկատամամբ՚: Կամ` հայկական բանակը մի՞թե Ռուսաստանի թողտվությամբ  չստեղծվեց, երբ Առաջին աշխարհամարտում Թուրքիան բանակ զորակոչեց 18-45 տարեկան ավելի քան 300 հազար հայերի...՚ (ՀՊ 11, էջ 122, 2010թ.) և  այդ 300 հազարից ոչ մեկը կենդանի չմնաց, խումբ-խումբ զինաթափեցին ու ոչնչացրին, ապա ՙցարական կառավարությունը զենքի տակ կանչեց շուրջ 250 հազար հայերի՚  (ՀԺՊ-9-10, էջ 31): Պատերազմի ավարտին ռուսական ողջ բանակում 120 հազար հայ զինվորական կար, 1917թ. նոյեմբերի 16-ի ռուսական բանակի գերագույն սպայակույտի  հրամանով Կովկասյան ճակատում սկսվեց կազմավորվել հայկական կորպուսը գեներալ Թովմաս Նազարբեկյանի հրամանատարությամբ, արդեն 1918թ. վերջին հայկական  առանձին դիվիզիայի շարքերում և զինվորական նախարարության համակարգում ծառայում էր 16 հազար մարդ։ 

Բացի դրանից, ռուսական արևմտյան ռազմաճակատից զորացրված կամ Հայկական կորպուսում ծառայելու համար  երկրամաս ժամանող հազարավոր հայ զինվորներ կուտակվել էին  Բաքվում, որտեղ Ստեփան Շահումյանի և տեղի Հայոց ազգային խորհրդի միջև կնքված համաձայնությամբ, հայկական 15-հազարանոց զինուժը միացավ Բաքվի կոմունայի զորքին։ Հայկական  զորամասերի շնորհիվ մինչև 1918թ. սեպտեմբերի կեսերը թուրքերը չէին կարողանում գրավել Բաքուն։ Մինչ  այդ էլ ռուսական  բանակի կողմից ռազմաճակատը լքելու իրավիճակում Շահումյանը դաշնակցությանն առաջարկեց միասնական ճակատով հանդես գալ ընդդեմ թուրքերի, այդ խնդրի շուրջ բանակցություններ վարեցին` նախատեսելով ստեղծել անկախ Արևմտյան Հայաստան, իսկ Կովկասում՝ հայկական ինքնավարություն։ Այդ ժամանակ Կովկասի հայ բնակչությունը հասնում էր շուրջ 2մլն 800 հազարի։ Մայիսյան հերոսամարտերը կռած Հայաստանը Բաթումի բանակցություններում, չգիտես ինչու, համաձայնվեց պատմական  Հայաստանի  1/30 մասում վերականգնել պետականությունը, այն էլ Կովկասի հայ բնակչության 1/8 մասով՝ 310 հազարով, այն էլ` խառը։ Այդքանը դեռ բավական չէր, ցավով եմ իմացել, որ այդ պայմանագրի 4-րդ հոդվածով  նորահռչակ հայկական պետության պատվիրակները Թուրքիայի հետ համաձայնության են գալիս միացյալ ուժերով Հայաստանի բանվորա-գյուղացիական շարժումները ճնշելու համար, եթե Հայաստանի կառավարությունն ի վիճակի չլինի սեփական ուժերով կատարել այն: Կամ պայմանագրի 18-րդ հոդվածը, որտեղ գրված է. ՙՀայկական Հանրապետության կառավարությունը պարտավորվում է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի սույն պայմանագրի ստորագրումից հետո Բաքու քաղաքից անհապաղ էվակուացվեն այնտեղ գտվող հայկական բոլոր զինվորական ուժերը՚։ (ՀՍՍՌ ԿՊՊԱ)։ Դա նշանակում է, որ Բաքվից դուրս էին բերվելու և լուծարվելու էին հայկական ազգային զորամասերը, որոնք կազմում էին Բաքվի կոմունայի պաշտպանների հիմնական կորիզը։ Իսկ այդ ուժերն ավելի շատ էին, քան Հայաստանի Հանրապետության զինված ուժերը։ Լավ է, որ Բաքվի հայոց ազգային խորհուրդն այդ որոշմանը չենթարկվեց։ Նա իր ռազմական ուժերը դրեց Ստ. Շահումյանի գլխավորած ԺԿԽ-ի տրամադրության տակ։ Մոտ 18 հազար հայ մարտիկներ, որոնք ընդգրկված էին չորս բրիգադում, 22 գումարտակում, քաջ գիտակցում էին, որ պաշտպանելով Բաքուն, պաշտպանում են Ղարաբաղը, Երևանը, Սուրբ Էջմիածինը, որոնց գրավումը թուրքերի կողմից կնշանակեր հայ ժողովրդի ֆիզիկական կործանում, աշխարհագրական քարտեզից  Հայաստանի վերացում։ Որտե՞ղ էին  մեր Առաջին հանրապետության ղեկավարները, որ հեռագրում էին Բաքու, Հայոց ազգային խորհրդին, թե թուրքերը Ղարաքիլիսիայի խճուղիներով շարժվում են դեպի Բաքու` համաձայն թուրքերի հետ կնքված պայմանագրի։ Այդքանը դեռ բավական չէր, հայկական կառավարությունը կազմում է  հատուկ հանձնաժողով, որը միայն պետք է զբաղվեր հայկական զինված ուժերը Բաքվից դուրս բերելու գործով:  Վրդովմունքով եմ ընթերցում. ՙՎրացի մենշևիկներն ու բոլշևիկները նպակատադրվել էին Կովկասում հաստատել վրացական գերիշխանություն՚։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Ստեփան Շահումյանի փոխարեն արտակարգ կոմիսարի մանդատը վրացուն հատկացվեր կամ ադրբեջանցուն, անպայման վրացական գերիշխանությունը կիրականանար, իսկ  մուսավաթն էլ տեղնուտեղը մորթափոխ կլիներ և իր գերիշխանությունը կհաստատեր։

Հ. Թումյանը գրում է. ՙԲավական էր միասնական ժողովրդական ճակատը պահպանել ևս 3 ամիս, և Բաքուն կփրկվեր։ Կփրկվեր նաև հայությունը ահռելի կոտորածից, կփրկվեր նաև ամբողջ Անդրկովկասը թուրքական և այլ ռեակցիոն աղտեղություններից՚։ Իսկ Հայաստանի Առաջին հանրապետության տերերը և կուսակցությունները մերժեցին Ստ. Շահումյանի առաջարկը՝ միավորել հայկական զորամասերը և հակահարված տալ թուրքական ագրեսորներին:. ՙՆրանց ձեռքին (դաշնակների)  կար մոտ 30 հազար հայ ճակատային զինվոր։ Այդ ուժով հրաշքներ կարելի էր գործել։ Ես էլ չեմ խոսում զինված գյուղացիության հսկայական մասսաների մասին, որը մենակ կարող էր հաշիվ տեսնել թե՜ թուրքերի և թե՜ Անդրկովկասի  բոլոր հակառևոլյուցիոն ուժերի հետ ...՚ (Ստ. Շահումյան, հոդվածներ և ճառեր, էջ 303)։  Այսպես միայն հայկական ուժերը բավական էին ոչ միայն կանխելու թուրքական հրոսակախմբերի մուտքը Հայաստան, այլև ջախջախելու, այլ, ինչպես վերևում նշեցի,  արնախում թուրքերին թույլ տվեցին Հայաստանի տարածքով շարժվել դեպի Բաքու` խնդրելով թուրքական հրամանատարությանը ձեռք չտալ Ղարաբաղի, Գանձակի և նրանց շրջանների հայությանը, իսկ Բաքուն գրավելուց հետո թույլ չտալ հայերի ջարդ։ Թուրքերը խոստացել էին այդպես վարվել, եթե լեռնաբնակ հայերն իրենց հանգիստ պահեն, իսկ բաքվաբնակ հայերն էլ չօգնեն կոմունային։ Բայց, ինչպես տեսաք, թուրքը մնում է թուրք, և հայի արյան ծարավ. նա  Բաքվում 30 հազար հայերի կոտորեց, իսկ 40 հազարն էլ` Գանձակի և Բաքվի շրջակայքի հինգ տասնյակ հայկական բնակավայրերում։ Այնպես որ Թուրքիան, ներխուժելով Հայաստան, տեղական զինված մուսուլմաններից կազմակերպված բանակի հետ միասին շարունակեց իր հայաջինջ գործը։ Իսկ մենք ավելի քան 70 տարի մեր հայոց պատմության դասագրքերում չենք հանդիպել ոչ Բաքվում սրի քաշված հայերի, և ոչ էլ Ադրբեջանի տարածքում կոտորածների թվին։ 1918թ. սեպտեմբերի կեսերին Բաքվի վրա  թուրքական զորքերի հարձակումն ուժեղացավ, անգլիական զավթիչները Բաքվից փախան: Այն ժամանակ, երբ  թուրքական զորքերը մտնում էին քաղաք, Ա. Ի. Միկոյանը ոչ մեծ ջոկատով բանտից ազատեց Բաքվի պրոլետարիատի ձերբակալված ղեկավարներին։ Նրանք շտապ գնացին նավահանգիստ և ՙԹուրքմեն՚ շոգենավով Բաքվից ուղարկվեցին Աստրախան։ Բայց ճանապարհին նավի հրամանատարությունը, անգլիական սպաների պնդումով, փոխեց ուղղությունը և խարիսխ ձգեց Կրասնովոդսկում: Բաքվի կոմիսարները ձերբակալվեցին և 1918թ. սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը գնդակահարվեցին:

Պատմության վերաշարադրման և վերաձևավորման արդյունքում խորհրդային ժամանակաշրջանի խորհրդանշանները արագորեն արժեզրկվեցին։ Ինձ համար ցավալի է, որ ԽՍՀՄ փլուզմամբ արագորեն ՙգահընկեց՚ արեցին շատ հեղափոխականների, հերոսների, իրենց ժամանակին նշանավոր անհատների արձաններ, իսկ Բաքվի 26 կոմիսարների հուշարձանը Բաքվում գազանաբար հոշոտվեց 26-ի մասունքների հետ միասին։ 

Ուրախ եմ, որ մեզ մոտ` Արցախում և Հայաստանում, որպես հայի ամենասրբազան հատկանիշներից մեկը` ՙհարգել հիշատակը՚, պահպանվեց և այսօր Ստեփան Շահումյանի անունը կրող մեր մայրաքաղաքում հպարտ  կանգնած է Ստ. Շահումյանի արձանը, նրա անունով պուրակ կա, մարզադաշտ, նրա անունով հրապարակ կա Երևանում, քաղաք կա նաև մայր Հայաստանում։ 

Ես 90-րդ աշունն եմ ապրում և ավելի քան 40 տարի աշխատում էի որպես քաղզեկուցող, պրոպագանդիստ, ավելի քան 40 անգամ մասնակցել եմ 26 կոմիսարների անմահ հիշատակին նվիրված  միջոցառումներին: Թող այս հոդվածը համեստ պսակ լինի նրանց անմար հիշատակին: 

 

Մառլեն ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ 

Մշակույթի վաստակավոր աշխատող