ՆՊԱՏԱԿԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՃԻՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԱԾԵԼՆ Է

Էլենի Թեոխարուսը նամակով դիմել է Ֆեդերիկա Մոգերինիին 

 Սեպտեմբերի 26-28-ը Արցախում էր Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին Կիպրոսի խորհրդարանի անդամներ Յորգոս Պերդիկիսը (ղեկավարում է ՙԿանաչներ՚-ի կուսակցությունը), Միկայիս Գիորգալասը և ՀՅԴ Կիպրոսի  հանձնախմբի ներկայացուցիչ Նաիրի Մուրադյանը։ Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Գասպար Կարապետյանը։ 

Ներկայացնելով Կիպրոսի խորհրդարանի անդամներին՝ տիկին Թեոխարուսն ասաց, որ նրանք ազգությամբ հայ չեն, նրանք հայեր են իրենց ընտրությամբ։ Գասպար Կարապետյանն էլ, նրա բնութագրմամբ, հայերի ոգին և ուժն է Սփյուռքում։ 

Անցած երկու օրերի ընթացքում պատվիրակությունն Արցախում հանդիպումներ է ունեցել ԱՀ Նախագահ Բակո Սահակյանի, արտաքին գործերի, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարների հետ։ Հանդիպել են նաև ԱՀ մարդու իրավունքների պաշտպանին։ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՙԱրցախի Հանրապետություն - Եվրախորհրդարան՚ բարեկամության խմբի հետ հանդիպումը։ Մինչ այդ հյուրերին ընդունել էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ 

Եվրախորհրդարանի պատգամավորը կարևորեց նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփումները, որոնք, նրա խոսքով, բարձր դիրքեր են գրավում այստեղ։ Պատվիրակության անդամներն այնուհետև այցելել են Արցախում ականազերծման աշխատանքներ իրականացնող The HALO Trust կազմակերպություն, որը, նրանց գնահատմամբ, շատ մեծ գործ է կատարում։ ՙԿրկին անգամ հիացած ենք  ձեր ժողովրդով,- ընդգծեց Արցախի վաղեմի բարեկամը,- մամուլի ասուլիսից հետո որոշել ենք այցելել զինվորներին՝ նրանց քաջալերելու և նրանցից ուժ ստանալու՚։

Սեպտեմբերի 28-ի երեկոյան նախատեսված էր հանդիպում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ, ով տիկին Թեոխարուսի հին բարեկամներից է, ում հետ ծանոթացել է դեռևս 90-ականների սկզբին։ Պարոն Բաբլոյանի շնորհիվ ինքն առաջին անգամ հատուկ առաքելությամբ այցելել է Արցախ։ Մեկ օր հետո կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դրանով էլ կավարտվեն երկու հայկական պետություններ այցերը։

Բոլոր հանդիպումների ընթացքում Է. Թեոխարուսը բազմիցս վերահաստատել է այն գաղափարը, որ ինքը և իր համախոհները մշտապես Արցախի ժողովրդի կողքին են, և Սփյուռքի աջակցությամբ ամեն ինչ անելու են՝ Եվրոպայում ճիշտ տեղեկատվություն տարածելու համար։ Հետևեց հավաստիացումը՝ ձեր կողքին ենք լինելու ձեր իղձերին և նպատակներին հասնելու ճանապարհին։ 

Կիպրոսում այնքան էլ լավ չեն իրազեկված արցախյան գործընթացներին, հետևապես, այս կարգի այցերը միայն նպաստելու են Արցախի մասին ճիշտ պատկերացում կազմելուն։ Փորձելու են համագործակցության եզրեր ստեղծել կրթության և մշակույթի ոլորտներում, կազմակերպել փոխայցելություններ, արվեստի գործերի ցուցահանդեսներ, նաև՝ այցելություններ քաղաքական մակարդակով։ Ավարտելով խոսքը՝ տիկին Թեոխարուսը լրագրողներին իրազեկեց իրեն Ստեփանակերտի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու մասին, միաժամանակ, վստահեցնելով, որ ինքը բարձր կպահի այդ կոչումը, քանի որ, իր համոզմամբ, աշխարհի երեսին գտնվող ցանկացած ազատ ու անկախ ոգի Արցախի քաղաքացի է։

Նա այնուհետև խոսքը փոխանցեց իր գործընկերներին։ 

Յորգոս Պերդիկիսը պատվիրակության կազմում իր առաքելությունը տեսնում էր նրանում, որ Կիպրոսում և, մասնավորապես, իր կուսակցությունում Արցախի մասին ներկայացնի ճիշտ տեղեկատվություն։ Նման հանդիպումները, Կիպրոսի խորհրդարանի պատգամավորի համոզմամբ, բավականին արդյունավետ են։ Նրա խոսքով՝ Արցախի հանդեպ ունեցած  զգացմունքներին գումարվել են նաև գիտելիքները։ Ինքը համամիտ է  տիկին Թեոխարուսի հետ. իսկապես, աշխարհում յուրաքանչյուր ազատ մարդու կարելի է հայ համարել։ Արցախի ժողովրդին սատարելու նպատակով անհրաժեշտ  է նրա մասին ունենալ բավականաչափ գիտելիքներ։ Այս այցը մեծապես նպաստել է դրան։ Պերդիկիսի կարծիքով՝ երկու երկրների միջև այժմ կան և ապագայում էլ կլինեն ջերմ, բարեկամական հարաբերություններ։               

Կիպրոսի խորհրդարանի մյուս պատգամավորը՝ Միկայիս Գիորգալասը, ներկայացնելով տպավորությունները, նախևառաջ, իր հիացմունքն արտահայտեց հայ ժողովրդի հանդեպ, այնուհետև շնորհակալություն հայտնեց Արցախի Հանրապետության ղեկավարությանը՝ ջերմ ընդունելության, ինչպես նաև արդյունավետ հանդիպումներ կազմակերպելու համար։ Արդեն բավականին տեղեկացված են Արցախի մասին և կարող են պատասխանել Կիպրոսի ժողովրդի՝ արցախյան գործընթացներին վերաբերող հարցերին։ Կարելի է նաև զուգահեռներ անցկացնել երկու երկրների միջև։ Արցախ-Կիպրոս համագործակցությունը հնարավոր է վստահորեն շատ լավ մակարդակի հասցնել։ 

Գասպար Կարապետյանը խոսեց այն մեծ ներդրման մասին, որ ունի տիկին Թեոխարուսը Արցախի ժողովրդի պայքարին սատարելու գործում՝  90-ական թվականների պատերազմական գործողությունների ժամանակաշրջանից մինչև ներկայիս քաղաքական գործընթացները։ Նա անհրաժեշտ համարեց կոչ ուղղել հարևան երկրի ղեկավարությանն առ այն, որ ՙսև ցուցակ՚ կազմելով, հայտարարություններով ու սպառնալիքներով ոչնչի չի հասնի, հակառակ արդյունքը կտեսնի։ Եվրոպայից և ԱՄՆ-ից ավելի շատ մարդիկ են ուզում այցելել այս երկիր՝ իրականությունը տեսնելու։ Գալիս են և իրենց երկրները վերադառնում՝ Արցախին սիրահարված։  

Ելույթներից հետո պատվիրակության անդամները պատասխանեցին լրագրողների հարցերին։ 

ՙԱԱ՚-ի հարցն ուղղվեց Եվրախորհրդարանի պատգամավոր տիկին Թեոխարուսին։ Սեպտեմբեր ամիսը բավականաչափ լարված էր թե՜ արցախյան սահմանագծում և թե՜ հայ-ադրբեջանական սահմանին, հակառակորդը թիրախավորել էր նաև քաղաքացիական բնակչությանը։ Ադրբեջանի մտադրությունը միանգամայն պարզ ձևով ներկայացվեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի կողմից։ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր չէ խոսել Արցախի ժողովրդի հետ, որովհետև նրան հետաքրքրում է միայն տարածքը՝ առանց ժողովրդի։ Հնարավո՞ր է, որ Եվրախորհրդարանում ինչ-որ քայլեր ձեռնարկվեն Ադրբեջանի այս քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ։ 

 Պատասխանելով հարցին՝ տիկին Թեոխարուսն ասաց, որ ինքը գրավոր դիմում է գրել ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիին։ Պատասխանը ստանալուն պես կտարածվի։ Ադրբեջանը  չի ընդունում անգամ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևերը։ ՙՆա միայն պատժամիջոցների լեզուն է հասկանում, և եթե դրանք կիրառվեն, Բաքուն էլ սկսելու է մեր հարաբերությունների դեմ աշխատել։ Այդ երկրից ուրիշ բան չես սպասի՚,- ասել է Էլենի Թեոխարուսը։

Մեր երկրորդ հարցը վերաբերում էր Արցախ-Կիպրոս հարաբերություններում չիրացված հնարավորություններին։ Այս մասով տիկին Թեոխարուսը նշեց, որ համագործակցությունը հնարավոր է ամենատարբեր մակարդակներով՝ կրթական, մշակութային, նաև՝ առևտրի։ Հասարակական կազմակերպությունների հետ փոխգործակցելով` կարելի է  առաջին հերթին մեսիջներ տարածել այն մասին, որ Ադրբեջանի նախագահի սպառնալիքները ոչ ոքի չեն վախեցնում։     

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ