comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՇՓՄԱՆ ԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է ՇՓՄԱՆ ԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԻՄԱՑ՚

ՙՀայաստանի և Ադրբեջանի միջև օպերատիվ կապի հաստատումը լավ է, բայց այն չի կարող երաշխավորել առճակատման բացակայություն՚,- ՙԱռաջին լրատվական՚-ի հետ զրույցում հայտնել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը։

 Նրա խոսքով՝  Հյուսիսային և Հարավային Կորեաների միջև կապ միշտ եղել է, բայց դա չէր բացառում ռազմական միջադեպերը։ ՙԻհարկե, փաստը, որ նման կապ գոյություն ունի, դրական է, բայց մինչև ղարաբաղյան հակամարտության կարգավորում դեռ երկար ճանապարհ կա՚,- ասել է Եվսեևը։ Հարցին, թե ընտրություններից հետո ղարաբաղյան հարցում առաջընթաց հնարավո՞ր է, փորձագետը պատասխանել է. ՙԱմեն ինչ կորոշվի Հայաստանի Հանրապետությունում։ Եթե Հայաստանը լինի կայուն, եթե տնտեսությունը սկսի զարգանալ, ապա հետագա առաջընթաց հնարավոր է։ Եթե արտահերթ ընտրությունները չբարելավեն իրավիճակը, տնտեսությունը մնա նույն մակարդակի վրա, ապա Ադրբեջանն առաջ չի գնա՚։ 

Արդյո՞ք Փաշինյանի մեծ լեգիտիմություն ունենալն առիթ չի հանդիսանա, որ միջազգային հանրությունը փորձի ղարաբաղյան հարցում լուծում պարտադրել նրան` հարցին ի պատասխան Եվսեևն ասել է. ՙԻհարկե, հանրության աջակցությունը լավ բան է, բայց որպեսզի ղարաբաղյան հիմնախնդրում ինչ-որ բան որոշվի, առաջընթաց է հարկավոր սոցիալ-տնտեսական ոլորտում, դա շատ ավելի կարևոր է։ Միջազգային հարթակը Մինսկի խումբն է, որը պատասխանատու է կայունության համար, բայց կարգավորման հարցում իրական քայլերի համար բարելավում պետք է լինի սոցիալ-տնտեսական հարցում, որպեսզի Հայաստանը, որպես պետություն, հզորանա, որպեսզի նա զենք գնելու համար ավելի մեծ հնարավորություն ունենա։ Ադրբեջանի համար դա կարող է համագործակցության ազդակ դառնալ՚։

 Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ուժերի հավասարակշռության հարցին, հատկապես Ադրբեջանի կողմից ռազմական ոլորտում վերջերս կնքված գործարքներից հետո, Վլադիմիր Եվսեևը նշել է. ՙՈրակական հավասարակշռությունը պահպանվում է, ինչը չի կարելի ասել քանակական հավասարակշռության մասին։ Այս առումով Ադրբեջանն առավելություն ունի։ Հենց այս պատճառով եմ անթույլատրելի համարում շփման գծի փոփոխությունը՝ Ադրբեջանին ինչ-որ տարածքներ հանձնելու դիմաց։ Դա կսադրի Ադրբեջանին, որ նա զավթի ոչ միայն անվտանգության գոտին, այլև հենց Լեռնային Ղարաբաղը՚։

Փորձագետը նշում է նաև, որ վերջին շրջանում նկատելի է ղարաբաղյան հարցում ամերիկյան կողմի ակտիվությունը։ ՙԴժբախտաբար, այնպիսի տպավորություն է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանի հետ շարունակում է սկսած խաղը։ Նման տրամաբանությունն ինձ համար անհասկանալի է, քանի որ Մինսկի խմբում համանախագահող կողմը նախկինում նման գործելաոճ չէր դրսևորում՚։ Կարձագանքի՞ ԱՄՆ-ի ակտիվությանը Ռուսաստանը, որը ղարաբաղյան հարցում դոմինանտ խաղացող է համարվում` դիտարկմանն ի պատասխան փորձագետը նշել է. ՙԿարծում եմ, ոչ մի դոմինանտություն չկա, բայց Ռուսաստանը, ի  տարբերություն ԱՄՆ-ի, չի խաղում կողմերից մեկի հետ, փորձում է հավասարություն պահպանող միջնորդ լինել։ Ռուսաստանը, իրոք, շահագրգռված է կարգավորման հարցում, քանի որ եթե անկայունություն առաջանա, ապա ԱՄՆ-ի համար միևնույն է, բայց ահա Ռուսաստանի համար դա խնդիր է, որովհետև հավանականություն կա, որ խոշոր հակամարտության պարագայում առճակատում լինի Թուրքիայի հետ։ Այդ պատճառով Ռուսաստանը, իրոք, շահագրգռված է կայունության հարցում, իսկ ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում կարող է ապակայունացնել իրավիճակը, քանի որ դա բխում է Վաշինգտոնի կարճաժամկետ շահերից՚,- ընդգծել է Եվսեևը։