comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՅՍԵՐԻՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Ի՞ՆՉ ԷԻՆ ԱՆՈՒՄ ՌՈՒՍ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԱՅՍԵՐԻՈՒՄ

Ինչպես հաղորդել էին ադրբեջանական ԶԼՄ¬ները, հոկտեմբերի 20-ին թուրքական Կայսերի քաղաքում կայացել էր ՙԽոջալու՚ պուրակի և ՙԽոջալուի ցեղասպանության՚ զոհերին նվիրված հուշարձանի բացումը։

Միջոցառումն ուղեկցվում էր միանգամայն պարկեշտ քողարկմամբ՝ ՙԵրկխոսությունը ժամանակակից աշխարհում՚ թեմայով համաժողովով` կազմակերպված Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից։ Կասկած չկա, որ պուրակի և հուշարձանի շինարարությունը նույնպես ֆինանսավորում էր այդ խոտելի կառույցը։ Դատելով դարձյալ մամուլում տեղ գտած հրապարակումներից, ՙերկխոսության՚ հիմնական նպատակը ՙԽոջալուի ցեղասպանության՚ մասին բազմիցս համոզիչ կերպով պսակազերծված առասպելի և, բնականաբար, հայ ժողովրդի հանդեպ ատելության տիրաժավորումն էր։

Ադրբեջանի նախագահի տիկնոջ ու դստեր ղեկավարած Հեյդար Ալիևի հիմնադրամը վաղուց արդեն մասնագիտանում է հայատյացությունն աշխարհի տարբեր երկրներ արտահանելու ոլորտում։ Բնականբար, Թուրքիան այդ առումով առավել քան բարեբեր դաշտ է, որտեղ այդ նպատակի համար ընդհանրապես ջանքեր գործադրելու կարիք չկա։ Արարողությանը, բնականաբար, բավարար չափով հնչեցվել է փետրվարի 26-ի լույս գիշերն Աղդամի մատույցներում տեղի ունեցած ողբերգության (այսպես կոչված՝ Խոջալուի դեպքերի) մասին ստահոդ և բազմիցս քողազերծված (նախևառաջ ադրբեջանցի գործիչների կողմից) թեզիսների ադրբեջանական ողջ հավաքածուն։ Հատկանշական է, որ Բաքվի մամուլը գրեթե շրջանցել է բուն համաժողովի թեման, փոխարենը մանրակրկիտ լուսաբանվում էր պուրակի և հուշարձանի բացումը։ Եվ մենք էլ ուշադրություն չէինք դարձնի զուտ քարոզչական այս միջոցառմանը, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան մինչ օրս պաշտոնական մակարդակով այդ իրադարձությունները որպես ՙցեղասպանություն՚ չի ճանաչել, եթե չլիներ հակահայկական այս միջոցառմանը ՌԴ Պետդումայի պատգամավորների մասնակցությունը՝ ի դեմս Իրինա Ռոդնինայի, Դմիտրի Սավելևի և Օքսաննա Պուշկինայի, համաձայն 1news.az-ի հաղորդման։

 Բնականաբար, չենք մեջբերի ադրբեջանական և թուրքական գործիչների՝ կեղծիքով, զեղծարարություններով ու աղավաղված փաստերով լի հակահայկական երկարաշունչ ճառերը։ Պարզապես արձանագրենք փաստը. այդ զազրելի ներկայացման մասնակիցներ դարձան ՌԴ Պետդումայի պատգամավորները։ Ու եթե նրանք ընդամենը մասնակցեին այդ միանգամայն հանդուրժողական խորագրով համաժողովին, դրանում, իհարկե, դատապարտելի ոչինչ չէր լինի։ Բայց ռուս խորհրդարանականները ներկա էին բացահայտ հակահայկական հավաքույթի` հանգիստ ունկնդրելով անթաքույց ագրեսիվ հռետորաբանություն այն ժողովրդի ու պետության հասցեին, որը Հարավային Կովկասի տարածաշրջանում Ռուսաստանի ամենամոտ ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է։ Ու դրանով թուրք-ադրբեջանական ներքին խոհանոցին պատկանող իրադարձությանը ինչ-որ ՙմիջազգային՚ կշիռ են հաղորդել։ Դատելով, ընդգծեմ՝ հրապարակումներից, ո՜չ Ռոդնինան, ո՜չ Պուշկինան չեն փորձել առարկել բանախոսներին, հաղորդվում է միայն, որ նրանք ՙիրենց մտքերն են փոխանակել թեմայի շուրջ՚։ Դժվար է, իհարկե, Պետդումայի պատգամավորներից Աղդամի դեպքերի էության վերաբերյալ խորիմաստ մտքեր սպասել, բայց տվյալ դեպքում խոսքը բացահայտ հայատյացության և հակահայկական հայտարարությունների մասին է, որոնք հնչեցին նրանց ներկայությամբ։ 

Ավելին, Ռուսաստան-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Դմիտրի Սավելևը եռանդագին կոչ է արել ճանաչել ՙԽոջալուի ցեղասպանությունը՚ ամբողջ աշխարհում։ Ճիշտ է, այդ հայտնի խարդախ սրիկայի (ինչը վաղուց ապացուցված է ռուսական մամուլում տեղ գտած բազմաթիվ հրապարակումներում) ողջամտությունը հերիքեց իր ելույթում չհիշատակել հայերին, բայց նրա այն խոսքերը, թե ՙ... Խոջալուի ահավոր ողբերգության մեղավորները մինչ օրս ողջ-առողջ են և քաղաքական առաջատար պաշտոններ են զբաղեցնում՚, ինչպես և նմանատիպ այլ հայտարարությունները, ոչ այլ ինչ են, եթե ոչ հենց հայերի հասցեին ադրբեջանական քարոզչության հայտնի կանխադրույթների կրկնություն։ 

Եվ, իսկապես, հազիվ թե անձամբ Իլհամ Ալիևի կրքոտ երկրպագուն, ով հայերին սպանողների հովանավորին ՙմեծ մարդ, շատ ինտելեգենտ, խորապես զարգացած ու վառ անհատականություն՚ է անվանում, համարձակվեր մատնացույց անել ողբերգության իրական մեղավորներին՝ Ադրբեջանի այն ժամանակվա քաղաքական գործիչներին։ ՌԼԴԿ-ից պատգամավորն ավելի հեռուն գնաց՝ փաստորեն խրախուսելով հայատյացության տարածումն աշխարհի այլ երկրներում։ Այլ կերպ հնարավոր չէ  գնահատել Կայսերիում սովորող արտասահմանցի ուսանողներին ուղղված նրա կոչը. ՙԵրբ ավարտեք ուսումն ու վերադառնաք ձեր երկրներ, պատմեք ձեր քաղաքական գործիչներին, ձեր խորհրդարանականներին այն ահավոր ողբերգության մասին, որը 26 տարի առաջ տեղի է ունեցել Ադրբեջանում։ Որպեսզի ձեր խորհրդարանները պաշտոնապես ճանաչեն այդ ողբերգությունը որպես ադրբեջանական ժողովրդի ցեղասպանություն՚։ 

Ըստ էության, ռուս խորհրդարանականը կոչ է անում տիրաժավորել ոչ միայն պարզապես կոպիտ սուտ, այլև միջազգային մասշտաբով հայ ժողովրդի հանդեպ ատելություն և ազգամիջյան երկպառակության հրահրում։ Ռուսաստանի հայ համայնքը վաղուց պետք է ուշադրություն դարձներ այս գործչի վրա, ով Ադրբեջանի (կարդա՝ նավթադոլարների) հանդեպ իր սերն ապացուցում է ազերպրոպի ռասիստական կանխադրույթների հանդեպ հավատարմությամբ՝ շարունակ հանդես գալով բացահայտ  հակահայկական դիրքերից։ Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու այն հավանականության մասին, որ հօգուտ Ադրբեջանի անձնվիրաբար ծառայող այս պաշտոնյան գործում է ի վնաս ռուսաստանյան պետական շահերի։

Այսպես, իր ղեկավարած Ռուս-ադրբեջանական բարեկամության (ՌԱԲ) կենտրոնը, որը, ինչպես ինքը՝  Սավելևն է խոստովանում, ստեղծվել է Բաքվի ու անձամբ Ի. Ալիևի համակողմանի աջակցությամբ, միանգամայն կարող է ՙօտարերկրյա գործակալ՚ համարվել՝ մի պարզ պատճառով. կազմակերպության կայքում բացակայում է ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ որևէ տեղեկություն։ Ռուսաստանի Դաշնության 2016թ. մայիսին ընդունած օրենքի համաձայն, նման ՙգործակալներ՚ են համարվում այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են արտերկրից։ Եթե ՌԱԲ-ի ֆինանսավորման աղբյուրներն օրինական են, ապա ինչո՞ւ դրանք մատնանշված չեն։ Նման ՙգաղտնիությունը՚, առավել հավանական է, նույնպես շատ պարզ բացատրություն ունի. կազմակերպությունը ֆինանսավորվում է Բաքվից, հետևաբար, ՙօտարերկրյա գործակալ՚ է, որի գործունեությունը Ռուսաստանում ՙանցանկալի՚ է ճանաչվում և պետք է դադարեցվի, իսկ աշխատակիցները պետք է դատական կարգով հետապնդվեն։ 

Թեև ՌԱԲ-ի ֆինանսական հաշվետվության հետ կապված հարցերը պետք է առաջին հերթին հետաքրքրեն ՌԴ իրավապահ մարմիններին։ Իսկ ահա ռուս խորհրդարանականների մասնակցությունը մի միջոցառման, որի հակահայկական նպատակները կազմակերպիչների կողմից չէին թաքցվում, ինչպես և Սավելևի` որպես ադրբեջանական քարոզչության բարձրախոսի գործունեությունն ընդհանուր առմամբ, պետք է հետաքրքրություն ներկայացնեն ռուսաստանցի մեր հայրենակիցների համար։ Եվ տվյալ պարագայում հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունն արատավորող, ի սկզբանե սուտ տեղեկություններ տարածելու, ինչպես նաև միջէթնիկական  ատելություն ու թշնամանք հրահրելու համար դատական կարգով հետապնդելն առավել քան տեղին է։ 

 

 

Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ