comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ԱՄՆ-ի ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԼԱՑԴԱՐՄԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԸ ՉՊԵՏՔ Է ՎԵՐԱԾՎԻ ԱՄՆ-ի ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԼԱՑԴԱՐՄԻ

Ռուս փորձագետ Սերգեյ Միխեևը օրերս ելույթ ունենալով ՙՌոսիյա՚ հեռուստաալիքի ՙԵրեկոն` Վլադիմիր Սոլովյովի հետ՚ հաղորդմանը, հայտարարել էր այն մասին, որ ԱՄՆ-ն ձգտում է ռազմական բազա տեղակայել ՙԱդրբեջանի օկուպացված (հայկական զորքերի կողմից) շրջաններում՚` Իրանի վրա հյուսիսային ուղղությամբ ճնշում գործադրելու նպատակով։

 Միխեևն այն կարծիքն է հայտնել, որ ՙԱՄՆ-ն փորձում է ղարաբաղյան հակամարտությունը լուծել հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքները Ադրբեջանին հանձնելու ճանապարհով, որպեսզի այնտեղ ռազմական բազա տեղակայի՚ ։

Ամերիկացիները վաղուց են սկսել ղարաբաղյան կարգավորման հարցում ՙտարածքներ՝ խաղաղության դիմաց՚ բանաձևի զոնդաժ անցկացնել, վերջերս այդ գաղափարը հնչեց նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլզի շուրթերով։ 

Մինչդեռ 2016թ. ապրիլյան պատերազմից հետո այդ հարցը, ընդհակառակը, երկրորդ պլան է մղվել։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տարածքների հանձնման շուրջ խոսակցությունները որակվում են որպես ՙդավաճանություն ազգային շահերին՚։ Ստեփանակերտն այդ տարածքները համարում է իր անբաժանելի մասը, գրում են հայկական VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի վերլուծաբանները։

Ինչ վերաբերում է Հայաստանի նոր իշխանություններին, Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է միակողմանի զիջումների անհնարինության մասին։ Նա ընդգծել էր, որ Երևանը Ստեփանակերտի փոխարեն ղարաբաղյան կարգավորման հարցով բանակցություններ չի վարի։

Հայաստանի իշխող էլիտան գիտակցում է, որ հայկական կողմի վերահսկողության տակ գտնվող տարածքներն Ադրբեջանին հանձնելը ԼՂՀ անվտանգության ամենալուրջ սպառնալիքը կստեղծի, ինչը ՀՀ-ում իշխանափոխության կհանգեցնի։ Բացի այդ, տարածքների հանձնումը կբերի նոր պատերազմի` Բաքվի համար առավել բարենպաստ մեկնարկային պայմաններով։ Ե՜վ Երևանում, և՜ Ստեփանակերտում գիտակցում են, որ միակողմանի զիջումները հասարակական դժգոհության ալիք կհարուցեն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Բացի այդ, այդ տարածքներում սեփական ռազմական բազա տեղակայելու ԱՄՆ ծրագրերի հնարավոր իրագործումը (տարածքներն Ադրբեջանին հանձնելու պարագայում), ինչպես այդ մասին նախազգուշացնում է Միխեևը, կհարուցի Իրանի և Ռուսաստանի կտրուկ հակազդեցությունը։ Մոսկվան դա թույլ չի տա, քանի որ նման պլանի իրագործումը կբերի իր դիրքերի թուլացմանը տարածաշրջանում և ԱՄՆ-ին հնարավորություն կտա վերահսկողության տակ առնել Իրանի, Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական միջանցքը, նշում են հայ փորձագետները։

Ինչ վերաբերում է Իրանին, նրա պատասխանը շատ ավելի կոշտ կլինի։ Իր հյուսիսային սահմաններում ամերիկյան բազայի տեղակայումը, որտեղ առանց այդ էլ տեղի ադրբեջանցիների ու քրդերի շրջանում անջատողական տրամադրություններ են իշխում, Թեհրանը կընդունի որպես casus belli (պատերազմ սկսելու պատրվակ), ինչն անպայման կանդրադառնա Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա։ 

Ադրբեջանն ինքը չի ցանկանա ուղղակի ռազմական առճակատման գնալ Իրանի հետ, քանի որ մերձկասպյան hանրապետության տարածքում ամերիկյան բազայի տեղակայումը կբերի հենց նրան, որ Բաքուն ինքնաբերաբար հակաիրանական կոալիցիայի մաս կկազմի։

Նման բեմագրի դեպքում, բացի աշխարհաքաղաքական ռիսկերից, Ադրբեջանը կարող է միլիարդների հասնող վնասներ կրել` հաշվի առնելով Իրանի հետ ունեցած նրա բավականին ազդեցիկ տնտեսական կապերն ու տարածաշրջանում ԻԻՀ-ի և ՌԴ-ի մասնակցությամբ բազմակողմանի նախագծերը, եզրափակում է VERELQ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը։

Երևանում կոչ են անում չտրվել ղարաբաղյան հակամարտության գոտում ԱՄՆ զինվորականների հնարավոր տեղակայման շուրջ տեղեկատվական սադրանքներին։ Սադրող ենթատեքստ ունեցող նման խոսակցությունները կարող են սոսկ տեղեկատվական պատերազմի արգասիք լինել, պատերազմ, որի մեջ ներգրավված է Հայաստանը, VERELQ կենտրոնի հետ զրույցում այդ մասին հիշեցրել է նախկին պատգամավոր, Հայաստանի նախագահի խորհրդական, քաղաքագետ Թևան Պողոսյանը։

ՙՀայաստանն իր հայտարարություններում ու գործողություններում միշտ պետք է կողմնորոշվի դեպի սեփական շահերը, և վերջերս այդ մասին ավելի հաճախ ու ավելի մեծ համոզվածությամբ ենք հայտարարում։ Բայց կոնկրետ այս հարցում խնդիրը նրանում է, որ եթե նման բան քննարկումների առարկա էլ դառնա, ապա Հայաստանի իշխանությունները կասեն, որ խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է, իսկ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ նա չի պատրաստվում պաշտոնական Ստեփանակերտի փոխարեն ինչ-որ բան ասել կամ ներգրավվել ինչ-որ գործընթացում։ Իսկ տվյալ պարագայում խոսքը հենց այն մասին է, որ ԼՂՀ տարածքում պետք է ինչ-որ գործողություններ ծավալվեն՚,-ասել է Թևան Պողոսյանը։ 

Փորձագետի խոսքով՝ սա արհեստական հարց է, որը փորձում են ընդգրկել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ Հայաստանի երկկողմ հարաբերությունների օրակարգում։ Ավելի կոնկրետ՝ երկու բարեկամական երկրների։ ԶԼՄ-ները տվյալ դեպքում օգտագործվում են որպես տեղեկատվական պատերազմի գործիք։ 

Միաժամանակ Թ. Պողոսյանը հիշեցրեց, որ վերջերս Հարավային Կովկաս կատարած իր տարածաշրջանային այցի ժամանակ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնը Ստեփանակերտ չի մեկնել և չի հանդիպել ԼՂՀ իշխանությունների հետ։ Հետևաբար, կարելի է ենթադրել, որ նման բեմագրեր չեն քննարկվել, նշում է հայ փորձագետը։ Նմանատիպ հայտարարությունները գնահատելով որպես սուրճի բաժակով գուշակություն, Պողոսյանը, այդուհանդերձ, կոչ է արել ավելի ուշադիր մոտենալ դրանց տիրաժավորմանը, քանի որ դրանց հետապնդած նպատակներից մեկը հարևան Իրանի ու դաշնակից Ռուսաստանի հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները վնասելն է։

ՙԲոլտոնի այցից հետո Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հերթական անգամ հայտարարեց, որ Ղարաբաղի իշխանությունների փոխարեն ինչ-որ բան չի որոշի։ Հաշվի առնելով դա, կարելի է համոզվածությամբ ասել, որ Հայաստանի հակառակորդները կփորձեն սեպ խրել հայ-ռուսական հարաբերությունների միջև։ Չէ՞որ նման խոսակցությունների ի հայտ գալը կարող է Մոսկվայի մոտ մի շարք հարցեր հարուցել։ Ասենք, հետևյալ հարցը՝ ինչո՞ւ Երևանը հարցը չի քննարկել իր ռազմավարական դաշնակցի հետ, չէ՞ որ խոսքը տարածաշրջանում ամերիկյան ռազմական բազայի տեղակայման մասին է։  Մյուս կողմից հարվածի տակ կհայտնվեն Իրանի հետ հարաբերությունները, իսկ մեզ համար շատ թանկ են հարևան երկրի հետ մեր կապերը։ Հայաստանը գիտակցում է, որ Իրանի հետ մեր փոխհարաբերությունները շատ զգայուն են դառնում հակաիրանական պատժամիջոցների համապատկերին, և այստեղ շատ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջվում, որը կօգնի պաշտպանել մեր շահերը։ Ուստի, կրկնեմ, պետք է մեծ զգուշավորություն ցուցաբերել նման հայտարարությունների ու լուրերի հանդեպ, որոնք ոչնչով հիմնավորված չեն՚,-պատասխանել է Հայաստանի նախագահի խորհրդականը։

Նա կոչ է արել Հայաստանի ներկա իշխանությունների դիրքորոշումից ելնել, ովքեր սատարում են թափանցկությունը՝ բացատրելով իրենց գործողությունների հերթականությունն ու դրդապատճառները։ Այլ գործողություններ մեզ կարող են ներքաշել օտար օրակարգ, ինչը կարող է վնասել մեր օրակարգին ու բարեկամական երկրների հետ ունեցած հարաբերություններին։

Պողոսյանը հիշեցրեց նաև նախկինում մամուլում սպրդած այն տեղեկատվությունը, համաձայն որի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Բելառուսի ներկայացուցիչ, մինչդեռ պաշտոնական Մինսկը չի հաստատել դա։

ՙՉպետք է մոռանալ այն, որ Հայաստանը գտնվում է տեղեկատվական պատերազմի ճակատներից մեկում։ ԶԼՄ-ները կարող են դրա ակտիվ բաղադրիչը լինել։ Բայց Հայաստանը չպեք է ներքաշվի իրեն չվերաբերող օրակարգ, այլ պաշտպանի հայ-ռուսական, հայ-իրանական, հայ-բելառուսական հարաբերությունները՚,- եզրափակել է Պողոսյանը։ 

 

eadaily.com