comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՎԱԳՐԳՌՈՒՄ Է. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԱՎԱԳՐԳՌՈՒՄ Է. ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԼԻՆԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

Արցախի նախագահի Մոսկվա աշխատանքային այցի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես եւ ակնկալվում էր, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ Բակո Սահակյանին Ռուսաստանի մուտքի արտոնագրի տրամադրումը գնահատվում է որպես ՙբանակցային գործընթացն առաջ մղելու ջանքերի տապալում, որը հակասում է որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի միջնորդական պարտավորություններին՚։

 Սա բավական ստանդարտ ձեւակերպում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն օգտագործել է նաեւ ԱՀ նախագահի Փարիզ եւ Լոս Անջելես կատարած այցերի կապակցությամբ, իսկ ահա շարունակությունը չափազանց ուշագրավ է։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը վկայակոչում է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին ռուս-ադրբեջանական պայմանագիրը, որտեղ, պարզվում է, կա հետեւյալ ձեւակերպումը. ՙԿողմերը պարտավորվում են չաջակցել անջատողական շարժումներին, ինչպես նաեւ արգելում եւ կասեցնում են առանձին անձանց գործունեությունը, որն ուղղված է մյուս կողմի պետական ինիքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության դեմ՚։ Ըստ երեւույթին, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում նման իրավա-պայմանագրային հիմքեր չկան։

Այլապես Ադրբեջանը նաեւ պաշտոնական Փարիզին եւ Վաշինգտոնին կհիշեցներ այդ մասին։ Իսկ Ռուսաստանի պարագայում, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը հասել է, իր պատկերացմամբ, այնպիսի իրավապայմանագրային պարտավորությունների ամրագրման, որոնք պետք է Ռուսաստանի տարածքում սահմանափակեն, եւ կասեցվեն նույնիսկ առանձին անձանց գործունեությունը, եթե այն ուղղված է Արցախին աջակցությանը կամ քարոզում է արցախահայության իրավունքները։ Մնում է սպասել ռուսական կողմի արձագանքին՝ պաշտոնական Մոսկվան Արցախի հարցը համարում է ՙանջատողական շարժու՞մ՚։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը ձեւակերպվել է այն նպատակադրվածությամբ, որ ռուսական կողմի պատասխանում պետք է հիշատակում արվի երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքերի մասին։

Կգնա՞ Ռուսաստանի ԱԳՆ-ն այդ քայլին, թե՞ կհետեւի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների որդեգրած կեցվածքին եւ Ադրբեջանին կհորդորի փաստացի իրավիճակից չանել բանակցային գործընթացի տրամաբանությանը հակասող եզրահանգումներ։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ