comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՐՔԵՐ՝ ԴԱՇԻՆՔԻՑ ԴՈՒՐՍ
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐՔԵՐ՝ ԴԱՇԻՆՔԻՑ ԴՈՒՐՍ

Դատելով Մինսկում ադրբեջանա-բելառուսական բարձրաստիճան հանդիպման վերաբերյալ ԶԼՄ-ների, հատկապես ադրբեջանական, հիացական արձագանքներից, Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևն առավել քան բավարարված են դրանց արդյունքներով։

ՀԱՊԿ դիտորդի կարգավիճակ չստացած ապշերոնյան սուլթանը Բելառուսի իր պաշտոնակցի շուրթերից արժանացավ ՙռազմավարական հուսալի գործընկերոջ՚ կոչմանն ու ՙԵվրոպայի կենտրոնում Ադրբեջանի շահերի առաջմղմանը նպաստելու՚, ինչպես նաև ՙզենքի ու հակաօդային պաշտպանության տեխնիկայի մատակարարումների ոլորտում փոխշահավետ երկկողմ համագործակցությունն՚ ակտիվորեն զարգացնելու խոստումներին։ Վերջին մասով ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր` Ադրբեջանի պաշտպանության նախարարության և Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի միջև։ Ալիևի խոսքով, ՙամենակարճ ժամկետում հուշագիրը կփոխակերպվի պայմանագրի` Բելառուսից ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակ ձեռք բերելու մասին՚։ Բելառուսական ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը կարծում է, որ, հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների սրումը` կապված ՀԱՊԿ-ում որպես դիտորդ Բաքվին հրավիրելու գործընթացի` Երևանի կողմից արգելափակման հետ, Ալիևը կարող է գնալ ցուցադրական նպատակով լուրջ սպառազինություն ավելացնելու քայլին։ Խոսքը ՙՊոլոնեզ՚ համազարկային կրակի հրթիռային կայանների լրացուցիչ գնման (որի առաջին խմբաքանակի համար Ադրբեջանը ենթադրաբար վճարել է 160 մլն դոլար), ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիոլոկացիայի և ՀՕՊ միջոցների մասին է։ Ալեսինը չի բացառում, որ Ադրբեջանին կհետաքրքրեն բելառուսական անօդաչու թռչող սարքերը. ՙՄինչև հիմա Բաքուն դրանք գնում էր Իսրայելից, սակայն այն դեպքից հետո, երբ Ադրբեջանն իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքով խոցեց հայկական ավտոբուս, ինչի հետևանքով մի քանի մարդ էր մահացել, Իսրայելում բողոքի շարժում  բարձրացավ՚։ Հնարավոր է, հարց կբարձրանա նաև Ադրբեջանում համատեղ գործարաններում ծավալվող արտադրության հետագա աճի մասին։ Այնտեղ հավաքվում են МАЗ  6317 և МАЗ  5316 մարտական մեքենաներ։ Խոսակցություններ են ընթանում МЗКТ մեքենաներ հավաքելու մասին, բացառված չէ, որ այնտեղ կարտադրվեն և կենդանի ուժի ոչնչացման համար նախատեսված զենքեր (նռնականետեր, զենիթահրթիռային համալիրներ)։ Փորձագետի խոսքով, Ադրբեջանը մեծապես շահագրգռված է հավաքման արտադրամասերի ստեղծման և ինչպես քաղաքացիական, այնպես էլ ռազմական նշանակության տեխնոլոգիաներ գնելու հարցում. ՙԱդրբեջանն իր մոտ ցանկանում է կազմակերպել բարձր տեխնոլոգիաներով հագեցած արտադրություն և առևտուր անել հարևանների հետ։ Նավթը սպառվելու հատկություն ունի, իսկ տեխնոլոգիաները երկրների տեխնիկական ներուժի մասն են դառնում... Միանգամայն հնարավոր է՝ Ադրբեջանի տարածքում կստեղծվեն երկակի և ռազմական նշանակության ապրանքների ստեղծմանն ուղղված հավաքման արտադրություններ՚։

Իսկ ի՞նչ կստանա Մինսկը։  Ալիևի՝ Բելառուս կատարվելիք այցի նախաշեմին բելառուսական հայտնի բլոգեր և քաղաքագետ, Belarus Security Blog վերլուծական նախագծի համակարգող Անդրեյ Պորոտնիկովը հանդես է եկել սենսացիոն հայտարարությամբ. ՙՀամազարկային կրակի ՙՊոլոնեզ՚ հրթիռային համակարգը ստեղծվել է Բելառուսում` Ադրբեջանի փողերով՚։ Եթե դա ճշմարտություն է, ապա գուցե Բաքուն ֆինանսավորի Մինսկի կողմից ծրագրված` հրթիռային ռազմատեխնիկայի զարգացման, անօդաչու հարվածային ավիացիոն համալիրների սեգմենտի աճի, մարտավարական թեթև անօդաչու սարքերից ծանր հարվածային անօդաչու ավիացիոն համալիրներին անցնելու ուղղությամբ աշխատանքները, որոնք կարող են եթե չփոխարինել պիլոտավորվող ավիացիային, ապա զգալիորեն հզորացնել ավիացիոն խմբավորումը, ռադիոէլեկտրոնային պայքարի, ռադիոէլեկտրոնային ճնշման համակարգերի զարգացումը, Բելառուսի պետական ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ Ռոման Գոլովչենկոյի խոսքով` նաև ՙհնարավոր է, այնպիսի զենքերի զարգացումը, որոնք հիմնված են ֆիզիկական նոր սկզբունքների վրա, մենք ունենք այդպիսի մշակումներ, ուստի առաջ կշարժվենք և այդ ուղղությամբ՚։ 

Բացառված չէ, որ Ադրբեջանը դարձյալ ֆինանսապես կաջակցի Բելառուսին։ Ճիշտ է, այս անգամ` ոչ Ռուսաստանից էներգակիրների ներկրման դիմաց պարտքերը մարելու հարցում։ Բելառուսական իշխանությունները դիմել են Ռուսաստանի կառավարությանը` 2019թ. 1 մլրդ դոլարի չափ պետական վարկ տրամադրելու խնդրանքով արտաքին պարտքի վերաֆինանսավորման համար, որի դիմաց վճարները հաջորդ տարի կկազմեն 3,6 մլրդ դոլար։ Մոսկվան կարծես չի հրաժարվում, բայց առաջարկում է վերաֆինանսավորել միայն 2019թ. հենց Ռուսաստանին հասցեագրված վճարները և պատրաստ է մոտ 630 մլն դոլարի չափ պետական վարկ տրամադրել միայն Ռուսաստանի հանդեպ ունեցած հիմնական պարտքի վերաֆինանսավորման համար։

Լուկաշենկոյի և Ալիևի առանձնազրույցի ժամանակ ինչ թեմաներ ասես կարող էին քննարկվել։ Հազիվ թե նրանք շրջանցեին դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ կայանալիք քննարկումների թեման։ Ինչպես 3 տարի առաջ, Մինսկը կփորձի հնարավոր և անհնար բոլոր միջոցներով իր համար ամրագրել այդ պաշտոնը՝ չխորշելով Հայաստանի նոր ղեկավարության հասցեին վիրավորական արտահայտություններ անելուց, մասնավորապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, ով հայտարարել էր, որ մտադիր է բացատրություն պահանջել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, ով իրեն թույլ էր տվել ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի դեսպանին պատմել այն մասին, թե Աստանայում նոյեմբերի 8-ին ինչ էր քննարկվել փակ ռեժիմով ՀԱՊԿ գագաթնաժողովում։

Նիկոլ Փաշինյանն այս կապակցությամբ հայտարարել էր, որ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանը լուռ համաձայնողի դերում չի լինի։ ՙԿարծում եմ, միջազգային բոլոր գործընկերները պետք է հիշեն, որ Հայաստանի հետ այնպիսի հարաբերություններ, որոնց նրանք սովոր են, այլևս չեն լինի։ Մենք լուռ համաձայնողի դերում չենք լինի՚,- ասել է նա` հավաստիացնելով, որ այս հարցերում Հայաստանի ժողովուրդն ու կառավարությունն ի վիճակի են հսկել և պաշտպանել երկրի շահերը։ ՙԴրա հետ բոլորը պետք է հաշվի նստեն, և ես ձեզ խոստանում եմ, որ այդպես էլ կլինի՚,- ասել է Փաշինյանը։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմիրիկովը փորձել է ինչ-որ կերպ հանդարտեցնել կրքերը, հատկապես շեշտելով, որ ՙորոշումն ամեն դեպքում կընդունվի զուտ ՀԱՊԿ 6 երկրների ձևաչափով՝ կոնսենսուսի հիման վրա, բոլոր կողմերի շահերի հաշվառումով՚ և ԶԼՄ-ներին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ՙտարբեր մեկնաբանություններում, որոնք չեն արտացոլում կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման շուրջ տեղի ունեցող գործընթացի իրականությունը՚։ Տարօրինակ կոչ։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ ՀԱՊԿ-ում ոչ մեկն ընդհանրապես չարձագանքեց այն փաստին, որ կազմակերպության անդամներից մեկը մամուլից փակ քննարկումները ներկայացրել է մի երկրի ներկայացուցչի, որը դաշինքին չի անդամակցում։ Նրանք դա ընդունեցին որպես ինքնին հասկանալի մի բան...

Գայանե ՄՈՎՍԵՍՅԱՆ