ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Խորհրդանշական է, որ վերջին տարիներին ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներում կուտակված իրավական  հրատապ խնդիրները պրոֆեսիոնալ իրավաբանների կողմից քննարկվեցին ռուսաստանյան առաջատար բուհերից մեկում՝ Մոսկվայի պետական համալսարանում (ՄՊՀ), որի իրավաբանական ֆակուլտետում տեղի ունեցավ համաժողով՝ նվիրված իրավակիրառման և քաղաքացիների ու կազմակերպությունների իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցերին՝ Հայաստանի և Ռուսաստանի օրինակով։

Միջոցառումը կազմակերպել էին ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը, Իրավաբան-սահմանադրագետների միջազգային և Հայ-ռուսական ՙԱրմՌոս՚ իրավաբանական ասոցիացիաները։

Ինչպես արձանագրում են պրակտիկ փաստաբանները, ԽՍՀՄ փլուզման ժամանակից ի վեր բուռն քննարկումների առարկա է օտարերկրյա քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ իրավակիրառման ոլորտը։ Դառնալով անկախ պետություններ` նախկին ԽՍՀՄ պետությունները կանգնեցին անորոշության խնդրի առաջ` կապված հարևան պետությունների նկատմամբ կյանքի տարբեր ոլորտներում իրավունքների ու պարտականությունների ծավալը որոշելու հետ, այն դեպքում, երբ այդ պետությունների հետ խորհրդային շրջանում իրավական խնդիրներ չէին ծագում։ Հայ-ռուսական ՙԱրմՌոս՚ իրավաբանական ասոցիացիայի նախագահ Ռուբեն Կիրակոսյանի պնդմամբ՝ փաստաբաններն անընդհատ բախվում են ամենատարբեր խնդիրների հետ՝ կապված մերձավոր արտերկրում, մասնավորապես Ռուսաստանում  ՙօտարերկրյա՚ քաղաքացիների կենսագործունեության տարբեր ոլորտներում իրավակիրառման հարցերի հետ։

Հատկապես օրախնդիր է դարձել աշխատանքային ներգաղթն ու աշխատանքային ներգաղթյալների իրավունքների օրենսդրական ապահովման հարցը, այդ թվում և Հայաստանից ներգաղթածների համար։ Ռուսաստանում աշխատանքային ներգաղթյալների թվաքանակով Հայաստանն այսօր կայուն 6-րդ տեղն է զբաղեցնում, աշխատանքային ներգաղթյալների թիվն այստեղ 2017 թվականին կազմել է 490168 մարդ, ինչը փոքր-ինչ զիջում է նախորդ տարվա ցուցանիշին։ Համակարգային  դժվարությունները հաղթահարված չեն նաև օտարերկրյա քաղաքացիների վարչական տույժի և քրեական հետապնդման կիրառման հարցերում, ինչն իր հերթին կապված է դիվանագիտական առաքելությունների արդյունավետ աշխատանքի հետ, որոնք միշտ չեն հաջողությամբ իրականացնում իրենց պարտավորությունները։

Խնդիրներ են ունենում նաև Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիները: Հայաստանի փաստաբանների պալատի փոխնախագահ Վրեժ Խաչիկյանը պատմեց, թե ինչպես են հաճախ ստիպված լինում պաշտպանել Հայաստանում Ռուսաստանի քաղաքացիների իրավունքները։ Այսպես, օրինակ, Հայաստանում ամերիկյան կողմի պահանջով ձերբակալվել էր Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովը։ Ամերիկյան կողմը պահանջել էր նրան արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նրան պետք է դատեին։ Սակայն հայ փաստաբանները կարողացան միջոց գտնել նրան պաշտպանելու, կանխել  արտահանձնման ընթացակարգը, փրկել պետական իշխանության հեղինակությունն ու, միևնույն ժամանակ, ամերիկյան կողմին համոզել նման որոշման իրավաչափ լինելու մեջ։ Թե Հայաստանի տարածքում Ռուսաստանի քաղաքացու ձերբակալումն ու նրան ԱՄՆ-ին արտահանձնելն ինչպես կանդրադառնար հայ-ռուսական հարաբերությունների վրա և հակահայկական ինչ ազդեցություն կունենար ռուսաստանյան հասարակական կարծիքի վրա, դժվար չէ պատկերացնել։ Նույնիսկ ղեկավարությունը չէր կարողանում ելք գտնել ստեղծված անհարմար իրավիճակից։

Հայաստանի քաղաքացիներն արտերկրում մինչ օրս դժվարությունների են հանդիպում աշխատանքի տեղավորման հարցում, հատկապես վարորդները, ովքեր հայկական վարորդական վկայական ունեն։  Տրանսպորտային ընկերությունները բախվում են այնպիսի խնդիրների, որոնք կապված են ապրանքատեղափոխման լիցենզիայի բացակայության, ներկայացուցչություններ բացելու անշահութաբերության հետ, ինչից օգտվում են միջնորդ կազմակերպությունները։ Հաճախ խնդիրներ են առաջանում՝ կապված այն բանի հետ, որ Հայաստանում ստացած բարձրագույն կրթության դիպլոմները չեն ճանաչվում ռուսաստանյան հաստատություններում՝ արդարադատության, բժշկության և մի շարք այլ ոլորտներում, մինչ օրս ընդունված չեն ընդհանուր չափանիշներ ու կանոններ նոտարին առնչվող հարցերում, ինչն ավելորդ ծախսերի պատճառ է դառնում։ Փաստաբանական հանրությունը վաղուց և միաձայն արձանագրում է Ռուսաստանում լիազորված ներկայացուցչական և հասարակական կառույցների կողմից Հայաստանի քաղաքացիների  իրավունքների պաշտպանության պատշաճ մակարդակի բացակայության փաստը, ինչը չի նպաստում իրավական երաշխիքների տրամադրման գործընթացներին և փաստաբանական ծառայությունների թանկացման պատճառ է դառնում։ 

Համաժողովին ելույթ ունեցան Ռուսաստանի արդարադատության, ներքին գործերի նախարարությունների, Մոսկվայի մարզի փաստաբանների կոլեգիայի ներկայացուցիչներ: Առանձնահատուկ հետաքրքրություն էր ներկայացնում ԱՀ փաստաբանների պալատի առաջին  փոխնախագահ, Արցախի փաստաբանների դպրոցի տնօրեն Էրիկ Բեգլարյանի ՙԻրավական կարգավորումը չճանաչված պետությունում՚ զեկույցը, որտեղ նա անդրադարձավ քաղաքացիների իրավունքների դրությանը, կոռուպցիայի դեմ պայքարին, նշելով, որ այստեղ լուրջ հաջողություններ են գրանցվել։ Դատելով համաժողովի մասնակիցների ու հյուրերի արձագանքից` համաժողովին Արցախի փաստաբանների պալատի անդամների ներկայությունը ոչ միայն արդարացված էր, այլ նաև անհրաժեշտ։

Համաժողովին բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման շուրջ հանձնարարականները, ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սուրեն Ավագյանի խոսքով, կձևակերպվեն կոնկրետ առաջարկների և կուղղվեն Ռուսաստանի և Հայաստանի համապատասխան պետական կառույցներ՝ դրանց գործնական իրականացման համար։ 

Էդվարդ ՍԱԽԻՆՈՎ

russia-artsakh.ru