comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ
Logo
Print this page

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուս-ուկրաինական հարաբերություններում նոր լարվածությունը հասել է բարձրակետին։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ Ազովի ծովի շուրջ իրավիճակն այնպիսին է, որ Ռուսաստանը մտադիր է գրավել ուկրաինական Մարիոպուլ եւ Բերդյանս քաղաքները։

Խնդրին պետք է անդրադառնար նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ ռուսական կողմի խնդրանքով, բայց հարցի քննարկումը մերժվել է։ Ստեղծված իրավիճակի խորքային պատճառները որո՞նք են եւ ի՞նչ զարգացումներ կհետեւեն՝ փորձագիտական շրջանակներն այդ առթիվ դժվարանում են կանխատեսումներ անել։ Բայց որ Ուկրաինան ակնկալում է դաշնակից երկրներից առնվազն քաղաքական աջակցություն, դա ակնհայտ է։

Ֆորմալ առումով Ուկրաինայի ռազմաքաղաքական դաշնակից է նաեւ Ադրբեջանը։ Երկու երկրներն անդամակցում են ՎՈՒԱՄ կազմակերպությանը, որը ժամանակին արեւմտյան նախագծով կազմավորվել է որպես Ռուսաստանի հովանավորությամբ ստեղծված ԱՊՀ-ին այլընտրանք։ Նպատակը մեկն էր՝ հետխորհրդային տարածքում ունենալ Ռուսաստանի ազդեցությունը հակակշռող կառույց։ ՎՈՒԱՄ-ի անդամներ են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը եւ Մոլդովան։ Սկզբնական շրջանում կազմակերպությունը գործում էր բավականին ակտիվ, հրավիրվում էին գագաթնաժողովներ, որոնց ընթացքում քննարկվում էին բավականին հավակնոտ նախագծեր։ Կառույցի համար առաջին լուրջ փորձությունը 2008թ. օգոստոսին ռուս-վրացական հնգօրյա պատերազմն էր։ Այդ ճգնաժամային իրավիճակում ի պաշտպանություն Վրաստանի հանդես եկան Ուկրաինան եւ Մոլդովան։ Ադրբեջանը ձեռնպահ մնաց հակառուսական որեւէ հայտարարությունից եւ փաստացի դավաճանեց ռազմավարական գործընկեր Վրաստանին։ Դա չէր կարող անհետեւանք մնալ, ՎՈՒԱՄ-ի քաղաքական ամբողջականությունը տրոհվեց, կազմակերպությունը կորցրեց հետաքրքրությունը նաեւ Արեւմուտքի համար։ Եւ ահա տեղի է ունենում երկրորդ փորձությունը. Ռուսաստանը եւ Ուկրաինան փաստացի հայտնվել են լայնածավալ պատերազմի շեմին։ Ի պաշտպանություն Ուկրաինայի, նրա ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության` պաշտոնական հայտարարություն են տարածել Վրաստանը եւ Մոլդովան։ Ադրբեջանը դարձյալ լուռ է մնում։ Եւ դա հասկանալի է, ռուս-ադրբեջանական հարաբերությունները զարգանում են վերընթաց։ Այն իրավիճակում, երբ արտաքին քաղաքական աջակցության երկու աղբյուրներից մեկը Թուրքիան է, մյուսը՝ Ռուսաստանը, Իլհամ Ալիեւի կառավարությունը չի հանդգնի խառնվել ռուս-ուկրաինական հակամարտությանը, այն էլ ուկրաինական կողմից։ Երեւույթն ավելի քան բնութագրական է Ադրբեջանի ներկայիս իշխող վարչախմբի համար։ Ուշագրավ է, որ տարեսկզբին Ադրբեջան էր այցելել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն։ Սպասվում էր, որ մինչեւ տարեվերջ Կիեւ կայցելի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, բայց արդեն ակնհայտ է, որ դա տեղի չի ունենա։ Ադրբեջանի հետ Ուկրաինան առանձնակի հույսեր էր կապում Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը հաղթահարելու առումով։ Բանն այն է, որ, չնայած առկա լարվածությանը, Ուկրաինայի նավթավերամշակման խոշոր ձեռնարկություններն աշխատում են Ռուսաստանից ներկրվող հումքի հաշվին։ Պորոշենկոյի Ադրբեջան այցելությանը քննարկված առանցքային հարցերից մեկն էլ ադրբեջանական նավթի դեպի Ուկրաինա տարանցման հետ էր կապված։ Տեխնիկական տեսակետից դա բավական բարդ խնդիր է, բայց քաղաքական կամքի առկայության դեպքում Ադրբեջանը կարող էր օգնության ձեռք մեկնել դժվարին կացության մեջ հայտնված իր դաշնակցին, այնինչ, գործնականում ոչինչ չի արվել։ Ուկրաինան Ադրբեջանի համար դադարել է հետաքրքիր լինել այն պահից, երբ հայտնվել է պատերազմական իրավիճակում եւ ստիպված սառեցրել սպառազինությունների արտահանման քաղաքականությունը։ Մինչ այդ նաեւ Ուկրաինան էր սպառազինություններ վաճառում Ադրբեջանին, ինչպես եւ քաղաքական աջակցություն էր ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի հարցում։ Այսօր Ուկրաինան է հայտնվել ճգնաժամային իրավիճակում, բայց Ադրբեջանը որեւէ ձեւով չի փոխադարձում այն, ինչ շուրջ երկու տասնամյակ ստացել է Ուկրաինայից։ Սա կարող է դիտվել որպես քաղաքական դավաճանության դասական օրինակ։ Հետխորհրդային տարածքի երկրները, հատկապես Ռուսաստանը, պետք է որ ուշադրության առնեն ՎՈՒԱՄ-ը փաստացի կազմաքանդելու Ադրբեջանի հետեւողականությունը եւ այդ երկրի հետ հարաբերություններ կառուցելիս առաջնորդվեն բացառապես սեփական պրագմատիկ շահերով։ Հակառակ դեպքում կարող են արժանանալ Վրաստանի եւ Ուկրաինայի ճակատագրին, երկրներ, որ անմնացորդ սատարել են Ադրբեջանին, բայց փորձության ժամին նրա կողմից սառնասրտորեն դավաճանվել։

Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.