ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՔՇՈՒՄ Է ՀԱԿԱՌԱԿ ԲԵՎԵՌՆԵՐ

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները դեկտեմբերի 5-ին իրենց հերթական հանդիպումն անցկացրին Բրյուսելում։

Օրակարգի գլխավոր հարցը Սևծովյան տարածաշրջանում տիրող իրավիճակն էր. Ուկրաինայի և Վրաստանի անվտանգության ապահովում, ՙռուսական ագրեսիայի՚ հետմղում։ ՆԱՏՕ-ն պատրա՞ստ է ընդունել Կիևի խնդրանքը և հավելյալ ուժեր տեղակայել Ազովի ծովում։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդիպման նախօրեին Ուկրաինային քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել, սակայն խուսափել է իր քայլերը մանրամասնելուց։ Նման զգուշությունը հիմնազուրկ չէ, քանի որ Սևծովյան տարածաշրջանում Ռուսաստանը և Թուրքիան իրենց արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ համաձայնության գալու փորձ ունեն։ 

Հարավկովկասյան տարածաշրջանը թեև օրակարգից դուրս էր, բայց Դաշինքի ծրագրած գործողություններից չէր կարող դուրս լինել։ Վկայությունը  բրյուսելյան հանդիպման մեկնարկից մեկ օր առաջ ԱՄՆ պաշտպանության փոխնախարարի խորհրդական Լաուրա Կուպերի գլխավորած պատվիրակության ժամանումն էր Բաքու։ Ներկայացնելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ ունեցած հանդիպման մանրամասները` ալիևյան վարչակարգին սպասարկող լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրել ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու կողմերի շահագրգռվածության հանգամանքին։ Համագործակցության ներկայիս մակարդակը կարևորվել է տարածաշրջանային գործընթացների և իսլամական ահաբեկչության դեմ պայքարի հարթությունում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի շեշտադրումներն առավել քան խոսուն են։ Միացյալ Նահանգների առաջատար ռազմաուսումնական հաստատություններում սովորող ադրբեջանցի սպաների թվի ավելացման հարցում Բաքվի շահագրգռվածությունն ակնառու է։ Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ Կուպերն ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի խոսքերն է մեջբերել՝ ընդգծելով, որ այսօր Աֆղանստանում ձեռքբերված հաջողություններն առանց Ադրբեջանի ակտիվ աջակցության անհնարին կլինեին։ Սա  համարենք քաղաքական հաճոյախոսություն։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը, բնականաբար, չէր կարող շրջանցվել Հասանովի կողմից, բայց նրա արտահայտություններին անդրադառնալն ու մեկնաբանելն այս դեպքում որևէ իմաստ չունի։ 

Նկատենք, որ Կուպերի առաքելությունը բխում է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հարավային Կովկաս և մասնավորապես Բաքու կատարած այցից։ Ադրբեջանը համաձայնեց աջակցել Իրանի դեմ ձեռնարկված պատժամիջոցներին և հրաժարվեց իրանական գազից։ Բոլթոնի տարածաշրջանային այցին զուգահեռ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակեց լուսանկարներ, որոնցում հատուկ նշանակության գործողությունների համար նախատեսված՝ ամերիկյան ՙԲոինգ՚ ընկերության արտադրած MH-6 թեթև ուղղաթիռն էր։ Ըստ ամենայնի, ադրբեջանական բանակի սպառազինության արդիականացման շուրջ  պայմանավորվածություն է եղել՝ որպես հակաիրանյան պատժամիջոցներին միանալու Բաքվի որոշման փոխհատուցում։ Ճիշտ է, Բոլթոնի կողմից նման առաջարկ ներկայացվել է նաև պաշտոնական Երևանին, սակայն դա ասվել է դիվանագիտորեն. հասկանալի պատճառներով Հայաստանը չէր կարող դրական պատասխան տալ ԱՄՆ-ին։  

ՈՒշադրություն դարձնենք Սպիտակ տան կողմից թուրքական ղեկավարությանը հասցեագրված ազդակներին, որոնք, կարելի է ասել, դժվարացնում են լարախաղացության բարձրակարգ վարպետ Ռեջեփ Էրդողանի երկակի խաղը։ ՆԱՏՕ-ն, բնականաբար, փորձում է իր ազդեցությունն ուժեղացնել Թուրքիայի վրա՝ նախևառաջ, հետ պահել նրան ռուսական արտադրության C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնման մտադրությունից։ Այս փուլում ԱՄՆ-Թուրքիա լարվածությունը տեղափոխվում է նոր հարթություն. ԱՄՆ պաշտպանության նախարարությունը Կոնգրեսին ներկայացված զեկույցում անընդունելի է համարում երկու անհամատեղելի՝ ՙC-400՚ և ամերիկյան ՙF-35՚ ծրագրերում թուրքական կողմի ընդգրկվածությունը։ Նորությունն այն է, որ Սպիտակ տունն անցնում է ավելի կոշտ տոնայնության. հայտարարություն է հնչում առ այն, որ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումից հետո Թուրքիան կկանգնի ԱՄՆ հատուկ օրենքով (CAATSA) նախատեսված պատժամիջոցների առաջ. խնդիրներ կունենա 

F-35 կործանիչների ձեռքբերման հարցում, ՆԱՏՕ-ի հետ համագործակցային ծրագրերն էլ կարող են նվազել։ ԱՄՆ-ը թուրքական կողմին դեղին քարտ է ցույց տալիս։   

Ռուսական ՀՕՊ համակարգերի գնմանը դեմ են արտահայտվել ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը։ Արևմուտքից բաց տեքստով Էրդողանին առաջարկել են նաև ընտրություն կատարել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև։  Թուրքիայի դիրքորոշման հստակեցումը կարևորություն է ստանում նաև ռուս-ուկրաինական հակամարտության համապատկերին։ 

Վաշինգտոնի խաղը ԱՄՆ-Ադրբեջան և Ռուսաստան-Թուրքիա հարթություններում հեռահար նպատակ է հետապնդում՝ եղբայրական պետություններին քշել հակառակ բևեռներ։   

Նորություն չէ, որ Թուրքիան ու Ադրբեջանը միջազգային ասպարեզում համագործակցության նախընտրելի հարթակներ են համարում Թուրքալեզու պետությունների համագործակցությունը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը։ Այս առումով միանգամայն իրավացի են բոլոր այն վերլուծաբանները, ովքեր հայտարարում են, որ Թուրքիային և Ադրբեջանին զենք վաճառողները մի օր ստիպված կլինեն պաշտպանվել իրենց իսկ վաճառած զենքից։        

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն օրերս հաստատեց թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությունը՝ հայտարարելով, որ թուրքական զինված ուժերն ինքը համարում է ՙԻսլամի վերջին բանակը՚։ Բազմաթիվ հրապարակված փաստեր կան այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ է հովանավորում և աջակցում իսլամական ահաբեկչական կազմակերպություններին։    

Ադրբեջանի հետ ուժային կենտրոնների ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված՝ վկայակոչենք օրերս ռուսաստանյան մամուլի հայտնած թարմ նորություններից մեկը. Ադրբեջանը մտադիր էր ՌԴ-ից ձեռք բերել առափնյա պաշտպանության համար նախատեսված ՙБал-Э՚ հրթիռային համակարգեր, և արդեն պայմանագիր էր կնքել հրթիռն արտադրող ռուսական ընկերության հետ, սակայն գործարքը չեղարկվել է։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել՝ համարելով, որ նման համակարգերի վաճառքն Ադրբեջանին պոտենցիալ սպառնալիք է Կասպից ծովի ռուսական նավերի համար։ 

Ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք։ Ռուսաստանն իր խնդիրներն ունի Կասպիական ավազանում և, ռազմավարական տեսանկյունից դիտարկելով իր անելիքները, գոնե պատկերացնում է նման գործարքի հնարավոր հետևանքները։  Արևմուտքի արտաքին քաղաքականության ճարտարապետների հաշվարկներում Ադրբեջանն ու Թուրքիան ագրեսիվ, ժողովրդավար աշխարհին ինտեգրվելու հեռանկարից զուրկ պետություններ են, և այդ երկրների տիրապետող վարչակարգերի չեզոքացումը միայն ժամանակի խնդիր է։ 

Իսկ արևմտյան ուղղությամբ բնական ռեսուրսների հոսքն այդ նպատակին ոչ մի կերպ չի խոչընդոտում։      

 

Ռուզան ԻՇԽԱՆՅԱՆ