ԻՆՉՈՒ՞ Է ՔԱԼԸՆԸ ՀԱՆԿԱՐԾ ՀԻՇԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ

Թուրքիան փոփոխություններ է կանխազգում Անդրկովկասում

 Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ նախանշվում է բավականին բարդ ու բազմաշերտ գործընթաց, որի ուրվագծերը վերլուծության և իմաստավորման կարիք ունեն: Օրերս Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը ՙՌուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները. ձևավորել ապագան՚ թեմայով գիտաժողովին հանկարծ ՙանսպասելիորեն՚ հիշեց Ստեփանակերտի մասին` հենց թուրք-ռուսական հարաբերությունների համատեքստում:

Քալընը հայտարարեց, որ Անկարան ՙայդ հակամարտությանը վերաբերող մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել՚, որ Թուրքիան ՙսերտորեն համագործակցել է ռուսաստանյան գործընկերների հետ տվյալ հարցում, սակայն ինչ-որ ուժերի միջամտության արդյունքում գործընթացը տապալվել է՚: Ընդ որում, Էրդողանի մամուլի քարտուղարը նշեց, որ Մոսկվան ՙհսկայական դերակատարություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում՚, բայց ՙխումբն առայժմ չի կարողացել նրանից ակնկալվող արդյունքները տալ, ինչի հետևանքով հիմնախնդիրը մնում է սառեցված՚: Միևնույն ժամանակ նա իր դատողություններում մի ուշագրավ թեզիս ներառեց. ՙԹուրքիան Հայաստանի հանդեպ ոչ մի նախապաշարմունք չունի՚: Այսպես, բոլոր հատկանիշներով Անկարան ազդանշան է ուղարկում Երևանին և Բաքվին, ինչպես նաև Ռուսաստանին` որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներից մեկի: Բայց դա ի՞նչ ազդանշան է ու ի՞նչ է դրա հետևում թաքնված: Նախևառաջ հիշեցնենք, որ տեսականորեն Թուրքիան, լինելով Մինսկի խմբի անդամներից մեկը, կարող էր համանախագահներից մեկի կարգավիճակ ստանալ այն պարագայում, եթե վավերացներ 2007թ. հոկտեմբերին ստորագրված Ցյուրիխյան հայտնի արձանագրությունները, որոնք նախատեսում էին Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնում և երկու երկրների միջև սահմանի բացում: 

Բայց դա տեղի չունեցավ: Ակնհայտ դարձավ, որ լեռնայինղարաբաղյան հակամարտության հարցում Անկարան իրեն դիրքավորում է որպես Բաքվի կողմնակիցը և չի կարող հանդես գալ միջնորդի դերում: Հակամարտության կարգավորման շուրջ թուրքական ինչ-որ առաջարկների մասին սկսեցին խոսել միայն 10 տարի անց` 2017թ. աշնանը, երբ Էրդողանն անձամբ խոստացավ այդ հիմնախնդիրը քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սոչիում կայանալիք հանդիպմանը: Մասնավորապես, թուրք առաջնորդը հայտարարում էր, որ ՙղարաբաղյան հակամարտության լուծման բանալին գտնվում է Պուտինի ձեռքերում, և եթե նա ցանկանա, հարցը հեշտությամբ լուծում կստանա՚: Հենց այդ նույն ժամանակ Էրդողանը երկու անգամ ազդարարեց այդ հիմնախնդրի հետ կապված Անկարայի ունեցած իբր ինչ-որ ՙնախաձեռնողական առաջարկի՚ մասին: Այդ առնչությամբ բազմաթիվ ռուս, հայ և ադրբեջանցի փորձագետներ գրեթե միաձայն հայտարարում էին, որ Թուրքիան անհրաժեշտ է համարում վերադառնալ հակամարտության կարգավորման ՙկազանյան պլանին՚, քանի որ ՙայն վայելում է ԵԱՀԿ ՄԽ-ի մյուս երկու համանախագահ երկրների անվերապահ աջակցությունը՚: Բայց Էրդողանն ինչի՞ համար դա պետք է աներ:

Մեր կարծիքով, ճշմարտությանն ավելի մոտ են Կովկասի հարցերով Strategic Outlook հետազոտական կազմակերպության թուրք փորձագետ Մեհմետ Ֆաթիհ Օզտարսուի դատողությունները: Նրա կարծիքով, խոսքը գնում էր Մինսկի խմբին զուգահեռ` հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան ձևաչափի ստեղծման մասին: Ենթադրվում էր, որ Անկարան ՙփաթեթային համաձայնությանը՚ նման ինչ-որ բան կներկայացնի, որում նախատեսվում էր նաև Երևանի հետ հարաբերությունների կարգավորում, ինչը տրամաբանական կլիներ: ՙԵս Պուտինին կոչ եմ արել ավելի մեծ ուշադրություն հատկացնել լեռնայինղարաբաղյան հակամարտությանը: Նա ինքն էլ է այդպես մտածում, սակայն, իմ կարծիքով, նա առանձնահատուկ հույսեր չունի կողմերի զբաղեցրած դիրքորոշումների պատճառով,- այսպես է Էրդողանի հայտարարությունը մեջբերել Haberturk թուրքական պորտալը:- Ես նրան հիշեցրել եմ հինգ շրջանների ազատման վերաբերմամբ կայացրած որոշման և այն մասին, որ հայկական կողմը պետք էր լքեր տվյալ տարածքները՚: Ռուսական կողմը պատասխանից խույս է տվել: Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելքի ռազմավարական հետազոտությունների թուրքական կենտրոնի (ORSAM) փորձագետ Օյտուն Օրհանը ենթադրել է. ՙԷրդողանը փորձել է ու փորձում է ինտեգրվել ղարաբաղյան աշխարհառազմավարական մեխանիզմին, որպեսզի այն օգտագործի իր համար շատ ավելի կարևոր խնդիրների լուծման մեջ` կապված քրդերի հետ Սիրիայում և Իրաքում` վերականգնելով Լենինի և Աթաթյուրքի օրոք գոյություն ունեցած հարաբերությունների սխեման` Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա գումարած Հայաստան՚ ձևաչափով: 

Բայց սա բառի նեղ իմաստով: Լայն իմաստով, Անկարան, երևում է, կփորձի Մոսկվային այնպես ՙկապկպել՚ Լեռնային Ղարաբաղին, որպեսզի կաշկանդի քրդական ուղղությամբ մանևրելու նրա հնարավորությունները` միաժամանակ Բաքվին էլ մղելով փոխզիջումային լուծումների որոնմանը: Այստեղ ամեն ինչ է այդչափ միանշանակ: Պատահական չէ, որ EurasiaNet ամերիկյան պարբերականը հիշեցնում է, որ թեև էթնիկ առումով մերձավոր Ադրբեջանը և Թուրքիան սերտորեն համագործակցում են ռազմական և տնտեսական ոլորտներում, ՙքեմալական Թուրքիայի և խորհրդային Ռուսաստանի միջև եղած դաշինքը 1920թ. Ադրբեջանում առաջին հանրապետության անկման գլխավոր պատճառն էր՚: Հիշեցնենք նաև այն մասին, որ առանց որևէ պայմանի Անկարայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, նրա ձայնն այնտեղ լսեցին` ազդանշանը գնահատելով, ինչպես համարում է Օզտարսուն, որպես պատրաստակամություն` ՙաշխատելու հայ-թուրքական հարաբերություններն առանձին, ղարաբաղյան հակամարտությունը` առանձին, բանաձևով՚ և ՙսկսեցին հաշվարկել հավասարման լուծման հնարավորությունները` մի քանի անկախ փոփոխություններով, այնպիսիք, ինչպիսիք են Անկարայի արտաքին քաղաքականությունը և Բաքվի արտաքին քաղաքականությունը, հավասարապես ինչպես և տարածաշրջանի ուրիշ երկրների քաղաքականությունը՚:

Այնուհետև ակնհայտորեն Էրդողանի հավանությամբ հետևեց Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմի հայտարարությունը. ՙԵթե Հայաստանը դադարի Թուրքիայի նկատմամբ որևէ հավակնություններ ներկայացնել և իսկապես անկեղծորեն ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացել, ապա Անկարան կարող է այդ առաջարկները քննարկել՚:

Պատահական չէ, որ եվրոպացի փորձագետներն սկսել են բարձրաձայն դատողություններ անել ՙթուրք-հայկական հարաբերություններում ՙերկրորդ գծի դիվանագիտության՚ գործոնի, երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ոչ ֆորմալ ջանքերի կիրառման հնարավորությունների՚ մասին` ՙԱնդրկովկասում կայունություն ու անվտանգություն ապահովելու, տարածաշրջանային ավելի խոր համագործակցության համար դուռ բացելու, առևտուրը և շատ ուրիշ բաներ խթանելու՚ համար: Ինչպես Regnum տեղեկատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՙdemosEuropa՚ վերլուծական կենտրոնի` Լեհաստանում եվրոպական ռազմավարության կենտրոնի փորձագետ, լեհ թուրքագետ Ադամ Բալցերը, Անկարայի համար Երևանի հետ խնդիրն Արևմուտքի, այլ ոչ թե Արևելքի հետ ունեցած հարաբերությունների խնդիր է: ՙԵթե Հայաստանի պարագայում օրակարգում երկու հարցեր են` Թուրքիայի հետ հարաբերությունները և Ղարաբաղը, ապա Թուրքիայի` քրդական հարցը, Կիպրոսը, ԵՄ-ի հետ հարաբերությունները, ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը և այդպես շարունակ,- ասել է Բալցերը: Եվ այնուհետև. ՙԽնդիրների այդ առատությունը սահմանափակում է թուրքական իշխանությունների մանևրի համար տարածությունը: Անկարան միանգամից մի քանի բաց ճակատ ունի և հարկավոր է զգուշանալ. չէ՞ որ մեկ սխալ որոշումը կարող է ամեն ինչ փչացնել՚:

Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ