Կոնստանտին ԶԱՏՈՒԼԻՆ. ՂԱՐԱԲԱՂԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՐԿԱՐ ԺԱՄԱՆԱԿՈՎ

ՌԴ Դաշնային Ժողովի Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Երևանում ՙԼազարյան ակումբի՚ առաջին նիստի ժամանակ պատասխանել է լրագրողների մի շարք հարցերի:

 Ի պատասխան ՀԱՊԿ¬ի շուրջ ստեղծված իրավիճակը գնահատելու խնդրանքին, նա նշել է.

ՙԵս ՀԱՊԿ աշխատակից չեմ և ուղղակիորեն չեմ առնչվում ՀԱՊԿ¬ում նշանակումների ու վերանշանակումների հետ կապված հարցերին։ Ինձ համար դժվար է կանխատեսել, թե ինչ որոշում կընդունվի: Էթիկայի նկատառումներից ելնելով, չէի ցանկանա հիմա կրակի վրա յուղ լցնել` դատելով այն մասին, թե ստեղծված իրավիճակում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ում է պետք նշանակել և ում ճիշտ չէ նշանակել։ Իսկ իրավիճակը ոչ ստանդարտ է, քանի որ այն նախատեսված չէ ՀԱՊԿ կանոնադրությամբ, նման հարց այնտեղ ամրագրված չէր, այդ իսկ պատճառով, փաստորեն, նախադեպի հետ կապված նոր կանոններ պետք է ստեղծվեն՚,¬ հավելել է նա։

Հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի և Ռուսաստանի ներկա հարաբերությունները, Կ. Զատուլինը պատասխանել է. ՙՀայաստանի և Ռուսաստանի ներկա հարաբերությունները դաշնակցային են, և ոչ ոք, որքանով տեղյակ եմ, այս պահի դրությամբ կասկածի տակ չի դնում այդ հարաբերությունները։ Դուք գիտեք, որ մեր երկրների ղեկավարները կանոնավոր կերպով հանդիպում ու տեսակետներ են փոխանակում։

Հասկանալի է, որ Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն իրենց սրբագրումները մտցրեցին ոչ միայն ներքին, այլև արտաքին օրակարգում։ Մենք մեր նիստն անց ենք կացնում ՙՊաշտպանություն և անվտանգություն՚ խորագրի ներքո։ Մեր պատկերացմամբ, դա է ամենակարևոր ոլորտը, որը կարելի է ընդգծել այս իրավիճակում` բնութագրելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները` ի թիվս Կովկասում պաշտպանության և անվտանգության տեսանկյունից փոխկապակցված տարբեր ոլորտներում ունեցած բազմաթիվ այլ շփումների։ Հենց դա էլ ցանկացանք ընդգծել։ Չէի ցանկանա առանձնացնել, թե ով է մեզ դուր գալիս և ով` ոչ։ Կցանկանայի նշել ամենակարևորը՝ ես հարգում եմ Հայաստանը՝ որպես դաշնակցի, որպես հավատակից երկրի, որի հետ պատմականորեն կապված ենք։ Հայաստանն ինձ համար շատ թանկ է, և ոչ միայն անձամբ ինձ, այլև իմ ողջ ընտանիքի համար։ Հայրս իր առաջին մարտական ՙԿարմիր դրոշ՚ շքանշանն ստացել է որպես Հադրութում սահմանապահ ջոկատի հրամանատար՚։

Մեկ այլ՝ Ռուսաստանի և Բելառուսի կողմից Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու հրատապ հարցի կապակցությամբ Զատուլինը հայտարարել է. ՙԵս Բելառուսի դատավորը չեմ, բայց այն ամենը, ինչ վերաբերում է նման բնույթի հարցերին, պետք է, ամենայն հավանականությամբ, քննարկվի այդ թվում և ՀԱՊԿ-ի շրջանակներում։  Ու եթե դա դաշնակցային պարտավորությունների սահմանները խախտում է, ապա այդ կապակցությամբ պետք է ինչ¬որ լուծումներ գտնվեն։ Որքանով հիշում եմ՝ մինչև հիմա զենքի վաճառքի արգելքի կամ դրա թույլտվության շուրջ որևէ պաշտոնական քննարկումներ չեն եղել։ Կցանկանայի նաև ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ երբ խոսքը Ռուսաստանի կողմից զենք վաճառելու մասին է, ապա Ադրբեջանին այն վաճառվում է, իսկ Հայաստանին՝ տրամադրվում։ Մինչդեռ անձամբ ես համարում եմ, որ մենք պետք է հաշվի առնենք Հայաստանի մտահոգությունը, մանավանդ 2016թ. ապրիլյան քառօրյա ընդհարման կապակցությամբ, որը, դժբախտաբար, բազմաթիվ զոհերի պատճառ դարձավ և հրադադարի ռեժիմի առաջին խոշոր խախտումն էր։ Մենք պետք է սա հաշվի առնենք...՚։

ՙԼազարյան ակումբի՚ հիմնադիր նիստը բացելով, Զատուլինը նշել էր, որ ՙհամախոհների հետ միասին՚ այս ձևաչափը դիտարկում է որպես ՙկարծիքների փոխանակման ազատ հարթակ՚։ Նախօրեին Ռուսաստանի և Հայաստանի հայտնի հասարակական գործիչները կոչով դիմել էին ռուսաստանյան և հայաստանյան հանրություններին։ Կոչում մասնավորապես նշվում է, որ ՙԼազարյան ակումբի՚ ստեղծումը, որն իր շարքերում միավորում է առավել հայտնի կովկասագետներին ու Մերձավոր Արևելքի (և ոչ միայն այս տարածաշրջանի) հարցերով մասնագետներին, պահանջված է հենց հիմա, երբ միջազգային հարաբերություններում աճում են անկայունության, անհանդուրժողականության և անկանխատեսելիության նախանշանները, սրվում և ուժգնանում են տարածաշրջանային բազմաթիվ հակամարտություններ։ Այս առումով կենսականորեն կարևոր են Ռուսաստանի և Հայաստանի՝ ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև ոչ պաշտոնական շփումների հաստատումն ու պահպանումը։ 

Անդրադառնալով կարգավիճակի դիմաց տարածքներ հանձնելու գաղափարին, ռուս քաղաքական գործիչը նշել է. ՙՍտեղծված պայմաններում ապագայում ինքնորոշման վերաբերյալ քննարկումներ անցկացնելու դիմաց տվյալ տարածքները վերադարձնելու մասին այսօր խոսելը հազիվ թե իրատեսական է: Չէ՞ որ հենց ադրբեջանական կողմն էր 2016 թվականին հրադադարի ռեժիմի խախտման մեղավորը, հենց Ադրբեջանն է անընդհատ սաստկացնում ագրեսիվ հռետորաբանությունը, դեռ չի եղել տարի, երբ նրանք չսպառնան տվյալ հարցը լուծել ուժային ճանապարհով՚,- ընդգծել է Զատուլինը:

Պատգամավորը նշել է, որ իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ Ադրբեջանն ուշադիր հետևում է Ղարաբաղ այցելող զբոսաշրջիկներին: Այս իրավիճակում որպես բարի կամքի դրսևորում կամ փաթեթային սկզբունքի հիման վրա տարածքների վերադարձի մասին համառորեն պնդելը չափազանց բարդ հարց է: Բաքուն բոլոր տարածքների վերադարձի հետ կապված նույն փակուղային քաղաքականությունն է վարում, ինչ Վրաստանը, Ուկրաինան, ինչպես նաև Մոլդովան: ՙԱյդկերպ Ադրբեջանն ինքն իր համար փակում է որպես ժողովրդավարական երկիր զարգանալու ճանապարհները, և երկրում տիրող ամեն կերպ անօրենություններն արդարացվում են հայրենասիրությամբ՚,- ընդգծել է պատգամավորը:

Զատուլինը նաև նշել է, որ Ռուսաստանը չի կարող աչք փակել ղարաբաղյան հիմնախնդրի վրա: ՙՄոսկվան պետք է ջանքերը կենտրոնացնի պատերազմ թույլ չտալու վրա՚: Պատգամավորը նշել է, որ Մոսկվայում երբեմն-երբեմն շոշափում են այն հարցը, թե Ռուսաստանը չպետք է միջամտի այս հակամարտությանը, որպեսզի չփչացնի հարաբերությունները ո՜չ Ադրբեջանի, ո՜չ Հայաստանի հետ: Սակայն, Զատուլինի խոսքով` դա ոչ արդյունավետ պրակտիկա է, և Ռուսաստանն ինքը պետք է խոսի այդ խնդրի մասին ու նպաստի դրա լուծմանը:

Panorama.am;  arminfo.info